Աճել է իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին բռնագանձման ենթակա գումարի չափը․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2024 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։
Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀԿԱԾ տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահրամ Ենոքյանը։ Կիսամյակային արդյունքային ցուցանիշներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հաշվետու ժամանակաշրջանում 12 տոկոսով նվազել է ընթացք տրված կատարողական վարույթների քանակը, աճել է իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին բռնագանձման ենթակա գումարի չափը։
Քննարկվել են ՀԿԱԾ բոլոր բաժիններում միատեսակ աշխատանքի կազմակերպման շարունակականության, Ծառայության էլեկտրոնային նոր ծրագրերի միջոցով փաստաթղթաշրջանառության ամբողջական ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։
Ամփոփելով Ծառայության 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արձանագրված աշխատանքային բացթողումները շտկելու և աշխատանքի կազմակերպման որակը բարձրացնելու ուղղությամբ»։