Ահազանգ. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչները լրացնում են գործազուրկների շարքերը. ի՞նչ է մտածում ԿԳՄՍՆ-ն
2018թ., երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը եկան իշխանության, համընդհանուր էյֆորիայի մեջ չէր լսվում այն մարդկանց ձայնը, ովքեր ասում էին, որ նրանք եկել են Արցախը հանձնելու, ազգային իղձերից, արժեքներից ու նպատակներից հրաժարվելու, գլոբալիզացիայի ամենակուլ հոսանքին հանձնելով՝ պետությունը կործանելու համար: Այդ մարդիկ այդ ժամանակ քարկոծվում ու հրապարակային պարսավանքի էին ենթարկվում այնպես, որ ամենադաժան երազում անգամ պատկերացնել հնարավոր չէր: Էլ չենք խոսում կենդանի մարդկանց բնակարանների մոտ դրված դագաղների, կենդանի մարդկանց թաղման արարողությունների մասին, որ կազմակերպում էին Նիկոլի Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն ու անդամները միայն այն պատճառով, որ տվյալ անձն ընդդիմախոս է:
Իշխանության գալուց մեկ տարի անց արդեն նոր իշխանությունը բացեիբաց սկսեց խոսել հանրակրթական դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին՝ բերելով հազար ու մի պատճառաբանություն: Այդ ժամանակ արդեն պարզ դարձավ, որ ուղիղ մեկ տարի առաջ ծավալված հակաեկեղեցական «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» շարժումը ոչ թե մի խումբ ֆանատիկների կազմակերպած շարժում էր, այլ լավ մտածված, գծագրված արշավ Հայ Առաքելական եկեղեցու, նրա առաջնորդի ու մեր ազգային կերպի, մեր լինելիության հզորագույն հենքի դեմ:
Կրթական նոր չափորոշիչներով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դադարեց գոյություն ունենալ որպես առանձին առարկա. այն այժմ սոսկ Հայոց պատմության մի մաս կլինի և կդասավանդվի կամ չի դասավանդվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում՝ դրանից բխող բոլոր ծանրագույն, այդ թվում՝ նաև սոցիալական հետևանքներով:
Գաղտնիք չէ, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդում էին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտները:
Հետագայում պարզվեց, որ համալսարանական կրթությամբ անգամ առարկայի երկար տարիների դասավանդման փորձ ունեցող ուսուցիչներն այս իշխանությունների օրոք չեն կարող դասավանդել առարկան, եթե չունեն մանկավարժի համապատասխան հավաստագիր, որը ստանում էին մանկավարժական համալսարանում չորսամսյա դասընթացի և որպես վարձավճար՝ մի կլորիկ գումար վճարելու արդյունքում:
Տարիներ ի վեր առարկայի մասնագետներն անհրաժեշտության դեպքում դասավանդել են նաև հարակից այլ առարկաներ, այդ թվում՝ «Հասարակագիտություն» առարկան, սակայն հիմա, չգիտես ինչու, նրանք դա չեն կարող անել, և այդ առարկան պետք է դասավանդեն պատմության ուսուցիչները:
Արդյունքում՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի հարյուրավոր շրջանավարտներ, ովքեր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան են դասավանդել, կանգնում են անլուծելի սոցիալական ու հոգեբանական խնդրի առջև. առարկայի դասաժամեր չկան, պատմություն ու հասարակագիտություն դասավանդել չի թույլատրվում (դրա համար ևս մեկ բարձրագույն կրթություն պետք է ստանան նոր առարկա դասավանդելու համար, իսկ դա ենթադրում է ժամանակի ու ֆինանսների լրացուցիչ կորուստ, հատկապես, երբ ճնշող մասն ընտանիք ու մեծ մասամբ անչափահաս երեխաներ ունեցող մասնագետներ են), ու մարդիկ մնում են անգործ մնալու փաստի առաջ:
Այս տարի առարկան փաստացի դասավանդվում է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, մյուս տարի այդ դասարաններում էլ չի դասավանդվելու, և առհասարակ, որպես այդպիսին՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի լինելու:
Սա դպրոցի տնօրենների խնդիրը չէ, ովքեր իրենք էլ ամեն տարի օգոստոսին վատ զգալով ստիպված են լինում իրենց հերթական ուսուցչին ասել, որ դասաժամ չկա: Եվ այս իրավիճակում, երբ առանց այդ էլ դպրոցներում ուսուցիչների ահռելի պակաս կա, ու այնպես չէ, որ պատմության ֆակուլտետների շրջանավարտները գլխապատառ նետվում են դպրոց՝ ուսուցիչ աշխատելու մոլուցքով տարված, դպրոցներն աստիճանաբար զրկվում են փորձառու կադրերից, իսկ նորերը չկան:
Մյուս կողմից՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը շարունակում է ընդունելություն կազմակերպել, երբ ակնհայտ է՝ եթե մասնագետը դպրոց չի գնում, նրա համար գործունեության շատ նեղ ոլորտ կա:
168.am-ին նույնպես «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մասնագետները դիմել են՝ հարցը բարձրացնելու, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից որևէ լուծում ստանալու ակնկալիքով:
«Միգուցե կրկին առարկայի մասնագետներին կրեդիտավորեն ու թույլ տան գոնե «Հասարակագիտություն» առարկան դասավանդել, կամ մեկ այլ լուծում մտածեն, որ մենք չմնանք առանց աշխատանքի: Մարդ կա, 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի, երկար տարիներ հաջողությամբ դասավանդել է նաև հարակից առարկաներ, հիմա ասում են՝ չես կարող, նոր բարձրագույն կրթություն պետք է ստանաս: Բայց հնարավոր չէ ո՛չ այդքան ֆինանսական միջոցներ ներդնել, ո՛չ երեխաներիդ թողնել բարձիթողի: ԿԳՄՍՆ-ն պետք է մի տարբերակ գտնի՝ հարցն այլ եղանակով լուծելու համար»,- ասացին մեզ հետ կապ հաստատած ուսուցիչները:
Մենք գրավոր հարցմամբ կդիմենք նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու համար՝ ինչ է լինելու «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների հետագա ճակատագիրը: Ու երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեմքի խրոխտ արտահայտությամբ ու խիստ բավարարված հայտարարում էր, որ բանակցությունները Հայ Առաքելական եկեղեցու հետ արդյունք չեն տվել, և առարկան, միևնույն է, կհանվի, թող նաև լուծի գործազուրկների շարքը համալրող հարյուրավոր ուսուցիչների հարցը: