Չի՛ կարելի. Փաշինյանն իր ընտանեկան կայքի լրագրողին Ռուսաստանի հետ խոսելու դաս է տալիս

«Չի կարելի այդ բառապաշարով խոսել որևէ երկրի մասին»,- այսօր իր տված ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է համաձայն այն դիտարկումների հետ, թե որքան Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այնքան Ռուսաստանը ջղաձգվում է, և որքանո՞վ է ՀՀ-ն պատրաստ ՌԴ-ից տնտեսական սահմանափակումների։

Փաշինյանն ասաց, որ ճիշտ չի համարում ՀՀ գործընկեր երկրի մասին այդ բառապաշարով խոսել, որովհետև ինքը պարզ, թափանցիկ խոսում է ՌԴ-ի հետ ՀՀ հաղորդակցության մասին։
«Ես շփվում եմ ՌԴ նախագահի հետ, ես շփվում եմ ՌԴ կառավարության ղեկավարի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այդ բառապաշարը, որովհետև դա ճիշտ բառապաշար չէ, դա պետական բառապաշար չէ, դա ինքնիշխան պետության բառապաշար չէ։ Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին։ Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, դա արդեն ի բնե սխալ է։ Եթե մենք այդ սխալները գործել ենք, պետք է դրանք ուղղենք ոչ թե ուրիշների, այլ մեզ համար։ Պետությունն այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին այլ հարթություն է»,- նշեց բանախոսը։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, որը վերաբերում է ՌԴ-ից տնտեսական սանկացիաների հավանականությանը, Փաշինյանն ասաց, որ չի ցանկանում դիտարկել այդպիսի հարցեր։

«Իսկ ինչո՞ւ պետք է սանկցիաներ կիրառի Ռուսաստանը։ Ասենք՝ իր ո՞ր շահի համար և մեր ո՞ր որոշման համար, որովհետև մեր որոշումը հիմնված է միմյանց անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը հարգելու վրա»,- նկատեց Փաշինյանը։

Կարդացեք նաև

Նա նաև տեղեկացրեց, որ ԵԱՏՄ հարթակում էլ բազմաթիվ հարցեր են բարձրացնում։ «ԵԱՏՄ հարթակում էլ շատ սուր քննարկումներ են տեղի ունենում սուր հարցերի մասին։ Այնպես չէ, որ այդ սուր հարցերի ամենաակտիվ մասնակիցը ՀՀ-ն է։ ՀՀ-ն ամենապասիվ մասնակիցն է այդ սուր քննարկումների ու հարցադրումների»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք նույնիսկ չեն հասցնում ՀՀ-ին հուզող հարցերը բարձրաձայնել։

Տեսանյութեր

Լրահոս