«Եթե ադրբեջանցիների վերադարձ տեղի ունեցավ, ուրեմն նշանակում է՝ Ադրբեջանն առանց պատերազմի գրավեց նաև ՀՀ այդ շրջանները». Հակոբ Ավետյան

Օրերս Շուշիում Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» և «ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին Արևմտյան Ադրբեջան»։

Նա ասել է, որ «այդ տարածքներ վերադառնալն ադրբեջանցիների իրավունքն է, հատկապես այն դեպքում, երբ այսօր նրանց լքած գյուղերի 90 տոկոսը բնակեցված չէ»։ Ալիևն իր հայտարարություններում մշտապես մատնացույց է անում Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերը և Երևանը՝ ասելով, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան և ապրեն այս տարածքներում։

Ալիևի այս հայտարարությանը Հայաստանի կողմից պաշտոնական որևէ հակադարձում չի եղել, փոխարենը՝ սահմանամերձ տարբեր գյուղերում բնակիչների շրջանում կա անհանգստություն, որ եթե պետական մակարդակով չեն հակադարձում, ուրեմն հա՞շտ են, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան։

Մյուս կողմից էլ հարց են բարձրացնում, որ՝ եթե Ադրբեջանը խոսում է փախստականների վերադարձի մասին, ինչո՞ւ հայկական կողմը չի ասում, որ գործընթացը տեղի ունենա երկկողմանի, ավելին, արցախահայերն էլ վերադառնան իրենց բնօրրան։

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը՝ նախ խոսեց արցախահայերի վերադարձի մասին։

«Հիշո՞ւմ եք, նախորդ տարվա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արցախցիները թող դուրս չգան Արցախից, նրանց որևէ վտանգ չի սպառնում։ Այսինքն՝ իշխանությունները ֆիկտիվ պատասխան են պահում, որ ամեն անգամ ասեն՝ մենք ասում էինք՝ մնացեք, մեզ չլսեցին ու դուրս եկան։

Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե արցախահայերը մնային Արցախում, հայկական կողմը չէր երաշխավորելու նրանց անվտանգությունը, ու հարց է՝ նրանք Արցախում ո՞ղջ կմնային, թե՞ չէ։ Սա ուղղակի իշխանությունների կողմից, այսպես ասած՝ հարցի «մասկիրովկան» է։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, ապա այդ ամենին ես ավելի ռեալ եմ նայում, որովհետև առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն այս հարցն առաջ է տանում»,- նշեց Հակոբ Ավետյանը։

Ըստ նրա, այսօր որևէ հայ չի կարող վերադառնալ ու Բաքվում կամ Սումգայիթում հանգիստ ապրել, որովհետև անվտանգ չէ այնտեղ հայերի համար, ու հայկական կողմն էլ չի կարողանալու նրանց անվտանգությունն ապահովել։

«Իսկ Ադրբեջանն այնպես կանի, որ ադրբեջանցիներ բնակեցնի ՀՀ տարածքներում և դրան զուգահեռ՝ կպահանջի, որ իր զինված ուժերը տեղակայվեն այդ տարածքներում, որպեսզի ապահովեն ադրբեջանցիների անվտանգությունը։ Եթե նման բան տեղի ունեցավ, ուրեմն նշանակում է՝ Ադրբեջանն առանց պատերազմի գրավեց նաև ՀՀ այդ շրջանները։ Ալիևը, տեսնելով ՀՀ իշխանությունների թուլությունը, հեշտությամբ կարող է իր ծրագիրն իրականացնել»,- նկատեց մեր զրուցակիցը։

Հակոբ Ավետյանը նաև ասաց՝ անձամբ ծնվել է Բաքվում, որը մահվան սպառնալիքի տակ լքել է 1988 թվականին։

«Հայերն Ադրբեջանում թողել են ամեն ինչ՝ տուն, ապրուստ, աշխատանք, այդ հայերը չեն վերադառնա, չեմ գնա նաև ես։ Ադրբեջան գնալ՝ նշանակում է՝ գնալ ու կամավոր հանձնվել գերության։ Իսկ եթե ադրբեջանցիները վերադառնան Հայաստան ու ապրեն հայի հետ, հայն է նրանց ձեռքին մնալու գերի, որովհետև Ադրբեջանի զինված ուժերը կտեղակայվեն այդ վայրերում։

Օրինակ, եթե ադրբեջանցի 50 ընտանիք բերեն բնակեցնեն Սոթքում, կտեղակայեն նաև ադրբեջանցի ոստիկանների։ Ստացվում է, որ ես իմ տնից դուրս գալիս թուրք ինչ-որ ոստիկանի պետք է ցույց տամ իմ փաստաթղթերը, արդյունքում՝ հայերն այդ իրավիճակից ելնելով՝ լքելու են իրենց բնակավայրերը։ Դրա մեղավորը ոչ թե ժողովուրդն է, այլ իշխանությունը, որովհետև սեփական երկրում իշխանությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացու անվտանգությունը»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս