Արցախն անկախացավ, որովհետև մեր ժողովուրդը միասնական էր. այսօր ժողովրդին թև ու թիկունք իշխանություն չունենք. Մեխակ Մխիթարյան

Այսօր Արցախի Հանրապետության անկախության 33-ամյակն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ Արցախը գտնվում էր ռազմական գործողությունների մեջ, նա հռչակեց իր անկախությունը։

33 տարվա հեռվից վերհիշելով Արցախի անկախության հռչակումը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանն ասում է՝ ծանր ժամանակներ էին, բայց ի տարբերություն այսօրվա՝ այն ժամանակ հայ ազգն ուներ նպատակներ ու գաղափարախոսություն, այդ պատճառով էլ Արցախի անկախությունն իրականություն դարձավ։
«1990-ականներին, երբ լուծվում էր Արցախի անկախության խնդիրը, հայ ազգի հոգեբանությունը այլ էր, կար ազգային գաղափարախոսություն՝ Արցախի հարցի լուծումը, որը միավորել էր ամբողջ ժողովրդին։ Արցախի անկախությունը հռչակվեց, որովհետև մեր ժողովուրդը միասնական էր, չուներ այլ նպատակ, քան Արցախի խնդրի կարգավորումն էր, Արցախի անկախության հասնելը։

Փառք Աստծո, այն ժամանակ դա մեզ հաջողվեց, բայց, ցավոք, այսօր կորցրել ենք այդ գաղափարախոսությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեխակ Մխիթարյանը։

Ըստ նրա՝ այսօր հայ ազգը չի կարողանում իր համար ձևակերպել, թե ինչ ազգային գաղափարախոսություն ունի, այն գոյություն չունի, մասնավորապես, Արցախը հանձնելուց հետո դժվարանում է ասել, արդյո՞ք կա այլ գաղափար, որը կարող է միավորել ազգին, քան Արցախն է։

Կարդացեք նաև

«Արցախի ողբերգական հանձնումից հետո, ի վերջո, պետք է կարողանանք մեր մեջքն ուղղել, հառնել, իսկ դրա համար միայն ու միայն միասնականություն է պետք։ Պետք է ազգին մոբիլիզացնելու ու համախմբելու նոր գաղափարներ մտածեն, այս պահին դա մեզ շատ դժվարությամբ է տրվում՝ ՀՀ օրվա իշխանությունների կառավարման ղեկին գտնվելու պարագայում»,- հավելեց ԳԽ նախկին պատգամավորը։

Մեխակ Մխիթարյանը մատնանշեց Բագրատ սրբազանի առաջնորդած սրբազան շարժումը՝ շեշտելով, որ շարժման հետ որոշակի հույսեր է կապում, որը կարծես թե ունի միավորող հատկություն։

«Կրկնում եմ՝ պետք է քայլ առ քայլ աշխատենք, որպեզի հայ ժողովրդի մեջ արթնացնենք ազգային գաղափարախոսությունը։ Իհարկե, սա տարիներ կարող է տևել, որովհետև արագ որևէ հաջողության հասնելու ճանապարհ չեմ տեսնում, քանի որ Հայաստանի իշխանությունն այնպես է արել, որ մենք շատ մեծ դժվարությամբ ենք կարողանալու մեր տարիների գրանցած հաջողությունները նորից կրկնել։ Շատ դժվար է լինելու վերականգնել մեր հաղթանակները, բայց դա չի նշանակում, որ չպետք է աշխատենք. մեծ աշխատանքներ է պետք տանել։ Մի քիչ հոռետեսական է կարծիքս, բայց մեր հույսը երբեք չպետք է կորցնենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ Արցախն ազատագրվել ու անկախացել է նաև հայ ժողովրդի ցուցաբերած մեծ կամքի շնորհիվ, որն այսօր կրկին չի տեսնում։

«Ունեինք իշխանություն, ռազմական գործիչներ, դիվանագետներ, որոնք ժողովրդին թև ու թիկունք էին, իսկ այսօր ժողովրդին թև ու թիկունք իշխանություն չունենք։ Զրկանքներ կրեցինք, կորուստներ ունեցանք, բայց հաղթանակ գրանցեցինք, մարդիկ պատրաստ էին առանց լույս ապրել, ցուրտ ու մութ տարիներ անցկացնել, միայն թե հասնեն ընդհանուր ազգային նպատակի՝ Արցախի ազատագրմանը։ Այսօր պատրա՞ստ է զրկանքի՝ կասկածում եմ։ Պարզապես պետք է հիշել, որ ապագա ունենալու համար պետք է կրկին համախմբվեն Արցախի ազատագրման գաղափարի շուրջ»,- եզրափակեց Մեխակ Մխիթարյանը։

Տեսանյութեր

Լրահոս