«Եթե չլիներ «Զոդ» օպերացիան՝ Սևանի ավազանը, մեծ հավանականությամբ, չէր լինի Հայաստանի կազմում». Հնագետ
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ավարտվել են իշխան Չեսար Օրբելյանի պալատի պեղումները։
Հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանի փոխանցմամբ, ըստ կառուցման մասին արձանագրության, այն կառուցվել է իշխանի կողմից` 1332 թվականին։
«Քարավատունը գտնվում է Վարդենյանց լեռնանցքի ամենաբարձրադիր հատվածներից մեկում, բավական ամուր, սեյսմակայուն շինություն է, չնայած մասնակի վերականգնման աշխատանքներ կատարվել են 1950-ական թվականներին։ Առաջիկայում ևս կիրականացվեն վերականգնման աշխատանքներ, քանի որ անձրևաջրերից և երկրաշարժերի հետևանքով որոշ հատվածներ խարխլվել են։ Քարավատնից ոչ հեռու էլ գտնվում է պալատը, և այնտեղ մարդիկ ապրել են մինչև 20-րդ դարի կես, որից հետո հուշարձանը վերածվել է գոմի, պահեստի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հնագետը` հայտնելով, որ հաջորդ տարի հուշարձանը վերականգնվելու է։
«Պալատի ներսից 4-5 սենյակի դռներ են նշմարվում, և հուսով եմ՝ հետագա տարիներին դրանք ևս կպեղվեն, կամրակայվեն։ Իսկ հիմա վերականգնվելու է կենտրոնական մեծ սրահը, որտեղ ապրել է իշխան Չեսար Օրբելյանը։ Ասեմ, որ պալատին զուգահեռ՝ պեղումներ են իրականացվել հարակից եկեղեցում։
Քանի որ մինչև 20-րդ դարի կեսն այնտեղ ապրել են, դա հուշում էր, որ դժվար էր գտնել շատ արժեքավոր իրեր, որոնք կվերաբերեին միջնադարին։ Բայց գտանք մետաղյա գործիքների մասեր, խեցեղեն բեկորներ, որոնց մի մասը վերաբերում էր զարգացած և ուշ միջնադարին, ինչպես նաև 18-20-րդ դարերին։
Պեղումների ընթացքում հայտնաբերվեց գերեզմանոց, որը ձևավորվել էր եկեղեցու ավերակների վրա։ Պարզվեց, որ այդ ավերակների վրա կատարվել են թաղումներ ու գերակշռող մասը մանկական թաղումներ էին։
Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, բայց կարծում ենք, որ դա վերաբերում է 20-րդ դարի առաջին կեսին։
Արխիվային տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1940 թվականին այս տարածաշրջանում, մասնավորապես՝ Հորս գյուղում, սով է բռնկվել և միայն Հորսում 200-ից ավելի մարդ է մահացել, այդ թվում՝ երեխաներ։
Բազմաթիվ գյուղերում, հատկապես՝ 20-րդ դարում, հանդիպում ենք գերեզմաններից առանձնացված վայրեր, որտեղ թաղվել են երեխաներ»,- նշեց Ավետիս Գրիգորյանը։
Հնագետը գերեզմանոց գտել էր նաև Սոթք-1 ամրոցում։
«2011թ. սկսած ուսումնասիրություն ենք կատարում Վարդենիսի տարածաշրջանում, Սևանա լճի հարավարևելյան ավազանում։ 2014 և 2020թթ. մեր արշավախումբը պեղումներ կատարեց Սոթք գյուղում գտնվող Տիգրանաբերդ կոչվող ամրոցում, որը հայտնի է նաև Սոթք-1 ամրոց անունով։ Ուսումնասիրությունը ցույց տվեց՝ 20-րդ դարի սկզբին կատարվել են թաղումներ, որոնք ամենայն հավանականությամբ վերաբերում են հայ-թաթարական բախումներին՝ 1918-1919թթ., Սիլիկյան եղբայրներին և նրանց ջոկատի սպանությանը։
Ես և Արսեն Բոբոխյանը համատեղ գիրք գրեցինք՝ «Զոդի օպերացիան»։ 1919թ. ապրիլի 14-18-ը օպերացիայի հաջող ավարտով էր պայմանավորված, որ Սևանի ավազանը հնարավոր եղավ պահպանել ՀՀ կազմում։
Եթե չլիներ օպերացիան՝ մեծ հավանականությամբ այդ տարածքները չէին մնա ՀՀ կազմում ու խորհրդայնացումից հետո չէին լինի ՀՀ-ի մաս։ Օպերացիան սկսվում է հայ-թաթարական բախումներով և ավարտվում է ՀՀ կանոնավոր բանակի մասնակցությամբ։
Օպերացիան ղեկավարել են ՊՆ տեղակալ Մովսես Սիլիկյանը, ղեկավարում էր Դանիել Բեկ-Փիրումյանը և ուրիշներ»,- ընդգծեց հնագետը։
Մանրամասները՝ տեսանյութում.