Այսօր Սանանն ու ես հրաժարվում ենք Հովնան Սրբազանի օրհնությունից, որովհետև մենք գործ չունենք հոգու վաճառականների հետ․․․ ․ Կարեն Մկրտչյան

Նոյեմբերի 27-ին Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումը և որպեսզի այս հայտարարությունն ամրապնդվի, նրան նույնը օրը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի ուշ եղավ մեկ այլ համանման հայտարարություն, որտեղ 10 եպիսկոպոսները նշել էին.«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու»։

Այս պահանջի տակ ստորագրած բարձրաստիճան հոգևորականներն էին՝Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը,
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը,Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյան։
Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում այս ստորագրությունները միանշանակ չընկալվեցին, մեծապես քննադատվեցին, իսկ արցախահայերը նույնիսկ իրենց թեմակալ առաջնորդ Վրթանես Սրբազանից պահանջեցին ներողություն խնդրել սեփական հոտից։

Կարդացեք նաև

Մինչ օրս տարբեր հանրային, քաղաքական գործիչներ, պարզ քաղաքացիներ դատապարտում են այս հոգևորականների արարքը։

Հայրենադարձ գործարար Կարեն Մկրտչյանը, որը Կանադայից է եկել ու տարիներ շարունակ արդեն ապրում ու գործում է մայր հայրենիքում, չափազանց մտահոգիչ է համարում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։

Կարեն Մկրտչյանը Ֆեյսբուքյան՝ «Հաղարծինից մինչև Փաշազադե» հրապարակմամբ մեկ հոգևորականի հանդեպ վերաբերմունքի օրինակով շեշտել է իր բոլոր մտահոգությունները։
«Հուլիսի 20, 2001 թ․ Արևոտ օր մըն էր, և այդ օրը Սանանն ու ես պսակադրուեցանք Հաղարծինի Սուրբ Աստուածածին եկեղեցում։ Երկուսս էլ երիտասարդ էինք, նիհար ու միամիտ։ Գանատայից էինք եկել Հայաստան, որպեսզի պսակադրուենք հայրենիքում։
Մայիսի 5, 2024 թ․Գարնանային հով երեկո մըն էր, և այդ օրը Սանանն ու ես, արդեն հայրենադարձ ու 4 զավակների տեր, ուրիշ շատերի նման, Սուրբ Աստուածածին եկեղեցում միացել էինք Բագրատ Սրբազանի հավաքին։ Հույսով լեցուն օրեր, հայ ժողովրդի արժանապատվության վերականգնումի օրեր։

Որքան հպարտ էինք, որ Հայ Առաքելական Եկեղեցին, հայության հազարամյակների քրիստոնեական հավատքի հիմք հանդիսացող այդ կուռ ու հզոր կառույցը, սկսում էր ծառանալ հայ ժողովրդի ինքնությունն ու հիշողությունը ջնջել ուզող, Հայաստանի ու հայության թշնամի ուժերու դավադիր ծրագրերի դեմ։

Եվ ուրեմն որքան մեծ էր մեր ցավը, երբ, նոյեմբերի 28-ին, բոլոր հայերի նման, իմացանք որ եպիսկոպոսների մի խմբակ հայտարարություն է տարածել ու պահանջում է Վեհափառ Հայրապետի հրաժարականը։ Արդարև, նրանք միացել էին Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Գումմետ օղլի Փաշազադեի կողմից ազդարարված ու Փաշինյանի կողմից իրագործվող, Հայ Առաքելական Եկեղեցու, մեր ինքնության այդ կարևորագույն հենասյունի վրա ուղիղ հարձակման։

Հայտարարության ստորագրությունների շարքին էր նաև Գանատայի թեմի երբեմնի առաջնորդ, Սանանի ու իմ համար այնքան հարգելի Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։ Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ տեսանք, որ Հովնան Սրբազանն էլ էր միացել, իր հոգևոր եղբայր 3 սրբազանների արդեն ամիսներով կալանավորել տված, Արցախ հանձնած, անհավատ անբարո շառլատանի հակաեկեղեցական արշավին։ Հույս ունեինք, որ շփոթմունք է եղել, որ իրականում ստորագրությունը կեղծել են, կամ որ նա հայտարարության բովանդակության մասին անտեղյակ էր։ Եվ ուրեմն որքա՜ն մեծ եղավ մեր ցավը, երբ ճշտեցինք, որ չէ, Հովնան Սրբազանը իրոք հավանություն էր տվել հայտարարությանը, որ նա իրոք միացել էր ազգադավի դավադրությանը։

Հուլիսի 20, 2001 թ․ Արևոտ օր մըն էր, այդ օրը Սանանն ու ես պսակադրուեցանք Հաղարծինի Սուրբ Աստուածածին եկեղեցում։ Մեզ պսակադրող հոգևորականը ուրիշ ոչ այլ անձ էր, քան Հովնան Արք․ Տերտերյանը։

Այսօր, Սանանն ու ես հրաժարվում ենք Հովնան Սրբազանի օրհնությունից, որովհետև մենք գործ չունենք հոգու վաճառականների հետ․․․

Հրաժարվում ենք նրա օրհնությունից, որովհետև մեզ համար կան արժեքներ՝ որոնք սակարկության ենթակա չեն․․․

Հրաժարվում ենք նրա օրհնությունից, որովհետև մեզ, ու վստահ ենք, հայ ժողովուրդի չախչախիչ մեծամասնության համար, հայ հոգևորականի տիպար կերպարը խիզախ ու նվիրումով հագեցած, հայ զինվորի կողքը կանգնած Բագրատ ու Միքայել սրբազաններն են այլ ոչ թէ վախկոտ ու թշնամուն քծնող կեղծ հոգևորականները։

Ու մի գրամ անգամ կասկած չունենք, որ Բագրատ և Միքայել սրբազանների ու իրենց սատարող ազնիվ հոգևորականների ու հավատավորների շնորհիվ՝ Հայ Առաքելական Եկեղեցին և Հայ Ժողովուրդը մնալու են Վեհ ու Անսասան»,- գրառմամբ պատմել է հայրենադարձ գործարարը։

Տեսանյութեր

Լրահոս