Այսքան ուրախ կյանքը «հպարտ քաղաքացին» է նվիրել. Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի բեռլինյան վոյաժները

Արդեն սովորական է դարձել, որ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունների ներկայացուցիչները սպորտային խոշորագույն մրցաշարերի ժամանակ հանկարծ հարկատուների հաշվին «աշխատանքային» այց են ունենում դեպի այդ միջոցառումը հյուրընկալող երկիր: Դա հատկապես տեղի է ունենում ֆուտբոլային խոշոր մրցաշարերի կամ նշանակալից խաղերի ժամանակ:

Եվրո-2024 թվականի եզրափակիչը ևս բացառություն չէր, և Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ իրենց դստեր հետ ու, բնականաբար, չերևացող պատկառելի սպասարկող անձնակազմով հանկարծ «աշխատանքային» այցով մեկնեցին Բեռլին: Ի դեպ, Բեռլին թռան լոու-քոսթ ինքնաթիռով՝ վաղուց մոռացված «մենք ձեզնից մեկն ենք» իրենց էլեկտորատի՝ ընտրողների քիմքին խիստ հաճելի տեսարանները վերակենդանացնելու համար: Ու կապ չունի, որ ո՛չ իրենք են նրանցից մեկը, ո՛չ էլ ապրում են իրենց ընտրողների կյանքով: Ապրում են ճոխ կյանքով, օգտվում են թանկարժեք խանութներից, շրջում են թանկարժեք ավտոշարասյուներով և տասնյակ թիկնապահներով…

Ինչևէ, Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն Իսպանիա-Անգլիա եզրափակիչը վայելելուց հետո շարունակում են վայելել Բեռլինը՝ «աշխատանքային» այցի շրջանակներում:

Առավոտյան սրճարանում սուրճ են վայելել, Նիկոլ Փաշինյանը նաև հեծանիվ է վարել Բեռլինի փողոցներում… ինչպիսի՜ երջանկություն…

Կարդացեք նաև

Ուշագրավ է, որ սրճարանում Նիկոլ Փաշինյանը նստած էր «Բեռլին» գրառմամբ գլխարկով: Թե ինչ նպատակ էր հետապնդում Փաշինյանի այդ «խորը հարգանքի տուրքը» Եվրո-2024-ը հյուրընկալող երկրին, դժվար է ասել, բայց ցավալի է, որ նրա տասնյակ խորհրդականների ու օգնականների մեջ մեկը չի գտնվել, որ նրան ասի՝ ամոթ է, որևէ երկրի ղեկավար Հայաստանում «Երևան» կամ «Հայաստան» գրառմամբ գլխարկ չի դրել գլխին:

Տեսանյութեր

Լրահոս