Կենտրոնական ապարատի ատեստավորման գործընթացը շարունակվելու է հոկտեմբեր ամսից. այն կանգնեցվե՞լ էր

2023 թվականի ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ և տեսանյութեր էր տարածում, որտեղ գեներալները, կորպուսի հրամանատարները ատեստավորման գործընթացի շրջանակում հրապարակային քննություններ էին հանձնում ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից, մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից, որպեսզի հետո ապահովեն աշխատավարձի բարձրացում՝ կախված արդյունքից, կամ՝ չապահովեն:

ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի, ասում էր, որ ատեստավորման գործընթացը և գեներալներին ֆիզիկական, շարային և կրակային պատրաստությունից հրապարակային քննություններ հանձնել տալը «ցուցիչ է, որ զինված ուժերում բոլորը հավասար են խնդիրը կատարելու համար, այսինքն՝ հրամանատարն ու վերջին շարքում կանգնած զինվորը մարտի ժամանակ հավասար են, եղբայրներ են»:

Սա, մեղմ ասած, ճիշտ թեզ չէ, եթե չասենք՝ ինչ-որ տեղ՝ նաև վտանգավոր, որովհետև գեներալը չի կարող զինվորի հետ հավասար լինել, այդ թվում՝ մարտի ժամանակ, քանի որ պատասխանատվությունն է տարբեր: Գեներալը և հրամանատարը պետք է պատասխանատու լինեն՝ ապահովելու զինվորի անվտանգությունը ոչ մարտական պայմաններում և մարտական գործողությունների ժամանակ ճիշտ և տեղին հրամաններ փոխանցեն, և այլն:

Բնականաբար, խոսքն այն մասին չէ, որ գեներալիտետը և զինված ուժերի ղեկավարությունը պետք է դուրս չգան իրենց կոմֆորտ կաբինետներից, նման դեպքերի ականատես էլ ենք եղել:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ատեստավորմանը, ապա այստեղ ՊՆ և ԳՇ վարչությունների ղեկավարների դեպքում, օրինակ, առաջին հերթին կարևոր է մասնագիտական կարողությունը, ոչ թե շարային կամ ֆիզիկական կարողությունները:

Ի վերջո, ատեստավորման գործընթացի շրջանակում բավարար արդյունք ցույց տալը դեռ չի նշանակում, որ տվյալ զինվորականը լավ հրամանատար է, և կարող ենք վստահել նրան մարտական գործողությունների ժամանակ:

Ինչևէ, 2023 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ ատեստավորման գործընթացն ավելի հիմնավոր կդառնա 3 տարի հետո, երբ կարգի և չափորոշիչների մեջ փոփոխություններ կմտցնեն:

168.am-ն օգոստոսի 26-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու, թե զինված ուժերում ատեստացիայի գործընթացը, դրա չափորոշիչներն ի՞նչ փոփոխություններ են կրել այս ընթացքում, կամ՝ ի՞նչ փոփոխություններ են նախատեսված, արդյո՞ք Կենտրոնական ապարատը շարունակելու է ատեստավորվել, եթե ոչ՝ ապա ի՞նչ հիմնավորմամբ, և ովքե՞ր են այս պահի դրությամբ ենթակա ատեստավորման:

Պաշտպանության նախարարությունից մենք փորձել ենք պարզել ատեստավորման արդյունքներն այս պահի դրությամբ, արդյո՞ք պաշտոնից կամ ծառայությունից ազատվողներ եղել են՝ հիշեցնելով, որ այս տարվա փետրվարին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը գաղտնազերծել էր ատեստավորման հետ կապված գաղտնի գրությամբ ներկայացված տվյալները:

Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանից հետաքրքրվել էր՝ քանի՞ հոգի է մինչև հիմա մասնակցել կամավոր ատեստավորմանը և քանի՞սն է ստացել դրական, քանի՞սը՝ բացասական գնահատական, ինչին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել էր.

«Դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, ատեստավորմանը մասնակցել է 5783-ը, գերազանց է ստացել 91-ը, լավ՝ 583-ը, բավարար է ստացել 2152-ը, իսկ անբավարար՝ 2957-ը: Ընդհանուր առմամբ, ատեստավորվել է 2826 զինծառայող»:

Այսինքն, ատեստավորմանը մասնակցածների մոտ կեսը չէր անցել ատեստացիան, ինչը Կառավարությունը խնամքով թաքցրել էր, քանի որ

2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նման մանրամասնություններ չկային:

Սեպտեմբերի 5-ին ուղարկած իր պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մեր հարցադրումների առնչությամբ նշել է.

«Ի պատասխան Ձեր 2024 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված հարցմանը՝ հայտնում ենք հետևյալը.

1. Զինծառայողների ատեստավորման գործընթացի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության 2023 թվականի փետևվարի 9-ի N 162-Ն որոշմամբ սահմանված կարգում որոշման հաստատվելուց հետո մինչ օրս իրականացվել են մի շարք փոփոխություններ.

ա) ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած զինծառայողները հնարավորություն ունեն դիմելու կրկնակի ատեստավորում անցնելու համար,

բ) եթե զինծառայողը հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չի բերել միայն մեկ առարկայից «անբավարար» գնահատական ստանալու պատճառով՝ հնարավորություն է ընձեռվել վերահանձնելու տվյալ առարկան,

գ) արդեն իսկ հնարավորություն է ընձեռվել ատեստավորման մասնակցելու նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողներին:

2. Կենտրոնական ապարատի զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվելու է 2024 թվականի հոկտեմբեր ամսից, սույն գրության ուղարկման օրվա դրությամբ ՀՀ զինված ուժերի բոլոր զինծառայողները ենթակա են ատեստավորման:

3. Ատեստավորման գործընթացի արդյունքում ծառայությունից կամ պաշտոնից պայմանագրային զինծառայողների ազատվելու դեպքեր չեն եղել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ատեստավորումն արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները, ինչը վկայում է զինծառայողների ֆիզիկական, կրակային, շարային պատրաստության և մասնագիտական գիտելիքների իմացության ուղղությամբ ամփոփված՝ 2023 թվականի համեմատությամբ, գնահատականների ու արդյունքների բարելավումը»:

ՀՀ պաշտպանական գերատեսչության պատասխանից կարելի է ենթադրել, որ Կենտրոնական ապարատի ատեստավորումն ինչ-որ պահի կանգնեցվել է, բայց հոկտեմբերից պետք է շարունակվի:

Իսկ թե ինչո՞ւ է կանգնեցվել, չի ասվում, թեպետ հարցման մեջ այդ հարցը նույնպես ներառել էինք:

Իսկ ատեստավորման կարգ ու չափորոշիչ ասվածը, ըստ էության, միայն կտրվողներին հնարավորություն տալը չպետք է լինի, եթե խնդիրը միայն բարձր աշխատավարձով գրավելու խնդիրը չէ, այլ իրական արդի մարտահրավերներին զինվոր, սպա, հրամանատար ունենալը, իսկ սա բոլորովին այլ հմտություններ է պահանջում:

 

Տեսանյութեր

Լրահոս