Ինչո՞վ է վտանգավոր Բաքվի առաջարկը՝ գնալ «Կալինինգրադի մոդելին», ո՞ր դեպքում Իրանը կմտնի խաղի մեջ

Ադրբեջանն արդեն երկրորդ անգամն է Երևանին առաջարկում «կալինինգրադյան մոդելը»-ով կապն ապահովել Նախիջևանի հետ։ Վերջին անգամ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևն այս տարվա մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ այն անվանելով «պոտենցիալ լուծում»:

Այս առաջարկը հայկական կողմը չի մեկնաբանում, օրերս «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից՝ շեշտելով, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

ԱԳՆ-ն նաև հիշեցրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևաչափը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն անթույլատրելի համարեց Ադրբեջանի առաջարկը՝ «Զանգեզուրի միջանցքը» բերել ու համեմատել «Կալինինգրադի տարբերակի» հետ, որովհետև տվյալ դեպքում Կալինինգրադը Ռուսաստանի տարածքն է և ունի էքսկլավի կարգավիճակ։

Կարդացեք նաև

«Ռուսաստանը միջազգային իրավունքով ունի իրավունք կապվելու այլ պետությունների տարածքներով իր տարածքի հետ։ «Զանգեզուրի միջանցքի» պարագայում խնդիրն այլ է, և այս երկուսին համեմատելն անտրամաբանական է։ Այս դեպքում Ադրբեջանն արդեն երրորդ պետության տարածքով՝ խոսքը Իրանի մասին է, հնարավորություն ունի կապ հաստատել Նախիջևանի հետ։ Այսինքն՝ այնպես չէ, որ մեկ տարբերակ է մնացել, դրա համար այլ տարբերակ չունենալով՝ Հայաստանին նման առաջարկ են անում, ինչն անթույլատրելի է։

Այլ հարց է, թե այս ամենին ինչ վերաբերմունք կցուցաբերի հայկական կողմը, սա քաղաքական կամքի հարց է»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։

Գրիգոր Բալասանյանն ասաց նաև՝ եթե խնդիր է դրված, որպեսզի ՀՀ իշխանությունները մտածեն պետության ու նրա տարածքային ամբողջականության մասին, ապա բոլոր հիմնավորումները կան մերժելու Ադրբեջանի առաջարկը։ Իսկ, եթե պետք է ընդունեն այդ անտրամաբանական առաջարկը, ապա դրա համար կարող են հազար ու մի պատճառ բերել՝ իհարկե, այդ ամենը համեմելով «ժողովրդավարության բաստիոնի», «խաղաղության թունելի» և այլ բաներով։

«Իհարկե, հայկական կողմի համար այս ամենն անընդունելի է։ Ավելին՝ «Կալինինգրադի տարբերակի» դեպքում Ռուսաստանը տարածք է պահանջել իր էքսկլավի հետ կապվելու համար, բայց այդ հատվածը գտնվում է Լիտվայի ու Լեհաստանի հսկողության տակ։ Այսինքն՝ այստեղ խնդիր չէ, որ այդ հատվածը պատկանում է Ռուսաստանին։ Իսկ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ճանապարհ, որը բացարձակապես պատկանելու է միայն Ադրբեջանին, և որի վրա հայկական կողմը որևէ վերահսկողություն չի ունենալու։ Եթե Ադրբեջանը կհամաձայնի, որ այդ ճանապարհը բացվի, և դրա վրա Հայաստանն ունենա իր սուվերենությունը, ինչպես նշված էր 2020 թվականի նոյեմբերի արձանագրության մեջ, և որը, ցավոք, նենգաբար փոխվում է նաև որոշ շրջանակների կողմից, թե իբր այն վերահսկվելու է Ռուսաստանի կողմից՝ բացարձակապես սուտ է։ Նման բան, իհարկե, չկա, սակայն փորձ արվեց այդ ամենը գեներացնելու հասարակության մեջ, տարածելու հակառուսական տրամադրություններ, թե իբր «Զանգեզուրի միջանցքի» թիկունքում կանգնած է Ռուսաստանը։ Նման բան չկա ու չի կարող լինել»,- շեշտեց Գրիգոր Բալասանյանը։

Նրա բնորոշմամբ՝ եթե ՀՀ իշխանությունն ընդունի Ադրբեջանի առաջարկը, նշանակում է՝ ադրբեջանա-թուրքական խաղն է խաղում։

Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը՝ մեր զրույցակիցն ընդգծեց՝ Իրանը մի դեպքում կմտնի խաղի մեջ, եթե Ադրբեջանն ու Թուրքիան ստանան այդ ճանապարհն՝ առանց հայկական կողմի վերահսկողության իրավունքի։

«Եթե հայկական կողմը համաձայնում է միջազգային իրավունքով իրեն պատկանող տարածքի մի մասը ծառայի թուրք-ադրբեջանա-արևմտյան շահերին, միայն թե լինի, այսպես կոչված, «կայունություն», ապա Իրանն իրեն կարող է իրավունք վերապահել սեփական դիրքորոշումն ու խաղը սկսել։ Մենք կարող ենք երաշխավորել, որ Իրանի կողմից չի լինի մտավախություն, որ այդ ճանապարհով անցկացվում են բեռներ, որոնք Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիք են։ Հետևաբար, ինչպես Թուրքիան է իրավունք վերապահում Հյուսիսային Իրաքում կետային հարվածներ հասցնել՝ հայտարարելով, որ դրանք սպառնում են իրեն, նույն իրավունքից կարող է օգտվել նաև Իրանը՝ հարվածներ հասցնելով այդ ճանապարհի տարբեր հատվածներին։ Սա մեզ համար արդեն աղետ է, որովհետև պայքարը գնալու է հայկական տարածքում և այդ տարածքի հաշվին, ինչն անթույլատրելի է»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս