«ՌԴ-ն Նիկոլին մեր վզին փաթաթեց, հիմա պարզվում է՝ Նիկոլը վա՞տն է». Գագիկ Համբարյան
Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որում ասվում է, թե Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ, և, որ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական է: Փաշինյանը նաև բանաստեղծություն է կցել իր ուղերձին:
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի է պատրաստվում: «ՀՀ Սահմանադրության փոփոխության պատվիրատուն պաշտոնական Բաքուն է, և ի տարբերություն Փաշինյանի՝ այս մասին Ալիևն առաջին անգամ բարձրաձայնել է 2021 թվականի սեպտեմբերի 27-ին: Փաշինյանը փորձում է քաղաքականապես տգետ իր ընտրազանգվածին համոզել, որ մեր բոլոր դժբախտությունները մեր Սահմանադրության մեջ են: Դրա շարունակությունն էլ ուղերձի տակ գրված նրա տգետ ոտանավորն էր: Ասենք, իրեն ո՞վ է ասել, որ իր տգիտությունը մեզ համար շատ հաճելի է, որ մենք կարդանք, կամ իրեն ո՞վ է թույլ տվել իր միջակությունը փաթաթել հանրության վզին՝ որպես ստեղծագործություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա հիշեցրեց Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կառավարության հետ քննարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը և ժամանակ խնդրել, և ընդգծեց, ադրբեջանցու ասածը ցույց տվեց, որ ՀՀ Սահմանադրությունը գրվում է Բաքվում:
«ՀՀ իշխանությունները դա չէին կարող հերքել, փորձեինք հերքել՝ Ադրբեջանը ձայնագրություն կհրապարակեր: Նիկոլը շատ լավ գիտի, որ իր բոլոր կապերը Բաքվի հետ ձայնագրվում են: Ինքը էդքան չկա, որ հերքի Ալիևին»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանին և Ադրբեջանին բանակցելու հարթակ տրամադրելու ՌԴ հայտարարություններին, և հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս լարված վիճակին, Գագիկ Համբարյանը նշեց, որ բոլոր ռուսամետ քաղաքագետները շատ ճիշտ վերլուծելով, թե ինչու է Հայաստանն այս վիճակում հայտնվել, և մեղադրելով Նիկոլ Փաշինյանին՝ մեկ կարևոր հանգամանքի չեն անդրադառնում. «Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ո՞ւմ շնորհիվ է Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահպանել ՀՀ-ում: Իրենք լավ գիտեն, որ Նիկոլին գոնե մինչև 2021 թվականի վերջ պահել է ՌԴ-ն: Դա մենք չենք ասում, դա ասում են հենց ռուսները՝ շատ բարձր մակարդակով, օրինակ՝ նույն Կոնստանտին Զատուլինը:
Իսկ Անդրանիկ Միհրանյանն ընդհանրապես այլանդակ փաստ բացահայտեց, որ 2021թ. ՀՀ ԳՇ սպայակազմի կողմից բարձրացված խռովությունը ճնշվել և լուծվել է ՌԴ կողմից: Էլ չեմ ասում՝ Պուտինի խայտառակ մեկնաբանությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ին ռուսական РTР հեռուստաընկերությունով հեռարձակված, երբ Պուտինն իր քիթը մտցնելով Հայաստանի ներքին գործերի մեջ՝ փրկեց Նիկոլի իշխանությունը՝ հայտարարելով, որ Նիկոլը դավաճան չէ:
Ալեն Սիմոնյանը, Պուտինի հարցազրույցը դեռ չէր վերջացել, РБК-ի կողմից այդ մասը սքրին էր արել, դրել էր իր էջին և հանրությանն ասում էր՝ Պուտինն է ասում, որ Նիկոլը դավաճան չէ: Հիմա, պարզվում է, որ Նիկոլը շատ վատն է ՌԴ համար, բա մեր վզին ինչո՞ւ փաթաթեց Ռուսաստանը, հիմա էլ ասում է՝ հակառուսական քաղաքականություն է տանում: Մենք շատ լավ գիտեինք՝ Նիկոլն ով էր, գիտեինք՝ ով էր բերել Նիկոլին իշխանության, ինչ ծրագիր է նա իրականացնում»:
Նա նկատեց՝ հիմա ռուսներն ընդհանրապես պետք է թույլ չտան «Զանգեզուրի միջանցք» կոչվածի իրականացումը, որովհետև դա նաև նրանց դեմ է, այլ ոչ թե մտածեն այն վերահսկելու մասին. «Ռուսաստանն իրեն գերտերություն է երևակայում, ասում է՝ ինչ ուզեմ՝ կանեմ, կարմիր գծերից են խոսում: Եթե ռուսները մտածում են, որ իրենք ինչ արեցին 1920-21թթ.՝ մեր հաշվին բարեկամացան թուրքերի հետ, որտեղ էլ էինք մենք մեղավոր, բայց ամեն դեպքում տեսնում ենք հետաքրքիր բան՝ Արևմուտքը Թուրքիայի հետ պայմանավորվում է, նույն րոպեին Ռուսաստանը պայմանավորվում է Թուրքիայի հետ:
Արևմուտքը՝ ի դեմս Անգլիայի և Ֆրանսիայի, 1921 թվականին Լոնդոնում Թուրքիայի հետ ստորագրում է համաձայնագիր, Թուրքիան և Ռուսաստանը ստորագրում են խայտառակ Մոսկվայի պայմանագիրը 1921 թվականի մարտի 16-ին՝ երկու օր հետո: Հիմա նույն խաղն է գնում: Իրար հետևից մեկը մյուսին փորձում են հասնել՝ մեր հաշվին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում