Եթե Արծվաշենը տան, մեր պաշտպանական դիրքերը տեղափոխվեն այնտեղ՝ կվերադառնանք, առանց անվտանգության երաշխիքի չենք վերադառնա. Մամիկոն Խեչոյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ալիևը սկսեց հայտարարել, որ «Հայաստանը պետք է վերադարձնի ադրբեջանական տարածքները», ՀՀ-ից այդ ամենի հակադարձումը եղավ այն, որ իշխանական պատգամավորները, մասնավորապես՝ տավուշեցի ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, հայտարարեց, թե, օրինակ, Տավուշում կան «հայկական վերահսկողությամբ ադրեբաջանական տարածքներ», և հակառակը՝ «ադրբեջանական վերահսկողությամբ հայկական տարածքներ»։

Նիկոլ Փաշինյանի հակադարձումն էլ այն էր, որ եթե, օրինակ, Ադրբեջանը պահանջում է «ադրբեջանական անկլավները», պետք է հայկական կողմին վերադարձնի Արծվաշենը։

Նույնիսկ գարնանն իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացել էր ՀՀ տարածքը նկարագրող քարտեզի մակետով և ձեռքին նաև մի փոքր «կտոր» այդ քարտեզից, որը, ըստ նրա, Արծվաշենն է։

Ապրիլի 21-ից Տավուշում ՀՀ իշխանությունների սկսած սահմանագծման աշխատանքներից հետո գրեթե որևէ խոսք չկա Արծվաշենի մասին, իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, չի հայտարարում, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի Արծվաշենը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը խոսելով Արծվաշենի հետագա ճակատագրի մասին և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում աստիճանաբար մոռացվում Արծվաշենի թեման, ասաց՝ խնդիրն այն է, որ այդ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ այսօր թվացյալ բանակցային գործընթաց է իբրև թե տեղի ունենում, Ալիևը Բաքվից հաթաթա է տալիս, հայկական կողմն էլ դրան չի պատասխանում պատշաճ ձևով։

«Այսինքն՝ խաղաղության երկկողմանի որևէ փաստաթուղթ ստորագրելու մտադրություն չկա, և այս ֆոնին դժվար է պատկերացնել Արծվաշենի հետագա ճակատագիրը։ Եթե Տավուշում սահմանագծում են իրականացնում 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով ու ցանկանում են վերականգնել Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմանները, ապա պետք է Արծվաշենը վերադարձնեն, եթե Ադրբեջանը պահանջում է  Տավուշից տարածքներ և դրանք ստացել է, ուրեմն՝ պետք է նա էլ հայկական տարածքները վերադարձնի։

Հասկանալի է, որ պատերազմ է եղել, սահման պետք է փոխվի, բայց դա նաև Հայաստանի համար պետք է փոխվի։ Հասկանալի է նաև, որ երկու երկրների միջև թշնամանք կա, տարիներ պետք է անցնեն, որ թշնամանքը մոռացվի, և այլն, բայց արդյո՞ք Ադրբեջանն ուզում է, որ այդ թշնամանքն անցնի»,- շեշտեց Մամիկոն Խեչոյանը։

Նա ընդգծեց, որ 1992 թվականից սկսած՝ երբ Արծվաշենը հայաթափվեց, այնտեղ ադրբեջանցիներ չեն բնակվել, դրա մասին խոսում են նաև ադրբեջանական կողմից՝ նշելով, որ Արծվաշենը գրավել են իրենց անվտանգությունն ապահովելու համար։

«Ադրբեջանն ուղղակի չի կարող ասել, որ պատերազմ է եղել, ես հաղթել եմ՝ չեմ վերադարձնելու Արծվաշենը, պետք է վերադարձնի, որովհետև Արծվաշենը հայկական է։

Եթե Արծվաշենը վերադարձվի, ու արծվաշենցիները որոշեն վերադառնալ, ապա պետք է ընտանիքներով վերադառնան, բայց դրա համար անվտանգության երաշխիքներ են պետք։ Եթե չտեսնեն անվտանգության երաշխիք, չեն վերադառնա, որքան էլ հողը սուրբ լինի, ոչ մեկն իր երեխային չի տանի ու դնի վտանգի տակ։ 1988-1992 թվականներին, երբ կրակոցներ էին լինում Ճամբարակի ուղղությամբ, նույնիսկ այստեղից էին երեխաներին հանում։

Մենք էլ հիմա, որ Ճամբարակում ապրում ենք, վերջին տունը թշնամու դիրքերից հեռու է 3 կմ, բայց ապրում ենք։ Եթե Արծվաշենը տան, մեր պաշտպանական դիրքերը տեղափոխվեն այնտեղ, 50 մետր շրջագիծ ունի Արծվաշենը, ու այն պահպանվի, ապա բոլորս էլ կվերադառնանք։ Կրկնում եմ՝ խնդիրն ընդամենն անվտանգության երաշխիքներին է վերաբերում, որը պետք է կարողանան ապահովել»,- նշեց Մամիկոն Խեչոյանը։

Նրա խոսքով՝ այսօր Արծվաշենցի տեղահանվածների 60-70 տոկոսը բնակվում է Ճամբարակ քաղաքում, մնացածը՝ Դրախտիկում, Շորժայում և այլ գյուղերում։ Իսկ Հայաստանից դուրս ամենաշատը 25 ընտանիք է գտնվում։

«Արծվաշենցիները սիրում են իրար հետ կողք կողքի ապրել, այսպես ասեմ՝ եթե նույնիսկ դժոխքում են, ուզում են, որ միասին լինեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս