Եգիպտոսը պնդում է իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը Ֆիլադելֆիայի միջանցքից
Կահիրեն մերժել է Իսրայելի պահանջը՝ պահպանելու հսկողությունը Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքի և Ռաֆահ հսկիչ անցակետի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Al-Qahera News հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով` իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, որոնք ենթադրում են, որ Եգիպտոսը համաձայնել է սահմանամերձ գոտում իսրայելական զորքերի հետագա ներկայությանը, «անհիմն են իրենց ձևով և բովանդակությամբ»:
Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ Կահիրեն պնդում է այդ շրջանից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը։ Իր հերթին Axios պորտալը հաղորդել է, որ Իսրայելի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի պաշտոնյաներն օգոստոսի 18-ին և 19-ին հանդիպել են Կահիրեում՝ քննարկելու Ֆիլադելֆիայի միջանցքի հարցը:
Ինչպես հայտարարել են պաշտոնյաները, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կարգադրությամբ իսրայելական կողմը ներկայացրել է քարտեզ, որտեղ երևում է, որ Իսրայելը կրճատում է իր ուժերի մի մասը, բայց առաջվա պես դրանք տեղակայում է ողջ միջանցքի երկայնքով:
Աղբյուրները նշել են, որ եգիպտացիները մերժել են այդ պլանը։