Շատ կարևոր է հասկանալ, թե դրա գինը որն է լինելու. Ինչո՞ւ է վիզաների ազատականացման թեման պարբերաբար հանվում գզրոցից

Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ շարունակում են քննարկումների ծիրում պահել Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու Եվրամիության որոշումը՝ անդրադառնալով դրա իրատեսությանը, հեռանկարներին, իսկ իշխանական ու մերձիշխանական հատվածները՝ դրա աննախադեպությանն ու պատմական լինելուն։

Ինչո՞ւ է Վիզաների ազատականացման թեման պարբերաբար հանվում գզրոցից, արդյո՞ք ցանկության դեպքում Հայաստանի հետ այս հարցով բանակցությունները չէին կարող ավարտվել ավելի վաղ՝ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։

«2017 թվականից հետո՝ այսինքն, ՍԵՊԱ-ն կնքելուց հետո, ամեն օր էլ կարող էր մեկնարկել այդ գործընթացը, բայց 2-3 երկրներ կային, որոնք գործընթացի վերաբերյալ վերապահումներ ունեին և վետո էին կիրառում,- ի պատասխան՝ նշեց քաղաքագետը, ապա անդրադառնալով մեկնարկած գործընթացին՝ նկատեց,- Մենք ընդամենը բանակցությունների սկիզբն ենք մեկնարկել, և հայտնի չէ, թե դա քանի տարի կտևի․ Մոլդովայի պարագայում դա տևել է 3 տարի, Վրաստանի պարագայում՝ 6, Ուկրաինայի՝ 9, իսկ Թուրքիան 10 տարի է՝ բանակցում է, և դեռևս արդյունք չկա։ Այսինքն, ավարտական ակտի հետ գործ չունենք, այլ պրոցեսի, որի տևողություն ոչ ոք չի կարող կանխատեսել։

Հաջորդը՝ ընդհանրապես ցանկալի է, որ որևէ երկիր տարբեր երկրների հետ ազատականացված վիզային ռեժիմ ունենա, կամ՝ ընդհանրապես վիզային ռեժիմ չունենա, բայց այդ երկրի կրթական, տնտեսական համակարգերը, ռեֆորմների մակարդակը պետք է ադապտացված լինի այդ ռեժիմին։ Հակառակ պարագայում՝ վիզաների ազատականացումը կարող է նպաստել, օրինակ, մեծ արտագաղթի»։

Կարդացեք նաև

Վերջինի առնչությամբ Սուրեն Սուրենյանցը հիշեցրեց, որ ԵՄ մեզ բարեկամ երկրներից մեկը տարիներ շարունակ հենց դրա համար էլ առարկում էր գործընթացին՝ սեփական երկրում ՀՀ-ից միգրացիոն հոսքերից խուսափելու համար։

«Շատ կարևոր է հասկանալ, թե դրա գինը որն է լինելու, որովհետև ՀՀ-ում ռեֆորմներ չեն իրականացվում, որ մենք դա ռեֆորմների հետ կապենք, հետևաբար՝ մնում է ենթադրել, որ ինչ-որ ժեստ է արվել։ Այս ժեստն ինչի՞ համար է արվել՝ ՀՀ-ին բոնո՞ւս է տրվել, թե՞ հերթական պրյանիկն է, օրինակ, հայ-ադրբեջանական հարաբերություններում կրկին նշաձող իջեցնելու, կամ, ենթադրենք, հակառուսական հռետորաբանությունն ուժեղացնելու համար։

Համենայնդեպս, ես այդ որոշման մեջ պատմականություն չեմ տեսնում։

Նույնը վերաբերում է մյուս հարցին, երբ 10 միլիոն տրվեց «Խաղաղության հիմնադրամից»․ օրինակ, ՀՀ իշխանությունն ինչո՞ւ է թաքցնում փաստը, որ Հունգարիան վետո էր դրել այդ որոշման վրա և վետոն հանել է միայն, երբ ԵՄ այլ միջոցներից 10 միլիոն էլ հատկացրել է Ադրբեջանին՝ ականազերծման աշխատանքների համար»։

Հիշեցնենք՝ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանի զինված ուժերին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Հիշեցնենք նաև՝ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացված ռեժիմը ենթադրում է նաև, որ ոչ ԵՄ քաղաքացին կարող է 180 օրվա ընթացքում 90 օր մնալ Շենգեն գոտում: Իսկ Շենգեն գոտուց 90 օր անընդմեջ բացակայությունը թույլ է տալիս ևս 90 օր մնալ Շենգեն գոտում՝ առանց վիզայի: Եվրամիության հետ ազատականացված վիզայի ռեժիմ ստանալը ոչ ԵՄ անդամ երկրների համար տարիների աշխատանք է պահանջում: Սակայն տարբեր երկրների համար այդ ժամանակը տարբեր է:  

Տեսանյութեր

Լրահոս