Ջրի, հոսանքի խնդրի հարցը կարող է Հայաստանի տնտեսական զարգացումը խոչընդոտել. Փաշինյան

«Բոլոր դեպքերը՝ կապված էլեկտրաէներգիայի մատակարարման, ջրային համակարգի, ջրի և կոյուղու կառավարման լուրջ խնդիրներ են, որոնք մեզ լրջորեն մտահոգում են»,- այս մասին իր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Կառավարությունը մտածում է «Գազպրոմ Արմենիայի», ՀԷՑ-ի և «Վեոլիա ջուր» ընկերության մենաշնորհը վերացնելու և օպերատորների քանակն ավելացնելու մասին, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ կապի ոլորտում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չնայած խնդիրներին, այստեղ իրենց մոտեցումը գիլիոտինային չէ, որ ասենք՝ եկեք բոլորի հետ խզենք ու վերացնենք հարաբերությունները, փոխարենը՝ գործընկերային տրամաբանությամբ պետք է գնան հարցերի լուծման։

«Այսպես եմ ասում ոչ թե նրա համար, որ նշված խնդիրներն այդքան խորը չեն, այլ նշված ճանապարհով գնալու դեպքում խնդիրը կարող է ավելի խորանալ։ Պիտի ասեմ, որ մեր օրակարգում այդ հարցը կա և այո՛, լուրջ պրոբլեմ կա։

Հանրապետության տարբեր մարզեր երբ այցելում եմ, գյուղերում համատարած բողոքում են էլեկտրաէներգիայի որակի մասին՝ ասելով, որ ընդհուպ գյուղտեխնիկան է վառվում, վթարվում է։ Ամենայն խստությամբ այդ հարցը ես դրել եմ մեր առաջ՝ Կառավարության առաջ, և մենք ամենատարբեր ֆորմատներով լրջագույն քննարկում ենք ունենալու։

Կարդացեք նաև

Բայց կրկնում եմ՝ մեր խնդիրը չէ՝ գնալ ու գտնել մեղավորներ, չնայած այնտեղ, որտեղ ի հայտ կգան մեղավորներ, դա կունենա իր հետևանքը։ Մեր նկատառումն է՝ լրջագույն բարեփոխումների և ներդրումների ճանապարհով այդ խնդիրը լուծել։

Նույնը՝ ջրի ոլորտում, մարզային այցերի ընթացքում արձանագրած արդյունքներով արդեն իսկ տվել եմ ջրային կառավարման, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման հարցում մեզ պետք է ջանքերը կրկնապատկել ու եռապատկել։

Ես իմ տպավորությունն ասեմ՝ այդ նշված խնդիրները եթե պատշաճ արագությամբ չլուծենք, դրանք ՀՀ տնտեսական հետագա զարգացումը խոչընդոտելու են»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս