Եկեք թույլ չտանք իշխանություններին՝ իրենց ճակատից խարանը հանելու համար ժողովրդի ճակատագրի հետ խաղան. Վարդան Օսկանյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր կրկին անդրադարձել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքին, ինչպես նաև արցախահայերի իրավունքների առաջմղման համար ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքներին։
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում Վարդան Օսկանյանն այս ամենի առնչությամբ, մասնավորապես, ասում է.
«Վստահ եմ՝ տեղյակ եք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Արցախի ԱԺ-ն մի որոշմամբ ստեղծեց հանձնախումբ, որին լիազորվեց արտերկրում պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքները։ Այդ հանձնախումբը ղեկավարում եմ ես, ավելի ճիշտ, դրա կոորդինացումը դրվել է ինձ վրա։
Հանձնախումբը պաշտոնապես բաղկացած է 7 հոգուց, այնտեղ կան ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից, Լատինական Ամերիկայից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից։ Բայց սա պաշտոնական երևացող մասն է, այս հարցի շուրջ կան ավելի լայն համախոհներ, որոնք ներկայացնում են տարբեր աշխարհամասեր, այնտեղ կան ներգրավված անձինք՝ Ռուսաստանից, Միջին Արևելքից և այլ երկրներից։ Հարցի շուրջ կա օտարազգիների բավականին գործունյա, նախկինում դիվանագիտական աշխատանք ծավալած և այսօր էլ դեռևս միջազգային քաղաքականության մեջ ներգրավված մարդկանց մի լայն խումբ։
Հանձնախումբն արդեն հինգ ամիս աշխատում է։ Բազմաթիվ հանդիպումներ են եղել, այցեր ու հանդիպումներ են եղել Փարիզում, Բրյուսելում, Մոսկվայում, Միացյալ Նահանգներում։ Ընդամենը վերջերս՝ հուլիսի կեսերին, հանձնախմբի երեք ներկայացուցիչներով այցելեցինք Ժնև և Շվեյցարիա։
Ժնևում ընթանում էր ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի հերթական տարեկան նիստը։ Այնտեղ մասնակցություն ենք ունեցել, օգտագործելով առիթը՝ հանդիպել ենք տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև շվեյցարական կողմի, Ժնևի համայնքի պատգամավորների հետ։ Ասեմ, որ այդ այցելությունը բավականին արդյունավետ էր։ Ուզում եմ հենց դրանով նաև ամփոփել, որովհետև դա ամփոփում է մինչ այդ ունեցած մեր հանդիպումները և այդ հանդիպումների տրամաբանությունը, ինչպես նաև մյուս կողմի արձագանքները։ Դրանք ամփոփված են Ժնևի և ՄԱԿ-ի կառույցներում և անհատ երկրների ու շվեյցարական կողմի հանդիպումների մեջ։
Կենտրոնանամ դրա վրա, հանգեմ մի քանի եզրակացությունների և այդ բոլորն ուզում եմ համալրել մի այլ վկայակոչությամբ, որը մի քանի օր առաջ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի ՝ Տոյվո Կլաարի հարցազրույցն է, որը բավականին լայն տարածում է ստացել Հայաստանում։ Այնտեղ նա արտահայտում է որոշ մտքեր, որոնք ամբողջությամբ համընկնում են և գալիս են վկայակոչելու այն, ինչը ես եմ ասելու, և համարվելու է իմ եզրակացությունները հատկապես արցախահայության՝ իրենց հայրենիք միջազգային երաշխիքներով հավաքական վերադարձի հարցի կապակցությամբ։
Այդ հարցազրույցը վկայակոչեցի, որպեսզի այն, ինչը ես եմ ասելու մեր հանդիպումների արդյունքների հետ կապված, չթվա սուբյեկտիվ, որովհետև Տոյվո Կլաարի ասածը, հիմնավորումն ամբողջությամբ համընկնում է այն ամենին, ինչը ես եմ ասելու»։
Վարդան Օսկանյանի խոսքով՝ ընդհանուր դրական տրամադրվածություն կա արցախահայության միջազգային երաշխիքներով Արցախ հավաքական վերադարձի հարցի շուրջ։
«Ցանկացած տեղ այս հինգ ամսվա ընթացքում, որ մենք դիմել ենք հանդիպման համար, մերժում գրեթե չենք ստացել, կարծեք թե բոլորը տեղյակ են այս հանձնախմբի գոյության մասին։ Ընդունում են հանձնախմբի գոյությունը, համարում են, որ արտերկրում այս հանձնախումբն իսկապես ներկայացնում է արցախահայության ձայնը, և ուզում են լսել այդ ձայնը՝ որպես այլընտրանք։ Այն, ինչը նրանք լսում են իրենց երկկողմ հանդիպումներում Ադրբեջանի կամ Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ ցանկությունն իսկապես կա։
Պարզ է, իրենք իրենց «կանալներն» ունեն Հայաստանի ներսում, Արցախի ղեկավարության, ժողովրդի հետ, որոնք այսօր բնակվում են Հայաստանում։ Բայց ամեն դեպքում արտերկրում այս հանձնախմբի ասածը բոլորի համար լսելի է, և ուզում են դրան լուրջ վերաբերվել, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարող են օգտակար լինել այս հարցի առաջ տանելու համար։ Հանձնախումբն այսպես ընկալվում է, ընդունվում է և ինչպես ասացի՝ ցանկացած հանդիպում, որ մենք առաջարկել ենք, լինի երկկողմ թե ՄԱԿ-ի կառույցներում, բոլորն ընդառաջվել են, և մենք ունեցել ենք այդ հանդիպումները։
Եթե արցախահայության հավաքական վերադարձի հարցը միջազգային երաշխիքների ներքո Հայաստանի կողմից բերվի բանակցային օրակարգ, ապա այդտեղ կլինի միջազգային հանրության աջակցությունը։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ահավասիկ այստեղ է, որ ուզում եմ վկայակոչել Տոյվո Կլաարի ասածը, միանշանակ նա նույնն է ասում։ Նա խոսում է Եվրամիության անունից և ասում է, որ Ադրբեջանը պարտավորություն ունի անդրադառնալու այս հարցին, և այս հարցը պետք է լինի օրակարգային։
Նա նաև մի հարց է տալիս և այդ հարցին պատասխանում է, դրա մասին ինքս հաճախ եմ խոսել։
Ասում է՝ այն, որ արցախահայերի վերադարձի դիմաց Ադրբեջանը չի կարող ադրբեջանցիների Հայաստան գալու, վերադառնալու խնդիր դնել, երկուսը միմյանց հետ բացարձակ կապ չունեն, դրանք գտնվում են երկու տարբեր հարթությունների վրա։ Այնպես որ, դա կարելի է այլ հարթության վրա քննարկել, բայց արցախահայության վերադարձի խնդիրը, դա միանշանակ այսօրվա հրատապ, կարևորագույն խնդիրներից մեկն է։
Մեկ այլ եզրակացություն էլ ասեմ, որը Կլաարը բացահայտ չի ասում, բայց միանշանակ բոլոր գիտակից, այդ հարցին տեղյակ մարդկանց կողմից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռևս լուծված չէ։ Հստակ դիրքորոշումներ կան շատ կարևոր մարդկանց կողմից, որոնց ինքս ականատես եմ եղել, երբ ասում են, որ, եթե Ադրբեջանին թվում է, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծել է՝ չարաչար սխալվում է։
Արցախի հարցը դեռևս լուծված չէ այնքան ժամանակ, քանի դեռ արցախահայության միջազգային երաշխիքներով, նրանց իրավունքները վերականգնելով՝ իրենց տներ վերադառնալու հարցերը չի լուծվել։ Մնում է այս հարցը բերել օրակարգ։
Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, կոչ եմ անում արցախահայությանը, հայ ժողովրդին առհասարակ, այս հարցն աչքաթող մի արեք, սա մեր պատասխանատվության խնդիրն է, ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է։ Արցախահայությունը, հայ ժողովուրդը նման ճակատագրի է արժանացել ՀՀ այսօրվա իշխանությունների սխալների պատճառով։
Եկեք թույլ չտանք նրանց, որ այդ սխալները շարունակեն կամ այդ սխալներն արդարացնելու համար ուղղակի այս հարցը տան մոռացության, իրենց ճակատից այդ խարանը մաքրելու համար 150.000 արցախահայերի ճակատագրի հետ չխաղան, մեր ժողովրդի ճակատագրի հետ չխաղան։ Ասում եմ՝ այսօր ռեալ հնարավորություն կա արցախահայության բոլոր իրավունքները միջազգային երաշխիքներով վերականգնել, իրենց տներ վերադարձնել։ Այս հարցը ՀՀ իշխանությունը պետք է բերի օրակարգ, և արցախահայերը, հայ ժողովուրդը պետք է պահանջատեր լինեն առաջին հերթին՝ ՀՀ իշխանություններից, նրանք պարտավոր են հարցը բերել օրակարգ։
ՌԴ-ն, ԵՄ-ն, Միացյալ Նահանգները, բոլորն ասում են՝ հարցը բերեք օրակարգ, դա հրապարակային չեն ասում, որովհետև դիվանագիտական էթիկան մի քիչ դա չի ընդունում, բայց կուլիսային մեր հանդիպումներում ասում են՝ բերեք օրակարգ, կլինի աջակցություն։
ՀՀ իշխանություններն ուղղակի պարտավոր են այդ հարցը բերել բանակցային օրակարգ, և դա որևէ կերպ չի վտանգի ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ պատերազմի սպառնալիք չի լինի։ Ընդհակառակը, նպաստելու է, օգնելու առավել կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Կոչ եմ անում բոլորին, որպեսզի այս հարցը դարձնեն օրակարգային խնդիրներից մեկը և հետամուտ լինեն հարցի հետապնդմանը և պարտադրեն Հայաստանի իշխանություններին, որպեսզի այս հարցը բերեն բանակցային օրակարգ»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում