Փաշինյանը կարող է հանգիստ հեծանիվ վարել, որովհետև Հայաստանն ամբողջովին դրել է արտաքին կառավարման ներքո. Հայկ Նահապետյան
Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը Կիրանց գյուղում բնակիչներին խոստացել է անվտանգություն։ Բնակիչների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կիրանցն ավելի անվտանգ է լինելու, բնակիչներն առևտուր կանեն, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, և անվտանգ կապրեն։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի այցից օրեր առաջ կիրանցեցիները բարձրաձայնել էին, որ չեն կարողանում իրենց ցանած ցորենը հավաքել, քանի որ ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել: Թե ով պետք է փոխհատուցի բնակիչներին, դեռևս հայտնի չէ, քանի որ նրանք վարկով են ցորենի սերմացուն գնել ու ցանքս արել։
168.am-ի հետ զրույցում անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի արած սահմանագծումից հետո Կիրանցը չի կարող անվտանգ լինել, և այս մասին բազմիցս ասել է։
«Ժամանակին մի անձ, ով Նիկոլ Փաշինյանի հետ բավականին մտերիմ է, նրան շատ լավ բնորոշում է տվել՝ «հարբեցող ծաղրածու»։ Բայց դրանից զատ, նա նաև «դատարկախոս փուչիկ» է, որովհետև անում է անպատասխանատու հայտարարություններ։
2018 թվականից սկսած՝ մինչև այսօր, այս մարդը բազմաթիվ ստեր է ասել, որի համար պատասխանատվություն չի կրում։ Կարծում եմ՝ մեր Քրեական օրենսգիրքը պետք է պաշտոնատար անձանց սուտ խոսելու ու իրենց խոստումները չկատարելու համար ենթարկի պատասխանատվության։
Նիկոլ Փաշինյանի համար ձյունառատ սարերը, Սյունիքում գտնվող Սև լճի շրջակայքը, Տավուշի ու Ջերմուկի որոշ տարածքներ առոչինչ են։ Վստահ եմ՝ այս պահին Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ու իր տերերի ձեռամբ ոչնչացվում է։ Հայաստանի չգոյության հիմնական շահառուն Ադրբեջանն ու Թուրքիան են, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնելուց հետո ճողոպրելու է։
Նա այս ամենը փաթեթավորում է ինքնիշխանության, Ադրբեջանի հետ առևտուր անելու բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության պայմանագրի և այլնի քողով»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ստեր է հրամցրել հայ հանրությանը և դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, պատասխանատվություն չի կրելու նաև Տավուշի համար, իսկ շուտով արդեն՝ Տիգրանաշենի, Սյունիքի ու այլ վայրերի հետ կապված։
«Նիկոլ Փաշինյանը հայրենիքից տարածքներ է հանձնել թշնամուն, հարցականի տակ դրել անվտանգությունը, և սա կոչվում է պետական դավաճանություն։ ՀՀ ինքնիշխան տարածքի փոփոխությունը միայն պետք է արվի ՀՀ քաղաքացու կամարտահայտության հանրաքվեով, իսկ նա հանձնում է երկրի տարածքից՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։ Սրա առնչությամբ կա ներկայացված հաղորդում պետական դավաճանության վերաբերյալ, որը շուրջ 3 ամսից ավելի է՝ գտնվում է ԱԱԾ տնօրենի սեղանին։ Բայց ինչպես ասում են՝ ԱԱԾ-ն ծածկադմփոց է անում։
Հայաստանը ոչնչացնելու հարցում Փաշինյանի և Ալիևի շահերը համընկնում են։ Ալիևը Հայաստանը դիտարկում է՝ որպես Ադրբեջանի մաս, իսկ Փաշինյանն էլ չի ուզում Հայաստանը լինի, որովհետև հնարավոր իշխանափոխության դեպքում նա պետք է բանտում հայտնվի, սա է իրականությունը»,- շեշտեց փորձագետը։
Հարցին՝ Հայաստանի առջև ծառացած անվտանգությանը զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ հեծանիվ է վարում, դա միջազգային հանրության վրա ի՞նչ տպավորություն է թողնում, արդյո՞ք այս ամենից հետո նրանք կարող են մտածել, որ Հայաստանն ունի անվտանգային մեծ խնդիրներ, հատկապես՝ Թուրքիայից ու Ադրբեջանից եկող, Հայկ Նահապետյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ հեծանիվ վարել, որովհետև Հայաստանն ամբողջովին դրել է արտաքին կառավարման ներքո։
«Հիմա եթե մեր երկիրն ամբողջովին դրված է արտաքին կառավարման ներքո, ինչը ենթադրում է, որ ՀՀ պետական ինստիտուտները վաղ թե ուշ չպետք է գոյություն ունենան, Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ սպորտով զբաղվել։
Արևմուտքի համար Հայաստանը պետք է՝ որպես տարածք, այլ ոչ թե՝ որպես պետություն»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։