Կաթով պատրաստված թթվասերը կլինի կանաչ գույնի պիտակով, կաթի փոխարինիչովը՝ նարնջագույն

ՀՀ-ում նախատեսվում է հստակ տարանջատել` որ թթվասերն է պատարստված միայն կաթնային յուղով և որը` կաթնային յուղի փոխարինիչներով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկար ժամանակ է` առնչվում են այս խնդրի հետ, ու պետք էր արդեն կարգավորել այս ոլորտը։

«Մենք խանութից հաճախ ձեռք ենք բերում ապրանք, որի վրա գրված է թթվասեր, հետո պարզվում է, որ դրանցից շատերի մեջ կա՛մ կաթը շատ քիչ է, կա՛մ շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործվում»,- նշեց նա։

Նրա խոսքով` ժամանակին, երբ փորձել են դաշտը կարգավորել, առաջին դիմադրության ալիքը եղել է հետևյալը. եթե հստակ սահմանենք, որ սա թթվասեր է, սա` խառնուրդ, ապա գինը կբարձրանա ու սոցիալական խնդրի առաջ կկանգնենք։ Մինչդեռ, ըստ նրա, այս ընթացքում դաշտը սկսեց ինքնակառավարվել ու շուկայում հիմա կան թթվասերներ, որոնց գինը բարձր է, սակայն դրանք պատրաստված են բացառապես կաթնային յուղից։

Կառավարությունն այսօր որոշեց` եթե թթվասերը պատրաստված է կաթնային յուղով, ապա կունենա կանաչ գունանշում, որ այն առանց հավելումների է ու խանութում կտեղադրվի կանաչ դարակաշարում։ Մյուս թթվասերները, որոնք կաթնային յուղի փոխարինչիով են պատրաստված, կլինեն նարնջագույն գունանշումով ու կտեղադրվեն համապատասխան գույնի դարակաշարում։

Նախագիծն ուղարկվեց ՀՀ Ազգային ժողով` հաստատման։

Տեսանյութեր

Լրահոս