Արցախի Հանրապետության ԻՊՈՒ հրամանատարությունը շահագրգռված էր Հադրութում պաշտպանական համառ մարտերով լուծել Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը

Մարտակերտ քաղաքի շրջանում և Աղդամի ռազմական հենադաշտում հակառակորդի հարվածային ուժերի ջախջախումը, Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ-ի կողմից նպաստավոր բնագծերի զբաղեցումը տիրապետող բարձունքների վրա Ստեփանակերտի ու Մարտակերտի օպերատիվ ուղղություններում կանխարգելել են հակառակորդի ակտիվ գործողությունները՝ միաժամանակ անվտանգ դարձնելով Արցախի  Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագիծը: Հակառակորդի հարձակման միակ հնարավորությունը օդուժն էր, սակայն Արցախի  Հանրապետության հակաօդային պաշտպանության արդյունավետության բարձրացումը, ՀՕՊ միջոցների կատարելագործումը և հակաօդայինների մասնագիտական վարպետության բարձրացումը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում:

Ստեղծված պայմաններում հակառակորդի նոր ակտիվացումն սպասելի էր հարավարևելյան և հարավային ճակատագծում, քանի դեռ մարտունակ էին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ռազմական խմբավորումները: Փոխվրեժի նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հենց հիշյալ օպերատիվ ուղղությունը:

Դա դժվար չէր կռահել, քանի որ Մարտունու ուղղությունը, Աղդամի ռազմահենադաշտի կորստից ու այնտեղ գտնվող մարտունակ խմբավորման պարտությունից հետո այլևս չէր կարող գայթակղել հակառակորդին կամ հաջողության հույս ներշնչել:  ԻՊՈՒ մեծ ուժերի ու միջոցների առկայությունը Աղդամի և Մարտակերտի ուղղություններում հակառակորդին զրկում էր հակահարձակման անցնելու հնարավորությունից, իսկ Օմարի և Լաչինի ուղղություններում հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են: Հադրութի ՊՇ ուղղությամբ հակառակորդի ակտիվացումը պայմանավորված էր նաև այստեղ ադրբեջանական մեծ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատագծի ձգվածությամբ, ինչը մի որևէ հատվածում ճեղքում կատարելու հույս էր տալիս թշնամուն:

Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր Հադրութի ՊՇ-ում պաշտպանական համառ մարտերով հյուծելու հակառակորդի հարվածային խմբավորումներին, անցնելու վճռական հակահարձակման  և լուծելու հանրապետության հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը, որը ծառացած էր դեռևս 1992թ. աշնանային ռազմարշավից ի վեր: Ինչպես և սպասվում էր, Աղդամի խմբավորման պարտությունից հետո, հակառակորդը վիթխարի կենդանի ուժ և միջոցներ է կուտակել Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում, դրանով իսկ հարվածի գլխավոր ուղղությունը տեղափոխելով Արցախի  Հանրապետության հարավարևելյան ու արևելյան շրջանները:

Կարդացեք նաև

Խախտելով կրակի դադարեցման վերաբերյալ երկկողմանի համաձայնության պայմանները՝ հակառակորդը ռազմաճակատային գծի ամբողջ երկայնքով շարունակել է հայկական պաշտպանական դիրքերի հրթիռահրետակոծությունները: Հակառակորդն անընդհատ լարված է պահել իրադրությունը հակամարտության գոտում՝ չդադարող հրթիռահրետակոծություններով ու հարձակումներով ստիպելով Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումներին դիմել պատասխան գործողությունների, ընդհուպ մինչև թշնամու կրակակետերի վնասազերծումը: Հետ մղելով թշնամու ուժեղ ճնշումը՝ ԻՊՈՒ ստորաբաժանումները հակահարձակման են անցել հարավային ռազմաճակատի ամբողջ գծի երկայնքով՝նպատակ ունենալով ազատագրել Հադրութի շրջանի լեռնային մասը:

Օգոստոսի 15-ին սկսվել է Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումների ընդհանուր հակահարձակումը Հադրութի շրջանի հարավում: Մարտական գործողությունները շարունակվել են նաև Հադրութի ՊՇ մյուս և Լաչինի մարդասիրական ճանապարհի ուղղություններում:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

 

Տեսանյութեր

Լրահոս