«Մարդիկ չեն ուզել, որ Փաշինյանը գյուղ մտնի. Կադրեր նկարելու համար նրա հետ եղել են անտառտնտեսության աշխատակիցները և ոստիկաններ՝ քաղաքացիական հագուստով, գյուղից մի երկու պետական աշխատող, և վերջ». Կարեն Ղազարյան

Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր՝ Աճարկուտ, Կիրանց, Սևքար, Բերքաբեր:

Կիրանցում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է հիմնական ճանապարհն Ադրբեջանին փոխանցելուց հետո նոր կառուցված ճանապարհին, հրահանգել, թե ցուցանակը որտեղ տեղադրեն:

«Էս մի ցուցանակի մոտ կարայինք մի քիչ ավելի մեծ սարքեինք, վերևն էլ դնեինք Կիրանցի վանքի նշանը, էդ մեկը հերիք է: Ցուցանակի կուլտուրան շատ կարևոր կուլտուրա է, որը մեր երկրում անտեսվում է, ես էլ որ քշելիս եմ լինում, շատ տեղերում չեմ կողմնորոշվում, հեռախոսն եմ բացում, բայց էս ցուցանակները շատ կարևոր են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Կիրանցում իրեն դիմավորում բնակիչները, մոտենում ու ձեռքով բարևում։

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանն ասաց, որ կադրեր նկարելու համար են մի քանի հոգու տարել, որ դիմավորեն Նիկոլ Փաշինյանին, և հիմնականում այն մարդիկ են եղել, որոնք փոխհատուցում են վերցրել Նիկոլ Փաշինյանից, որպեսզի իրենց տները հանձնելու համար չբողոքեն։

«Բերքաբերում թե ինչ է խոստացել բնակիչներին, տեղեկություններ չունեմ, որքան փորձեցի ճշտեմ՝ չստացվեց։

Իսկ Կիրանցում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են ընդամենը «փոխհատուցումից» օգտված գոհ մարդիկ։

Կիրանցում Նիկոլ Փաշինյանը բնակիչներին խոստացել է, որ լինելու է շատ ապահով, առևտուր են անելու, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ, ամեն ինչ նորմալ է լինելու։

Թող մարդիկ չմտածեն, թե Նիկոլ Փաշինյանին լավ են դիմավորել, հատկապես Կիրանցում ու Աճարկուտ գյուղում մարդիկ չեն ուզեցել, որ նա գյուղ մտնի։ Նրա հետ եղել են անտառտնտեսության աշխատակիցները և ոստիկաններ՝ քաղաքացիական հագուստով, գյուղից մի երկու պետական աշխատող, և վերջ»,- նշեց Կարեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Կիրանցի այն բնակիչները, որոնք կարծում են, որ իրենց տունը, հողը բռնազավթել ու տվել են թշնամուն, դեմ են եղել Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձել է մոտենալ այդ մարդկանց, նրանք չեն ընդունել, թողել հեռացել են։ Չեմ մնացել այդ տարածքում, որպեսզի թեկուզ վատով՝ Նիկոլ Փաշինյանի հետ չառնչվեն։ Կրկնում եմ՝ Նիկոլին ընդունել ու հավատում են այն մարդիկ, որոնք իրենց տունը թողել են Ադրբեջանին ու Նիկոլ Փաշինյանից ստացել են փոխհատուցում։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փողով լռեցնում է մարդկանց։

Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, չգիտես՝ ինչու, մարզային ոստիկանները սկսել են ինձ փնտրել, հավանաբար, որ թույլ չտան գնամ-մոտենամ իրեն, բայց այդ օրը ես Երևանում էի։ Կհավատա՞ք, նույնիսկ հարևանների գոմերն են ստուգել, հետո եկել տունը շրջափակել, կանգնել են, որ հանկարծ չմոտենամ Նիկոլին ու մի քանի հարցեր չտամ»,- հավելեց Կարեն Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի սահմանապահները Կիրանցում վիճել էին հայ սահմանապահների հետ, սակայն այս հարցին Կիրանցում Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել։

«Մոտ 10 օր կլինի, ադրբեջանցի սահմանապահներին չենք էլ տեսնում, հենակետի նման ինչ-որ բան ունեն սարքած, նույնիսկ այդտեղ չեն երևում»,- եզրափակեց Կարեն Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս