Ահազանգ. Մեղրի համայնքի բնակիչները 19 տարի անց հանկարծ իմացել են, որ իրենց սեփական տները պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ են. նրանց պարտավորեցնում են տույժ վճարել
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 36 ընտանիք նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, որի պատճենն ուղարկել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին:
Պատասխան չստանալով՝ դիմել են 168.am-ին:
Խնդիրը վերաբերում է համայնքի մի քանի հասցեներում տեղակայված բնակելի տներին, երբ բնակիչները հանկարծ պարզել են, որ սկսած 2005թ.-ից՝ իրենց տները ընդգրկված են ՀՀ Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, և իրենք՝ որպես սեփականատերեր, պարտավոր են ստորագրել պահպանական պարտավորագիր:
Միևնույն ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնից բնակիչները ծանուցագիր են ստացել առ այն, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությունների համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու դեպքով գործի քննությունը տեղի կունենա անկախ իրենց ներկայությունից, և կնշանակվի վարչական տույժ: Հիմա արդեն իսկ մարդիկ կանգնած են այդ տույժը վճարելու պարտադրանքի առաջ, և սա այն դեպքում, երբ 2005թ. որոշման մասին տեղեկացել են վերջերս, իսկ 19 տարվա ընթացքում փորձագիտական հանձնաժողովի կողմից նոր եզրակացություն չի եղել:
«Հուշարձանների պետական ցուցակները պաշտոնապես հրապարակվում են դրանց պատրաստ լինելուց հետո` եռամսյա ժամկետում: Իսկ մենք 19 տարի այդ մասին չենք տեղեկացվել… Մեր բնակելի տները մեր՝ ֆիզիկական անձերի սեփականությունն են, որի ապացույցն է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, որտեղ չկա «հուշարձան» բառը. Իսկ նպատակային նշանակությունը նշված է «բնակելի»: Մեզ հետ 2005թ. առ այսօր ոչ մի պայմանագիր չի կնքվել և մեր տները չեն օգտագործվել որպես հուշարձան, ուստի մեր բնակելի տները դադարում են գոյություն ունենալ որպես հուշարձան: Մեր տները չունեն հուշարձանի վկայական, հուշարձանի հատակագիծ, պահպանական գոտի և չկա նաև մեզ հետ կնքված պայմանագիր»,- նշում են մեղրեցիները:
Համայնքի բնակիչները տարակուսած են՝ «Մենք ի՞նչ կանոններ ենք խախտել, եթե մեր տան վկայականներում նշված է «բնակելի տուն», այլ ոչ՝ «հուշարձան»: Ո՞րն է մեր «վարչական իրավախախտումը», եթե այն վերաբերում է պարտավորագրերը չստորագրելուն, ապա «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում ցույց տվեք մի կետ կամ հոդված, որտեղ նշվում է, որ պարտավորագիրը չտորագրելը տուգանվում է ինչ-որ չափի գումարով»:
Բնակիչները նաև անհանգստություններ ունեն և պարզաբանման ենթակա հարցերի շարք են շարադրել, որոնց պատասխանները չեն ստացել:
Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակը ներկայացնում ենք ստորև:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Պատճենը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Պատճենը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,
ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ Ժ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
Պատճենը՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ռ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Պատճենը՝ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանից ծանուցումներ ենք ստացել այն մասին, որ սեփականության իրավունքով մեզ պատկանող բնակելի տները ընդգրկված են ՀՀ կառավարության կողմից հաստատված (2005թ. դեկտեմբերի 29-ի N2322-Ն որոշում) ՀՀ Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և մենք, որպես սեփականատերեր, պարտավոր ենք ստորագրել պահպանական պարտավորագիր (ՀՀ ԿԳՄՍ նախարարի «07» դեկտեմբերի 2023 թ. N 145-Ն հրաման, օրինակելի ձև):
Միևնույն ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնից ստացել ենք ծանուցագիր առ այն, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությունների (34/26121-2024, 34/26131-2024… և այլն) համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու դեպքով գործի քննությունը տեղի կունենա անկախ մեր ներկայությունից և կնշանակվի վարչական տույժ:
Սակայն բանն այն է, որ մենք 2005թ. որոշման մասին տեղեկացել ենք վերջերս, իսկ 19 տարվա ընթացքում փորձագիտական հանձնաժողովի կողմից նոր եզրակացություն չի եղել, ուստի ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը չի կարող հուշարձանների դասակարգում կատարել (հոդված 6՝ հուշարձանների դասակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, և հոդված 14՝ Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և այդ ցուցակներից հանելը կատարվում է փորձագիտական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով):
Միևնույն ժամանակ ըստ հոդված 13-ի՝ Լիազորված մարմինը հուշարձանը պետական ցուցակում ընդգրկելու մասին տեղեկացնում է պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ հուշարձանի գտնվելու վայրի, և հուշարձանի սեփականատիրոջը կամ օգտագործողին:
Հուշարձանների պետական ցուցակները պաշտոնապես հրապարակվում են դրանց պատրաստ լինելուց հետո` եռամսյա ժամկետում: Իսկ մենք 19 տարի այդ մասին չենք տեղեկացվել:
Ըստ հոդված 35-ի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չեն համարվում համայնքների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականությունը, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Իսկ մեր բնակելի տները մեր՝ ֆիզիկական անձերի սեփականությունն են, որի ապացույցն է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, որտեղ չկա «հուշարձան» բառը. Իսկ նպատակային նշանակությունը նշված է «բնակելի»:
Ըստ հոդված 40-ի՝ հուշարձանի օգտագործման իրավունքը կարող է նաև դադարեցվել, եթե 3 տարվա ընթացքում հուշարձանը չի օգտագործվում համապատասխան պայմանագրում նշված նպատակով: Մեզ հետ 2005թ. առ այսօր ոչ մի պայմանագիր չի կնքվել և մեր տները չի օգտագործվել որպես հուշարձան, ուստի մեր բնակելի տները դադարում են գոյություն ունենալ որպես հուշարձան: Մեր տները չունեն հուշարձանի վկայական, հուշարձանի հատակագիծ, պահպանական գոտի և չկա նաև մեզ հետ կնքված պայմանագիր:
Մենք՝ բնակիչներս, այն կարծիքին ենք, որ մեզ հետ պետք է կնքվի ոչ թե պարտավորագիր, այլ պայմանագիր, որտեղ պետք է ներառվի ոչ միայն մեր պարտականությունները, այլ նաև մեր իրավունքները, այլապես ստացվում է, որ ոտնահարվում են մեր՝ սեփականատերերիս իրավունքները: Բայց սա պետք է արվի փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունից հետո:
Մեզ ուղարկված ծանուցագրում նշված է, որ ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված է «վարչական իրավախախտում», սակայն 95-րդ հոդվածը վերաբերում է «պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելուն»: Մենք ի՞նչ կանոններ ենք խախտել, եթե մեր տան վկայականներում նշված է «բնակելի տուն» այլ ոչ «հուշարձան»: Ո՞րն է մեր «վարչական իրավախախտումը», եթե այն վերաբերում է պարտավորագրերը չստորագրելուն, ապա «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում ցույց տվեք մի կետ կամ հոդված, որտեղ նշվում է, որ պարտավորագիրը չտորագրելը տուգանվում է ինչ-որ չափի գումարով:
Մեզ նաև անհանգստացնում են պարտավորագրի մեջ ներառված որոշ կետեր.
1. Առաջին կետում նշված է. «հուշարձան… գերազանցապես օգտագործել իր սկզբնական գործառնական նշանակությամբ», մենք ուզում ենք իմանալ, մեր բնակարանները պետք է քանդել և դարձնել սկզբնական տեսքո՞վ: Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում «սկզբնական գործառնական նշանակությամբ», դրանք ի սկզբանե կառուցվել են որպես բնակելի տներ:
2. Երկրորդ կետում նշված է. «Լիազորված պետական մարմնի» կողմից լիազորված ներկայացուցիչներին անարգել թույլատրել կատարելու… գիտական և հետազոտական աշխատանքներ: Այսինքն որևէ գիտնական կարող է գալ ու փորփրե՞լ մեր բնակարանները, եթե ոչ, ապա ինչ է նշանակում «գիտական և հետազոտական աշխատանքներ»:
3. Չորրորդ կետում նշված է. «միջոցներ ձեռնարկել հուշարձանը հետագա քայքայումից և վթարային վիճակներից փրկելու համար», բայց նշված չի, թե ո՞վ, ի՞նչ միջոցներով և ի՞նչ ժամկետներում է լուծելու խնդիրը, չի սահմանվում բնակչի իրավունքները և հետագա քայլերը, որպեսզի հանկարծ ընտանիքը չմնա փլատակների տակ:
4. Հինգերորդ կետում նշված է. «սահմանված ժամկետում կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները»: Եթե մենք հնարավորություն չունենք «սահմանված ժամկետում» կատարել այդ աշխատանքները, մեզ ի՞նչ է սպասվում, «Լիազորված պետական մարմինը» չունի՞ որևէ ձևով օգնություն տրամադրելու պարտականություն:
5. Իններորդ կետում նշված է ««Լիազորված պետական մարմնի» առաջարկությամբ փոխել հուշարձանի օգտագործման բնույթը, եթե այն սպառնում է հուշարձանի ֆիզիկական պահպանությանը»: Այսինքն մեր բնակելի տունը կարող է դառնալ այլ նշանակության շինությո՞ւն, ու պարզ չէ թե այս դեպքում սեփականատերն ի՞նչ իրավունքներ ունի, ի՞նչ պետք է անի, եթե բնակվում է այդտեղ:
Մեղրի համայնքի տարածքից հուշարձանների ցանկում ընդգրկված տները կառուցվել են 1900-1970-ական թվականներին, և բնական է, որ դրանք չեն ունեցել կոմունալ կենցաղային հարմարություններ, ժամանակի հետ հիմնանորոգման կարիք են ունեցել: Ուստի մինչև 2005թ և նաև դրանից հետո մինչև 2024թ., բնակիչները կատարել են շինարարական աշխատանքներ, բարելավել են կոմունալ կենցաղային պայմանները, ամրացումներ են արել, փոխել են տանիքները ինչն էլ բերել է շենքերի արտաքին տեսքի փոփոխություններին: Ընդ որում, անհասկանալի է, թե ինչ հիմքով ու չափորոշիչներով է, որ միևնույն ժամանակահատվածում, նմանատիպ հատակագծերով, ճարտարապետական լուծումներով ու շինանյութով կառուցված տների մի մասը ընդգրկվել, իսկ մյուս մասը չի ընդգրկվել նշված հուշարձանների ցանկում:
Հաշվի առնելով նշված հանգամանքները խնդրում ենք.
- Պարզաբանել, թե ինչ հիմքով ու չափորոշիչներով են Մեղրի համայնքի բնակելի տները ընդգրկվել ՀՀ Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
- Ստեղծել փորձագիտական հանձնաժողով, որն իր աշխատանքները կկատարի սեփականատերերի ներկայությամբ և կտա եզրակացություն:
- Փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա վերանայել քաղաքացիների սեփականություն հանդիսացող և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2322-Ն որոշումով հաստատված հուշարձանների ցանկը /Մեղրի համայնքի մասով/:
- Եթե բնակելի տանը տրվի «Հուշարձանի» կարգավիճակ, դրանց համար չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի «07»դեկտեմբերի 2023 թ. N 145-Ն հրամանով հաստատված պարտավորագիրը, հաստատել պայմանագրի օրինակելի ձև:
- Պայմանագրի մեջ ներառել նաև սեփականատերերի իրավունքները և պետական մարմինների պարտականությունները: