«Արցախի հարցը  բանակցային սեղան վերադարձնելու առաջամարտիկը պետք է լինի ՀՀ իշխանությունը». Հակոբ Հակոբյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր կրկին անդրադարձել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերի Արցախ վերադառնալու իրավունքին, ինչպես նաև արցախահայերի իրավունքների առաջմղման համար ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքներին։

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում Վարդան Օսկանյանը հստակ ընդգծում է, որ եթե արցախահայության հավաքական վերադարձի հարցը միջազգային երաշխիքների ներքո Հայաստանի կողմից բերվի բանակցային օրակարգ, ապա կլինի միջազգային հանրության աջակցություն։

«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ահավասիկ այստեղ է, որ ուզում եմ վկայակոչել Տոյվո Կլաարի ասածը, միանշանակ նա նույնն է ասում։ Նա խոսում է Եվրամիության անունից և ասում է, որ Ադրբեջանը պարտավորություն ունի անդրադառնալու այս հարցին, և այս հարցը պետք է լինի օրակարգային։

Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, կոչ եմ անում արցախահայությանը, հայ ժողովրդին առհասարակ, այս հարցն աչքաթող մի արեք, սա մեր պատասխանատվության խնդիրն է, ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է։ Արցախահայությունը, հայ ժողովուրդը նման ճակատագրի է արժանացել ՀՀ այսօրվա իշխանությունների սխալների պատճառով։

Կարդացեք նաև

Եկեք թույլ չտանք նրանց, որ այդ սխալները շարունակեն կամ այդ սխալներն արդարացնելու համար ուղղակի այս հարցը տան մոռացության, իրենց ճակատից այդ խարանը մաքրելու  համար 150 հազար արցախահայերի ճակատագրի հետ չխաղան, մեր ժողովրդի ճակատագրի հետ չխաղան»,- նշել է ՀՀ նախկին արտգործնախարարը։

Ի՞նչ ճանապարհով հայ ազգը կարող է օրակարգում պահել Արցախի հարցը, ի՞նչ մեխանիզմներով կարող է ՀՀ օրվա իշխանոթւյուններին ստիպել, որպեսզի Արցախի ու արցախահայության հարցը բերի բանակցային օրակարգ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը պատասխանելով այս հարցերին, շեշտեց, որ բազմիցս են ասել (մասնավորապես. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո), որ Արցախի Հանրապետության հակամարտության բանալին գտնվում է Երևանում։ Այդ մասին հայտարարել են նաև 2022-2023 թվականներին, երբ Ադրբեջանն ամբողջովին շրջափակել էր Արցախը։ Այժմ ևս այդ կարծիքին են։

«Առաջին հերթին Արցախի հակամարտության հարցի փակված չլինելու մասին հայտարարության և այն բանակցային սեղան վերադարձնելու առաջամարտիկը պետք է լինի ՀՀ իշխանությունը։ Մնացած բոլորը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, որքան էլ խոսեն այդ հարցի շուրջ, եթե ՀՀ իշխանությունը լուռ է կամ ամեն ինչ անում է, որպեսզի հարցը փակվի, որևէ հաջողություն չենք կարող գրանցել։

Համակարծիք եմ Վարդան Օսկանյանի հետ, որ Արցախի հարցը փակ չէ և առհասարակ այդ հարցը չի կարող փակ լինել, որովհետև խախտված է պատմական արդարությունը։ 30 տարի շարունակ հայկական կողմը և միջազգային հանրությունն ասել է, որ այդ հարցը չի կարող ուժի սպառնալիքով լուծվել։ Այդ պատճառով էլ իմաստ չկա քննարկելու հարցը, թե Արցախի թեման փակված է»,- ասաց Հակոբ Հակոբյանը։

Ըստ մեր զրուցակցի, ՀՀ օրվա իշխանությունը չի անդրադառնա Արցախի հարցին, և հարցը բանակցային օրակարգում կհայտնվի այն ժամանակ, երբ Հայաստանն ունենա ազգային իշխանություններ։ Հետևաբար, ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այսօր ոչ միայն Արցախի Հանրապետության հարցի, այլև հայկական հարցի վերաբերյալ որևէ դրական արդյունք ունենալու միակ նախապայմանն օրվա իշխանություններին հեռացնելն է։

«Երբ Հայաստանում լինեն ազգային նպատակներ ունեցող իշխանություններ, այդ ժամանակ նրանք կկարողանան վերսկսել և շարունակել Արցախի հարցի առաջմղումը։

Չեմ կարծում, որ այսօր կա այնպիսի գործիքակազմ, որով կարողանանք այս իշխանություններին ստիպել բանակցային սեղանի շուրջ նստել՝ օրակարգում պահելով Արցախի հարցը։ Կարծում եմ՝ համահայկական ընդվզումը, տարբեր կազմակերպությունների, միավորումների հանրային խոսքն այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ, և այն պետք է բերել բանակցային սեղան, կարող է ի լուր աշխարհի ցույց տալ, որ ՀՀ իշխանությունների կարծիքը և գործելակերպը հայ ժողովրդի կարծիքն ու գործելակերպը չէ, որը կարող է գոնե բաց պահել նոր եկող իշխանությունների համար։

Ըստ իս, միայն համաժողովրդական ընդվզման միջոցով է հնարավոր այս իշխանություններին ինչ-որ կերպ հեռացնել և իշխանության բերել ազգային ուժերի։ Օրվա իշխանությունը բազմիցս ցույց է տվել, որ ունի իր հստակ գիծն Արցախի հարցում՝ փակել այն ու երբևէ չանդրադառնալ»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս