Խնդիր է դրված մինչև մարտի 31-ն ազատվել Վեհափառից. կակտիվացնեն հակաեկեղեցական շարժումները
Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը հանրային հեռուստաընկերությամբ իր սովորական ժամին՝ 23:45-ին, չհեռարձակելը, պարզվում է, իշխանությունների կողմից նորից թափ հավաքող հակաեկեղեցական ու անձամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ տարվող նոր արշավի մեկնակետն էր:
Հունվարի 5-ին ևս մեկ փորձ կատարվեց Սուրբծննդյան պատարագը Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից փչացնելու, սակայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների ահռելի քանակը Սուրբ Գայանե վանքի բակում նրանց ստիպեց սուսուփուս հետ քաշվել:
Սակայն հակաեկեղեցական շարժման հովանավորները չեն նահանջում: Հիմա էլ սոցիալական ցանցերում ինչ-որ «Վարդանանք» շարժում հայտարարում է, որ փետրվարի 10-ից Վեհարանի բակում նստացույց են անելու՝ Գարեգին 2-րդ Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով: Ակտիվացրել են իրենց բոլոր քարոզիչներին ՝ հնարավորինս մեծ մոբիլիզացիա հաջողացնելու համար:
168.am-ի տեղեկություններով՝ խնդիր է դրված մինչև մարտի 31-ը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, գահընկեց անել Ամենայն Հայոց կաթողիկոսին ու նրա փոխարեն կաթողիկոսական գահին բազմեցնել յուրային մեկին, ում խոսույթում Արցախի ու ազգային զարթոնքի, միաբանության ու համախմբման մասին հիշատակում առհասարակ երբևէ չի լինի:
Այն, որ Վեհափառի դեմ շարժումները հովանավորվում են իշխանության բարձրագույն էշելոնը ներկայացնող անձանց կողմից, որևէ կասկած չի հարուցում, սակայն կան կոնկրետ ՔՊ-ական պատգամավորներ, ովքեր անձամբ են կուրացիա անում վերոնշյալ «Վարդանանք» շարժումն ու պլանավորում անելիքները: Առաջիկայում կհրապարակենք նրանց անունները ևս:
Թե ի՞նչ են խոստացել այս շարժման առաջնորդներին, կհասկանանք հաջորդիվ, որովհետև իշխանափոխությունից անմիջապես հետո՝ 2018թ. ձևավորված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդը, օրինակ, ճիշտ է, թեպետ հաջողություն չգրանցեց, բայց ամեն դեպքում Վեհարանն ապականելու, Գարեգին Վեհափառ Հայրապետի ճանապարհը կազմակերպված ձևով կտրելու, Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հետևորդների հետ բախումներ հրահրելու ու հակաեկեղեցական այլ քայլեր գլուխ բերելու համար շռայլորեն պարգևատրվեց՝ նշանակվելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն:
Բնականաբար, ՀԱԵ հետևորդները Մայր եկեղեցուն միայնակ չեն թողնի, ու շատ հնարավոր են նոր բախումներ: Չի՞ գիտակցում սա իշխանությունը, իհարկե գիտակցում է ու տեր է դրան: Ամեն ինչի վրայով անցնող, հազարավոր երիտասարդներ զոհած, երկրի տարածքները թուրքին հանձնած, Արցախը դավաճանած, առհասարակ կարմիր գծեր չունեցող այս իշխանության ու նրա առաջնորդի համար դա խնդիր չէ:
Մնում է հասկանալ՝ որքանո՞վ է պատրաստ հավատավոր հոտը տեր կանգնել իր եկեղեցուն ու իր եկեղեցու առաջնորդին, գիտակցո՞ւմ ենք արդյոք մենք, որ ազգային վերջին հիմնասյունը՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ու նրա առաջնորդին հարվածի տակ դնել թույլ տալով՝ մենք մեր սեփական ձեռքերով խփում ենք մեր պետության ու ժողովրդի դագաղի վերջին մեխը:
Կգիտակցե՞ն սա արդյոք ՀԱԵ սպասավորները՝ քահանայից մինչև արքեպիսկոպոս… Կգիտակցենք, կհասկանանք՝ կլինի փրկության հույս: