Փարիզ-2024. Մենք վատ չենք մասնակցելու Օլիմպիական խաղերին. Փաշիկ Ալավերդյան
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը վստահեցնում է, որ Հայաստանի օլիմպիական հավաքականում ընդգրկված ծանրորդների նախապատրաստական փուլն ընթանում է ըստ պլանավորածի:
«Հուլիսի 25-ից մենք Փարիզի Օլիմպիական ավանում ենք: Այստեղ ամեն ինչ արված է, որպեսզի մարզիկները կարողանան բարձր մակարդակով մասնակցել: Միայն թե եղանակի հետ «պայմանավորվածություն չկար»: Առաջին օրերին ցուրտ էր, և անձրև էր գալիս, սակայն այս օրերին արդեն եղանակն էլ կարգավորվել է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալավերդյանը:
Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ Փարիզի Օլիմպիական խաղերը հրաշալի են կազմակերպված։ «Տղաների մարզումները շարունակվում են, ինչպես որ Երևանում է եղել: Պետք միայն սպասել: Խնդիրների չենք բախվել, ամեն ինչ իր հունով ընթանում է»,-առանձնացրեց նա։ Ալավերդյանն, ով եղել է 6 Օլիմպիական խաղերում, առավել տպավորիչ համարում է Պեկինի ամառային Օլիմպիական խաղերը:
«Ուզում եմ ամբողջ հայ ազգին հուսադրել` մենք վատ չենք մասնակցելու Օլիմպիական խաղերին»,-ասաց նա:Ծանրորդները պայքարն Օլիմպիական խաղերում սկսեն օգոստոսի 9-ից: Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում:Վարվառա Հայրապետյան