Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին կարելի է, «3 մլն վարչապետներին»՝ ոչ
Դեռևս 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության ղեկին էր, հանրությանն ասում էր. «Ժող ջան, այս երկրում կա 3 մլն վարչապետ, դուք եք այս երկրի իշխանությունը, և դա առավելություն է»։ Դե, հանրությունն էլ նրան ծափահարում էր ու հավատում, որ Հայաստանում իշխանություն էլ է ինքը, երկրի տերն էլ։ Սակայն ժամանակի ընթացքում նույն հանրությունն իր սեփական մաշկի վրա զգաց, որ Հայաստանում չունի իշխանություն՝ միակ իշխանություն ունեցողը Նիկոլ Փաշինյանն է։ Այս ամենն օրեցօր ապացուցում է նույն Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով՝ օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երևանի Զեյթուն թաղամաս, բնակիչներից մեկը՝ 71-ամյա Ալբերտ Առուստամյանը, մի խնձոր է նետել նրա ուղղությամբ, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա հետ եղած անձանցից մեկը չի տուժել, դեռևս հարց է՝ խնձորը նրանց հասե՞լ է, թե՞ բարձրահարկ շենքից ընկնելիս ուղղակի փշրվել է։
Խնձորը նրա ուղղությամբ նետելով՝ 71-ամյա մարդը փորձել է իր բողոքն արտահայտել Նիկոլ Փաշինյանի դեմ, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն է քաղաքացիներին ասել, որ նրանք են երկրի տերը։ Բայց, ցավոք, մի քանի ժամ հետո ոստիկանությունը ձերբակալել է խնձոր նետած քաղաքացուն ու տեղափոխել ձերբակալվածների պահման վայր, խուզարկել նրա բնակարանը։
Նիկոլ Փաշինյանի դեպքում իրավապահներն անմիջապես անցել են գործի, սակայն նույն օպերատիվությամբ չեն գործում, երբ խախտվում են սովորական քաղաքացու իրավունքները։
Նախորդ տարի, գարնանը քաղաքացիներից մեկը՝ սփյուռքահայ հայրենադարձ գործարար Կարեն Մկրտչյանը, Կասկադում, երբ տեսել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան տվել էր «դավաճան» բնորոշումը՝ հաշվի առնելով ՀՀ ներկայիս իշխանության վարվող քաղաքականությունը և Արցախի վերաբերյալ նրանց դիրքորոշումը։ Ալեն Սիմոնյանը եղել էր անվտանգության աշխատակիցների հետ, որոնք բռնել են քաղաքացուն, իսկ Ալեն Սիմոնյանը Ռոբին Հուդի դեմքի արտահայտությամբ թքել էր նրա երեսին։
168.am-ի հետ զրույցում Կարեն Մկրտչյանն ասաց, որ իր հետ կապված միջադեպի մասով որոշել էր այլևս չխոսել, հատկապես այն դեպքում, երբ Ալեն Սիմոնյանը որևէ պատասխանատվության չենթարկվեց։ Սակայն 71-ամյա քաղաքացու հետ կատարված միջադեպի համատեքստում իր կարծիքը կասի։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում պաշտոնյան կարող է ամեն ինչ իրեն թույլ տալ ու մնալ անպատիժ, իսկ քաղաքացին կարող է պատասխանատվության ենթարկվել իր բողոքն ու կարծիքն արտահայտելու համար։ Այս իշխանությունների բոլոր հայտարարությունները ժողովրդավարության և իրավական պետության վերաբերյալ կեղծ են։ Կեղծիք է, թե այս երկրում բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, այլ խոսքով՝ սրանք կեղծիքի վրա հիմնված իշխանություններ են»,- մեզ հետ զրույցում նշեց Կարեն Մկրտչյանը։
Ըստ նրա, տեղյակ չէ, թե ինչ հոդվածով են ձերբակալել ու մեղադրանք առաջադրել 71-ամյա քաղաքացուն, սակայն մեկ բան հստակ գիտի՝ այդ քաղաքացին հայ ազգի արժանապատվության հավաքական կերպարներից մեկն է։
«Որևէ նորմալ երկրում նախ չէր կարող պաշտոնյան թքել քաղաքացու վրա, բացի այդ, նման դեպքում նա հրաժարական պետք է տար, որովհետև երկրի ու պետության վարկանիշին մեծ վնաս հասցնող արարք է թույլ տվել։ Բայց հաշվի առնելով Հայաստանի այս իշխանությունների պահվածքը, նման բան սպասելն անիմաստ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց՝ իրականության մեջ անիմաստ է նաև իշխանությունների որևէ արարքի մեջ տրամաբանություն փնտրելը։
«Նույնիսկ, եթե իշխանության որևէ ներկայացուցչի տեսնեմ փողոցում ու ասեմ՝ դավաճան, կանգնեն, ցանկանան ինձ հետ խոսել, ես չեմ նստելու ու խոսեմ՝ արժանի չեն։ Այս մարդկանց արդեն որևէ ձևով չպետք է կարևորություն տրվի։ Դժբախտությունն այն է, որ մեր ժողովուրդը դեռ բավականին ինքնավստահություն չի հավաքել, որպեսզի ներկայիս իշխանություններին մերժի։ Նորմալ երկրում այս իշխանությունը վաղուց հեռացած կլիներ»,- եզրափակեց Կարեն Մկրտչյանը։
Ի դեպ, այս միջադեպից հետո Ալեն Սիմոնյանի նկատմամբ որևէ գործընթաց չսկսվեց, նրան շրջապատող իրավապաշտպաններն ու թիմակիցները նրա քայլը չդատապարտեցին։ Միայն մի քանի օր անց Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ոչ թե կոնկրետ Կարեն Մկրտչյանից, այլ ընդհանրացած ասել էր, որ ներողություն է խնդրում քաղաքացիներից։