Կարմիր խաչը ոչինչ չի կարող անել, եթե չլինի պայմանավորվածություն կողմերի հետ. Զառա Ամատունին՝ արցախահայերի պահանջի մասին

Երեկ Կառավարության շենքի հինգ տասնյակից ավելի արցախահայեր բողոքի ակցիա էին իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով ընդունել իրենց և լսել իրենց խնդիրը, որին նա ի պաշտոնե պարտավոր է լուծում տալ։ Ակցիայի մասնակիցները 2023 թվականի սեպտեմբերի 19-25-ը Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին բենզինի պայթյունի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների հարազատներն էին։ Նրանք պահանջում են նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած պատերազմի ժամանակ զոհված և Ստեփանակերտում ու օկուպացված Արցախի այլ վայրերում հուղարկավորված անձանց արտաշիրմում, ապա տեղափոխել ու վերահուղարկավորել Հայաստանում։

Իսկ բենզինի պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատներն էլ պահանջում էին հետաքրքրվել իրենց հարազատների ճակատագրով: Նրանք նաև պնդում էին, որ պայթյունի ընթացքում իրենց հարազատներին գերեվարել է ադրբեջանական կողմը, տեղափոխել Շուշի, դրանից հետո նրանց ճակատագրի մասին որևէ տեղեկություններ չունեն։

Նման պնդումների համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ պայթյունի ընթացքում վիրավորում ստացած անձանցից մեկը, որի գտնվելու վայրը մինչև 2023 թվականի հոկտեմբերի սկզիբն անհայտ է եղել, դրանից հետո զանգահարել է ընկերուհուն, ասել, որ վիրավոր է, գտնվում է Շուշիի հիվանդանոցում, հիվանդասենյակում իր հետ ևս 4 հոգի հայ կա։ Դրանից հետո կապն այդ անձի հետ ընդհատվել է ու հեռախոսահամարը դարձել անհասանելի։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ մինչև այսօր տվյալ անձի հարազատների հեռախոսները գտնվում են ԱԱԾ-ում, սակայն որևէ տեղեկություն ծառայությունից չեն կարողանում ստանալ։

ՀՀ-ում գործող բոլոր միջազգային կառույցներին և Կարմիր խաչին այս խնդրով դիմել են՝ ապարդյուն, որևէ տեղից արձագանք չեն ստացել։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին արցախահայերի պահանջի առնչությամբ փոխանցեց՝ Կարմիր խաչը ոչինչ չի կարող անել, եթե չլինի պայմանավորվածություն կողմերի հետ։

«Մենք ունենք ընթացիկ երկխոսություն երկու երկրների իշխանությունների հետ տարբեր հարցերի շուրջ, բայց կոնկրետ այս խնդիրը բավականին քաղաքական է։ Երբ որոշում կայացվի կողմերի միջև, մենք կարող ենք աջակցել դրա իրականացմանը։ Սակայն որոշման գալու հարցը մեր ձեռքերում չէ, մենք կարող ենք մատնանշել խնդիրը։ Իհարկե, տարբեր հարցերի շուրջ փորձում ենք տարբեր մակարդակներում ուշադրություն դարձնել։ Մենք աջակից ու միջնորդներ ենք, որոշում կայացնելու լիազորություններ չունենք»,-եզրափակեց Զառա Ամատունին։

Նշենք, որ երեկ Կառավարության մոտ իրենց պահանջները ներկայացնելուց հետո ակցիայի մասնակիցները փորձեցին պարզել, թե ինչ կարգով է Նիկոլ Փաշինյանն ընդունում քաղաքացիներին, որպեսզի գրանցվեն, գոնե այդ ճանապարհով կարողանան նրա հետ հանդիպում ունենալ, քանի որ ավելի քան 10 ամիս է, Նիկոլ Փաշինյանը նրանց չի ընդունում։ Նրանք սպասում են Կառավարության ղեկավարի արձագանքին։

Տեսանյութեր

Լրահոս