Ակնե. ինչո՞ւ է այն առաջանում, ինչպե՞ս է բուժվում, ի՞նչն է հանգեցնում արատով երեխա ունենալուն. Մաշկաբանի պարզաբանումը
Ակնեն կամ կորյակային հիվանդությունը խնդիր է, որն անհանգստացնում է շատերին։ Սակայն, լինում են դեպքեր, երբ այն շարունակական բնույթ է կրում՝ բացասաբար ազդելով կյանքի որակի վրա: Ո՞րն է հիվանդության առաջացման պատճառը, որո՞նք են բուժման եղանակները, ի՞նչ չի կարելի անել։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մաշկաբան Էդուարդ Ավագյանի հետ։
– Ի՞նչ է ակնեն, ո՞ր դեպքում է առաջանում։
– Ակնեն գլոբալ խնդիր է։ Ազգաբնակչության 80-90 տոկոսը կամ ունի, կամ ունեցել է, կամ կունենա ակնե։ Այն մաշկային քրոնիկ հիվանդություն է, որը դրսևորվում է մաշկի մազաճարպային համակարգի բորբոքմամբ։ Ընդհանրապես մեր ճարպագեղձերն արտադրում են ճարպ, որը սովորաբար լցվում է մեր մազարմատի մեջ և դուրս է գալիս` պատում մեր մաշկը, որպեսզի խոնավեցնի։ Բայց, երբ այդ պրոցեսը խախտվում է` ճարպարտադրությունն է մի քիչ ավելանում, ճարպի կառուցվածքն է փոխվում, այն դժվարությամբ է կարողանում դուրս գալ մաշկի մակերես, առաջանում է բորբոքային պրոցես, որի հետևանքով ձևավորվում են կորյակները։
– Մեխանիզմի խախտման պատճառները որո՞նք են։
– Գրեթե բոլոր հիվանդները հարցնում են՝ լավ, ինչի՞ց է։ Ու մենք այստեղ կանգնում ենք դժվար փաստի առջև, որովհետև շատ դեպքերում չգիտենք։ Սկսենք նրանից, որ ճարպագեղձերի աշխատանքը խթանվում է տղամարդկային սեռական հորմոնների ազդեցությամբ։ Դրանք կոչվում են անդրոգեններ։ Օրինակ, տեստոստերոնը և այլն։ Հասունացման տարիքում թե՛ աղջիկների, թե՛ տղաների մոտ այս հորմոնները բարձր են, դրա համար այդ տարիքում 90 տոկոսի մոտ հանդիպում է ակնե։ Բայց հասունացումից հետո հետ է զարգանում, որովհետև հորմոնները նվազում են։ Հատկապես աղջիկների պարագայում, եթե ունեն ձվարանների կիստա կամ այլ հորմոնային խանգարումներ, տղամարդկային հորմոնները բարձր մակարդակով շարունակում են պահպանվել։ Մեծ դեր է խաղում նաև գենետիկ նախատրամադրվածությունը։ Հաճախ հասունացումից հետո, երբ ունենում են ակնե, հարցուփորձից պարզ է դառնում, որ ծնողները ևս ունեցել են ակնե։ Կապ ունի նաև շրջակա միջավայրը, որոշ սննդամթերքներ։ Պարզվել է, որ քաղցրի չարաշահումը ևս ակնեի նպաստող գործոն է, կաթն ու կաթնամթերքը՝ հատկապես յուղային, անուղղակիորեն բերելով տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը, կարող են ակնեի զարգացմանը հանգեցնել։
– Նրանք, ովքեր ի ծնե ունեն յուղոտ մաշկ, միշտ ունենո՞ւմ են ակնե։
– Միայն յուղոտ մաշկի առկայությամբ պարտադիր չէ, որ զարգանա ակնե։ Կարևոր է ոչ միայն ճարպի մեծ քանակությունը, այլև կառուցվածքը, որը փոխվում է։ Եթե բուժառուն առողջ է, ճարպը ձեթի նման է, իսկ ակնեով հիվանդի մոտ ճարպի ձևը փոխվում է և այն դառնում է կարագի նման, հետևաբար՝ դժվարությամբ է դուրս գալիս ու կուտակվում է մազարմատի մեջ։ Այս ամենը բերում է բորբոքային պրոցեսի։ Յուղոտ մաշկ ունեցողների դեպքում ռիսկը մեծ է, որ մի օր կարող է բերել ակնեի, դրա նրանք մի քիչ ավելի շատ ու ճիշտ խնամք պետք է իրականացնեն՝ կանխելու բարդությունները։
– Խնամքից խոսեցիք․ եթե, օրինակ՝ ոչ ճիշտ կոսմետիկան, գիշերային-ցերեկային քսուքները մարդիկ առանց իմանալու, թե ինչպիսի՞ մաշկ ունեն՝ օգտագործեն, այն կհանգեցնի՞ ակնեի։
– Իհարկե, եթե յուղոտ մաշկի վրա օգտագործում ենք ծանր յուղային քսուքներ, դա կարող է բերել մաշկի որակական հատկանիշների վատացման, նույնիսկ ակնեի սկսման կամ արդեն սկսված ակնեի բարդացման։ Դրա համար նախ պետք է հասկանանք, թե ի՞նչ տիպի մաշկ ունենք՝ յուղոտ, չոր կամ կոմբինացված։
– Մարդն ինքնուրույն կարո՞ղ է հասկանալ, թե ի՞նչ տիպի մաշկ ունի։
– Հիմնականում հասկանում են։ Պարզ տրամաբանություն է․ եթե ամբողջ դեմքը տրորում և տեսնում է, որ յուղոտ է, փայլի մեջ կորչում է, ուրեմն յուղոտ մաշկ ունի։ Սակայն լինում են դեպքեր, երբ դեմքի մի հատվածը, օրինակ՝ քիթը, ճակատը յուղոտ են, իսկ այտերը՝ չոր։ Որպեսզի մի հատվածը չչորանա, մյուսն էլ ավելի յուղոտի, խորհուրդ ենք տալիս այնպիսի միջոցներ վերցնել, որոնք միջանկյալ տեղ են զբաղեցնում, այսինքն՝ ոչ շատ յուղոտում է մաշկը, ոչ էլ շատ յուղազերծում։ Կամ՝ պետք է ընտրեն երկու տարբեր միջոցներ՝ չոր տեղերում քսել խոնավեցնող, յուղոտ տեղերում՝ չորացնող կրեմներ։
– Ակնեն կարո՞ղ է լինել լյարդի, երիկամների և տարբեր հիվանդությունների հետևանք։
– Ֆեյսբուքում բժիշկների խումբ կա, մեկը գրել էր, թե՝ ինձ ստամոքսի լավ բժշկի տեղ ասեք, ով կբուժի իմ ակնեն։ Իրականում ակնեն առանձին, ինքնուրույն հիվանդություն է։ Իհարկե, ինչպես բոլոր օրգան-համակարգերը փոխկապակցված են, մաշկն էլ է փոխկապակցված, և տարբեր օրգաններում տեղի ունեցող պրոցեսները չեն կարող չազդել մաշկի վրա, եթե այն հիվանդ է։ Բայց դա կապել լյարդի, ստամոքս-աղիքային համակարգի կամ երիկամների հետ ու ասել՝ չէ, մենք սա կբուժենք ու ակնեն կանցնի՝ սխալ է։ Միակ ներքին խնդիրը, որը հստակ պատճառահետևանքային կապով կապված է ակնեի հետ, դրանք հորմոնալ խանգարումների բերող ներքին հիվանդություններն են՝ ձվարանների պոլիկիստոզ, մակերիկամային որոշ հիվանդություններ, վահանաձև գեղձի հիվանդություն, գլխուղեղում հիպոֆիզի խնդիրը, որը կարող է բերել պրոլակտինի մակարդակի բարձրացման։
– Վերջերս մի գրառման հանդիպեցի, որտեղ օգտատերերից մեկը գրել էր, որ 17 տարի է՝ ակնե ունի, և այն ոչ միայն չի բուժվում, այլև մնացել են փոսիկներ, սպիներ։ Դրանք վերանո՞ւմ են և ակնեն վերջնական բուժվո՞ւմ է։
– Ձեր ասածը կոչվում է պոստակնե, այսինքն՝ ակնեի շարունակություն։ Չբուժելու դեպքում ակնեն կարող է բերել սպիների զարգացման, իսկ այդ հարցը լուծելը բավականին դժվար է, շատ դեպքերում՝ անհնար։ Իհարկե, գործիքային, լազերային մեթոդներ են ներդրվել, որոնք այս կամ այն չափ, նույնիսկ 80 տոկոս արդյունավետությամբ կարողանում են հարցը լուծել, բայց 100 տոկոս արդյունավետության որևէ մեթոդ չկա։ Դրա համար ակնեն պետք է բուժել ցանկացած տարիքում։ Բուժումից հետո բուժառուն պետք է միշտ և ճիշտ խնամի մաշկը, որպեսզի այդ էլեմենտները եթե լինեն՝ արագ անցնեն։ Վերջնական բուժում ակնեն, ցավոք, չունի։
– Եթերում կոսմետոլոգներից մեկին ուղղված հարցին, թե ի՞նչ անեն, երբ պզուկ է լինում, պատասխանեց, թե պետք է ձեռք տալ ու դիմել կոսմետոլոգի։ Հիմա պե՞տք է ձեռք տալ և ո՞ւմ դիմել՝ կոսմետոլոգի՞, թե՞ մաշկաբանի։
– Կորյակային հիվանդությունը մաշկային հիվանդություն է և դրանով պետք է զբաղվի մաշկաբանը կամ մաշկաբան-կոսմետոլոգը։ Այստեղ կարևոր պայման կա՝ կոսմետոլոգը պետք է լինի բժիշկ-մաշկաբան։ Ցավոք, Հայաստանում շատ են կոսմետոլոգները, ովքեր առաջին մասնագիտությամբ մաշկաբան չեն, անգամ բժիշկ չեն։
Նման դեպքերում մի քիչ ռիսկային է՝ դիմել այդ մասնագետներին, որովհետև մենք գործ ունենք հիվանդության հետ, որը սխալ բուժելու դեպքում կարող է բերել լրջագույն բարդության, ինչպիսին սպիներն են։ Ինչ վերաբերում է «չիստկա» ասվածին, այն ինքնուրույն անել պետք չէ, որովհետև կորյակի սեղմումը կարող է հանգեցնել երկրորդային բակտերիալ ինֆեկցիայի՝ թարախակալման։
– Մարդը հիվանդության դեպքում դիմում է մաշկաբանի, բուժումն ուղեկցվում է դեղերո՞վ, թե՞ մաշկաբանն էլ իր հերթին ուղղորդում է կոսմետոլոգի մոտ։
– Միանշանակ դեղորայքով։ Տարանջատում ենք թեթև, միջին և ծանր ակնեներ։ Թեթև դեպքերի ժամանակ ոչ բորբոքային էլեմենտներ են առաջանում, այսպես կոչված, կոմեդոները կամ սև և սպիտակ կետիկները։ Միջին ծանրության ժամանակ արդեն առաջանում են բորբոքային էլեմենտներ՝ «պզուկ» կոչվածը, իսկ ծանր դեպքում այն տարածվում է դեմքին, մեջքին, ուսերին, առաջանում են մեծ էլեմենտներ, որոնք գրեթե բոլոր դեպքերում լավանալուց հետո սպի են թողնում։ Թեթևի դեպքում հնարավոր է՝ ոչ դեղորայքային, կոսմետոլոգիական միջամտություն իրականացվի։ Իսկ միջին և ծանր դեպքերում պարտադիր դեղորայքային բուժում է կատարում։ Բուժումն իրականացվում է հակաբիոտիկներով, հորմոնալ դեղամիջոցներով, վիտամին A-ի անալոգներով։
– Դեռահասության տարիքում հիմնականում բոլորի մոտ լինում է ակնե։ Այդ դեպքում կրկին պետք է դիմել մաշկաբանի՞, թե՞ ինքնուրույն կանցնի։
– Ցանկացած տարիքում ակնեն պետք է բուժել, հատկապես՝ դեռահասության տարիքում։ Բնակչության շրջանում կա միֆը, որ ասում են՝ դե լավ, հասունացման պզուկներ են, կանցնի։ Բայց սա ինչի՞ կարող է բերել․ նախ՝ երեխան կոմպլեքսավորվում է, հատկապես՝ աղջիկ երեխաները սկսում են օգտագործել ծածկող անորակ միջոցներ, առաջանում են հետքեր, փոսիկներ, սպիներ, հետո ամբողջ կյանքում տառապում է։ Ոչ մի բուսական, տնայնագործական միջոցներ ակնեի բուժման համար պետք չէ օգտագործել՝ ռիսկը մեծ է։
– Վիտամին A-ի մասին խոսեցիք։ Երբ մի բան է լինում՝ ասում են, որ այս կամ այն վիտամինի պակասից է։ Այս դեպքում խոսում են վիտամին D-ի, Օմեգա 3-ի, ինչպես նաև կոլագեն օգտագործելու մասին։
– Այստեղ վիտամինների պակասի մասին խոսք չկա։ Վիտամին A-ի անալոգներն օգտագործում ենք՝ որպես դեղորայք, ոչ թե վիտամինի պակասը լրացնող միջոց։ Դրանք օգտագործում ենք բավական բարձր դոզավորմամբ, որն ունի կողմնակի էֆեկտներ։ Կողմնակի էֆեկտներից է այն, որ դեղորայքները կարող են թողնել արատածին էֆեկտ։ Այսինքն, խմելու ընթացքում, եթե կինը հղիանա կամ տղամարդը խմի և հղիացնի կնոջը, երեխան կարող է ծնվել արատով։ Դրա համար ինքնուրույն պետք չէ օգտագործել։ Ինչ վերաբերում է վիտամին D-ին, Օմեգա 3-ին, հետազոտություններն ապացուցել են, որ ունեն որոշ չափով բուժիչ կամ օգնող ազդեցություն՝ ակնեի բուժման դեպքում։ Իսկ կոլագենը շատ կարևոր նյութ է մեր մաշկի համար։ Խմելու կոլագենի մասով ապացուցված ոչինչ չկա։ Կոլագենն ակնեի դեպքում ոչ կվնասի, ոչ կօգնի։ Ուղղակի մաշկի թարմ տեսքն ապահովելու համար կարելի է օգտագործել։
– Տղամարդկանց մոտ է ակնե հանդիպում, ու հաճախ նշում են, որ տղամարդիկ սափրվելիս հեռացնում են մեռած բջիջները, ու ակնեն նվազում է։ Այդ դեպքում էլ կանայք լազերային, դիոդային մազահեռացման են դիմում։ Դա չի՞ օգնում։
– Ակնեն երկու սեռի մոտ էլ հանդիպում է։ Սափրվելը բացարձակ նշանակություն չունի ակնեն կանխելու հետ։ Իսկ լազերային մազահեռացումը կարող է նպաստել ակնի զարգացմանը, որովհետև լազերային ճառագայթների ազդեցության տակ, երբ մազարմատը վառվում է, ջերմային ալիքներն ուղղակի տաքացնում են ճարպագեղձերը, ու կարող է ակտիվանա ակնեն, եթե մաշկը հակված է։ Սովորաբար ակնեֆորմ էլեմենտներ առաջանում են լազերային մի քանի միջամտությունից հետո, մինչև մաշկը սովորում է։
Լազերը չի չորացնում, քանի որ ճարպագեղձերի կողմից արտադրվող ճարպի հետ է կապված պրոցեսը, որոնք ճառագայթի ազդեցության ներքո ուղղակի տաքանում են, և ցանկացած տաքացած բան ավելի արագ է աշխատում։
– Որպես մաշկաբան՝ ինչպիսի՞ բարդությունների եք հանդիպել, որ զարմացել եք։
– Ոչ մի բանից էլ չեմ զարմացել, բայց ամենադաժան բարդությունն այն էր, որ սեղմելով բերել էին այնպիսի ծանր փոսիկի, «քարանձավի» առաջացման, որը ոչ մի տարբերակով լուծել հնարավոր չէր։ Նման դեպքերը շատ են։ Դրա համար ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի։
– Խոսենք հոգեբանական գործոնի մասին։ Մի խնդիր տեսնեն՝ կխոսեն և տվյալ մարդու մոտ, և նրա գնալուց հետո։ Լսել եմ, որ եղել են նաև ինքնասպանության դեպքեր։ Այդպիսի բան կա՞։
– Բարեբախտաբար, չեմ ունեցել բուժառու, ով ակնեի պատճառով նման քայլի է դիմել, բայց նման դեպքեր գրականության մեջ նկատվել են։ Այո, մեր հասարակությունը մաշկի վրա առկա ցանկացած փոփոխությանը շատ կոպիտ և «անտակտ» ձևով է վերաբերվում, որը բերում է հոգեբանական լուրջ խնդիրների առաջացման։ Այդ հիվանդությունները սերտ կապ ունեն սթրեսի հետ, և շրջապատի դաժան վերաբերմունքը կրկին սթրեսի է բերում և ավելի խորացնում հիվանդությունը։ Առաջանում է արատավոր օղակ։