«Սա ամենամեծ բլեֆն է, հերթական պոպկորնը, որով կերակրելու են հասարակությանը»․ ի՞նչ հեռանկար ունի վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը
Հայաստանի արտաքին գերատեսչությունը «պատմական» է որակել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ԵՄ որոշումները Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Թեման, ինչպես և սպասելի էր, իշխանամերձ շրջանակներն արագորեն փաթեթավորեցին նոր ձեռքբերումների անվան տակ։
Պատմակա՞ն էին արդյոք այս որոշումները, կարո՞ղ ենք որակել իբրև ձեռքբերում, և ի՞նչ հեռանկար ունեն՝ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանին։
«Սա ամենամեծ բլեֆն է, հերթական պոպկորնը, որով կերակրելու են հասարակությանը,- արձանագրեց Նաիրա Զոհրաբյանը, ապա մինչ վերջին որոշումներին անդրադառնալը՝ ամփոփեց այս պահին առկա վիճակը,- Երեկ մենք տեսանք, որ Հայաստանում Չեխիայի դեսպանությունը հայտարարություն տարածեց, որով տեղեկացանք՝ այսուհետ այնքան է բարդացվելու ԵՄ վիզայի տրամադրումը, որ դա խաղարկությամբ է լինելու, պատահականության սկզբունքով՝ «գրին քարտի» նման։
Այսինքն՝ այնպիսի բարդացված համակարգ, որ այժմ ՀՀ-ի հետ է անում ԵՄ-ն՝ վիզաների հարցում․․․ մարդիկ ուզում են գնալ հանգստանալու, չեն կարողանում, գնում են ամենաթանկ տոմսերը, ու ԵՄ երկրները մերժում են նույնիսկ այն մարդկանց, որոնք տասնյակ վիզաներ ունեն և որևէ խախտում չեն արել։ Մենք այսօր ԵՄ-ի հետ վիզաների այս ռեժիմը 30 տարվա մեջ ամենախստացված, ամենաբարդ ռեժիմն է, որ ունենք»։
Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունները Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է դիտարկել այլ երկրների վերաբերող նմանատիպ որոշումների համատեքստում։
«Վիզաների ազատականացման բանակցությունը կարող է տևել 10, 20 կամ 30 տարի։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրների խորհրդարանները նախ պետք է առանձին-առանձին քննարկեն այն և վավերացնեն։ Ու գաղտնիք չէ, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման առաջին դեմ քվեարկողը մշտապես եղել Ֆրանսիան, որովհետև Ֆրանսիայում ՌԴ-ից և ԱՄՆ-ից հետո ունենք մեծությամբ երրորդ Սփյուռքը, և, բնականաբար, Ֆրանսիան օբյեկտիվ մտավախություն ունի, որ միգրանտների հիմնական հոսքն ուղղվելու է Ֆրանսիա։ Այսօր ԵՄ խորհրդարաններում անցել են այնպիսի քաղաքական ուժեր՝ աջերը, որոնք խստագույն միգրացիոն քաղաքականություն են վարում։
Եվ նաև նույն Մոլդովայի և Վրաստանի օրինակը (այս երկրների հետ ազատականացման բանակցությունները սկսվել էին շատ ավելի վաղ) ցույց տվեց, որ դա որևէ խնդիր այդ երկրների համար ոչ միայն չլուծեց, այլև այն վրացիներն ու մոլդավները, որոնք անօրինական գտնվում էին ԵՄ տարածքում, նրանց (կամավոր, իսկ ովքեր չէին համաձայնում կամավոր՝ ձեռքներին ձեռնաշղթաներ հագցնելով) դեպորտ արեցին իրենց երկրները»,- մանրամասնեց նա։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը համոզված է՝ այս գործընթացն իշխանություններին պետք է, որպեսզի իշխանությունները կոծկեն Հայաստանին պարտադրվող նոր, սպասվող զիջումները։
«Նիկոլի իշխանությանը պետք է հերթական շաքարաքլորը տալ այն ժողովրդին, որը կարծում է, թե շուտով սահմանները բացվելու են, ու Համբոն, իր Գիքորի ձեռքը բռնած, գնալու է, ասենք, Փարիզի կենտրոնական փողոցում նստելու և կապուչինո է խմելու։
Հասարակ օրինակ բերեմ՝ 1987 թվականից Թուրքիան դիմել է ԵՄ անդամության համար, և 37 տարի է՝ Թուրքիայի հայտը դեռ քննարկվում է»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։