
Հեռադիտակով նայում ենք, հուշարձանը չկա, այնտեղ ադրբեջանական կողմը զորանոց է սարքում. Ներքին Հանդի վարչական ղեկավար

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ներքին Հանդի գերեզմանոցը և այլ հատվածներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Երեկ Ներքին Հանդում բնակիչները նկատել են, որ գյուղի այն հատվածը, որտեղ Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը չկա, փոխարենն այդ տարածքում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ինչ-որ շինարարություն անել։
168.am–ի հետ զրույցում ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ հեռադիտակով նայում են՝ այդ տարածքում հուշարձանը չեն տեսնում, տեղում շինարարություն է ընթանում, հավանաբար զորանոց են կառուցում։
«Մենք այս ամենի մասին տեղյակ ենք պահել մեր համապատասխան մարմիններին։ Հուշարձանը մեզանից հեռու է, հեռադիտակով նայում ենք, չկա հուշարձանը։
2022 թվականից թշնամին եկել-նստել է մեր գերեզմանոցների մոտ՝ վերցրել իր հսկողության տակ, մարդիկ իրենց հարազատների շիրիմներին չեն կարողանում այցելել»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։
Նա հավանական չի համարում, որ հայկական կողմը կարող է հուշարձանը տեղափոխել։
«Նույնիսկ գերեզմանոցները չկարողացանք վերցնել, շատերին հուղարկավորում ենք Կապանում։ Առայժմ ոչինչ չենք կարողանում անել՝ գերեզմանոցի վրա նստած են, այլ տեղ չեն գնում»,- շեշտեց Խաչատուր Բաղդասարյանը։