«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ձեռք է բերել նոր նշանակություն. Հայաստանը բանալին պետք է ամուր պահի. Ռուբեն Սաֆրաստյան
Դեռևս օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովը բացահայտել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։
Ադրբեջանական կողմից այս հայտարարությունից հետո միայն եղավ հայկական կողմի արձագանքը՝ արտգործնախարարության մակարդակով։
ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակն ասել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է՝ խաղաղության պայմանագրից ճանապարհների ապաշրջափակման հարցի դուրսբերման հեղինակը Թուրքիան է, քանի որ այս պահին պատրաստ չէ Թուրքիայի երկաթգծի այն ճանապարհը, որը Կարսը, այսինքն՝ Թուրքիայի երկաթգծերի համակարգը կկապի Նախիջևանի հետ։
«Պետք է 220-240 կմ ճանապարհ սարքեն՝ բավականին բարդ տեղանքում, թունելներ, կամուրջներ կան։ Կարծում եմ՝ Թուրքիայում նոր-նոր գումար են գտել դրա համար, որովհետև 15-20 տարի դրա մասին խոսում էին, բայց մինչև հիմա չկար։ Կարծես թե ֆինանսավորողն Ադրբեջանն է, նախորդ տարի որոշում եղավ, աշնանն Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրեցին, ինչից հետո հայտարարվեց մրցույթ, հաղթողը կա։ Լուրեր են շրջանառվում, որ այդ ճանապարհի կառուցման աշխատանքները սկսել են, Թուրքիայի տրանսպորտի նախարարն էլ հայտարարեց, որ աշխատանքները կավարտվեն 2028 թվականին։ Այսինքն՝ մինչև Թուրքիայի այդ ճանապարհը պատրաստ չլինի, Թուրքիայի համար իմաստ չունի բացել «Զանգեզուրի միջանցքը», շահագրգռված չէ, որ այս պահին «միջանցք» լինի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Նախիջևանի հետ նա կապ ունի Իրանի տարածքով՝ ցամաքային և օդային»,-168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքագետի խոսքով՝ վերջին ամիսներին պարզ դարձավ, որ Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցքը» ձեռք է բերել նոր նշանակություն։ Բացի այն, որ դա պանթուրքիստական ծրագիր է ևԱդրբեջանի հետ ուղիղ կապի միջոց՝ հնարավոր պատերազմի դեպքում արագ կկարողանա զենք-զինամթերք հասցնել՝ առանց Հայաստանի վերահսկողության, նաև նախընտրում է, այդ թվում՝ նաև Միացյալ Նահանգները, որ Չինաստանի ու Եվրոպայի ցամաքային կապը լինի հենց Հարավային Կովկասի վրայով։
«Կա երեք հնարավորություն՝ Ռուսաստանով, Իրանով և Հարավային Կովկասով։ Միացյալ Նահանգների համար սա ձեռնտու է, որպեսզի կարողանա որոշ չափով վերահսկողություն ունենալ, քանի որ, եթե Ռուսաստանի ու Իրանի վրայով լինի, որևէ վերահսկողություն չի ունենա։ Բնականաբար, Թուրքիան շահագրգռված է, որ իր տարածքով անցնի՝ Հարավային Կովկաս, Թուրքիա ու հետո՝ Եվրոպա։ Ինչո՞ւ է շահագրգռված, որովհետև մոտակա տասնամյակում Չինաստանի ու Եվրոպայի առևտուրը շատ մեծ է լինելու։ Հիմա արդեն տարեկան հաշվարկով մոտավորապես 800 միլիարդի առևտուր է տեղի ունենում ընդհանուր Եվրոպայի ու Չինաստանի միջև։ Աստիճանաբար այս թիվը գնալով մեծանալու է, այնպես որ, դա դառնալու է համաշխարհային՝ գլոբալ պրոյեկտ՝ Հարավային Կովկասի վրայով, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքի» օգտագործմամբ՝ դեպի Եվրոպա։Հայաստանը կկարողանա օգուտներ քաղել, եթե կարողանա իր ձեռքում պահել այն տարածքը, որի վրայով դա անցնելու է, այսինքն՝ դա պետք է լինի ՀՀ սուվերեն տարածք։ Սա հնարավորություն է, որ Հայաստանն իր ձեռքում ունենա մի բանալի, որով կարող է բացել կամ փակել այն դարպասը, որը նշածս երկրների համար ունի կարևոր նշանակություն։ Այդ բանալին որևէ մեկի ձեռքում չպետք է դնի՝ ամուր պահի իր ձեռքում»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա դիտարկմամբ՝այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Թուրքիայի համար ավելի է կարևորվում, դրա համար դրան նախապատրաստվում է և բացումը թողնում ապագայում։ Այս պահին Թուրքիան շահագրգռված չէ այդ թեմայով բանակցությունների ընթանալուն, քանի որ հասկանում է, որ այս պահին, մեկ է, եկամուտ չի ունենա։
«Եթե աշխարհաքաղաքական տեսակետից ընդհանրացնենք, ապա հիմա տեղի է ունենում մի պրոցես, որը կբնութագրեմ՝ որպես «Հարավային Կովկասի բացում դեպի աշխարհ», քանի որ մինչ այժմ այս տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցության տակ էր, նա էր որոշումներ ընդունողն այստեղ։ Այժմ Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանի դերը թուլացել է, ուստի Հարավային Կովկասը սկսում են համաշխարհային գործընթացներում ներգրավել։ Թե այս ամենն ի՞նչ ընթացք կարող է ունենալ՝ դժվար է այս պահին կանխատեսել, որովհետև Ռուսաստանն էլ իր մեծ նախագիծն ունի՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան երկաթգծի միջոցով դուրս գալ դեպի Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Սա Ռուսաստանի համար շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Ըստ հայտարարության, այդ նախագիծը ևս ավարտվելու է 2028 թվականին»,-եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։