Բաժիններ՝

Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն որոշել են համաձայնագիր ստորագրել ԱԲ-ի ստանդարտների վերաբերյալ. FT

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են առաջին միջազգային համաձայնագիրը ստորագրել արհեստական բանականության (ԱԲ) կիրառման վերաբերյալ, որը պարտադիր իրավաբանական ուժ կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Financial Times-ը (FT)։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը Եվրոպայի խորհրդի փաստաթղթի մասին է, որը «երկու տարվա ընթացքում մշակվել է ավելի քան 50 երկրի, այդ թվում՝ Կանադայի, Իսրայելի, Ճապոնիայի և Ավստրալիայի ներկայացուցիչների կողմից»։

Համաձայնագիրն ստորագրած բոլոր կողմերը «պատասխանատվություն են կրելու ԱԲ-ի համակարգերում ցանկացած վնասաբեր կամ խտրական բովանդակության նյութերի համար»: Դրան համապատասխան՝ արգելվում է այնպիսի նյութերի տեղադրումը, որոնք խախտում են հավասարությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը»։Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի գիտության, նորարարությունների և տեխնոլոգիաների նախարար Փիթեր Քայլը, «նորարարությունները զարգանում են նույնքան արագ, որքան արհեստական ​​բանականությունը, և շատ կարևոր է, որ մենք նմանատիպ առաջին քայլը կատարենք ամբողջ աշխարհում»: 

«Սա առաջին (համաձայնագիրն) է աշխարհում, որն իրական միջոցներ է նախատեսում (այս ոլորտում) և միավորում շատ տարբեր երկրներ», – ասել է Քայլը:

Ըստ հրապարակման՝ պայմանագրի նախագիծը պատրաստվել է կառավարությունների կողմից բազմաթիվ նոր կանոնների, պարտավորությունների և համաձայնագրերի մշակման ֆոնին` «արհեստական ​​բանականության արագ զարգացող ծրագրային ապահովումը վերահսկելու համար»:

Դրանք ներառում են Արհեստական բանականության մասին եվրոպական օրենքը (2024 թ.) և Մեծ յոթնյակի համաձայնագիրը, որը համաձայնեցվել է 2023 թ. հոկտեմբերին:

Եվրոպական արժեքների և տեղեկատվական թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան հայտարարել է, որ «միջազգային բազմաթիվ գործընկերներ պատրաստ են ստորագրել համաձայնագիրը»։ ԵՀ փոխնախագահը հավելել է, որ նոր փաստաթուղթը «կարևոր քայլեր է նախատեսում արհեստական ​բանականության հավելվածների նախագծման, մշակման և օգտագործման համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս