Հայաստանյան բանկերը միացել են ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցներին

Օրերս 168.am-ի TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադարձել էինք հայաստանյան առևտրային բանկերի կողմից տնտեսվարողների համար առաջացրած խոչընդոտներին՝ ներկայացնելով մասնավոր դեպք, երբ ՀՀ տնտեսվարող սուբյեկտը համապատասխան հաշիվ-ապրանքագրով վաճառել է ապրանք ՌԴ տնտեսվարող սուբյեկտին, ինչի դիմաց ՌԴ-ից փոխանցվել է ռուսական ռուբլի, սակայն «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում (2022թ. դեկտեմբեր ամսին) նշված արտարժույթով գումարի տրամադրումը մերժվել էր՝ պատճառաբանելով, որ վաճառված ապրանքների համապատասխան խմբաքանակում եղել է ապրանք (հայելի), որը ՌԴ-ում համարվում է սանկցիոն ապրանք, մինչդեռ հայելին եղել է օգտագործված և ուղիղ արտահանվել է ՀՀ-ից։

Խնդրի վերաբերյալ պաշտոնական գրությամբ Կենտրոնական բանկից փորձել ենք պարզել, թե ինչ իրավական հիմքով է մերժվել ռուսական ռուբլու տրամադրումը տնտեսվարողին։

Կենտրոնական բանկից նաև հարցրել էինք՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո կամ դե յուրե միացել է ՌԴ-ի դեմ իրականացվող արևմտյան պատժամիջոցներին, և արդյո՞ք այդ համատեքստում են տնտեսվարողներից պահանջում արտահանվող ապրանքներիի ԱՏԳԱԱ (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) ծածկագրերը, արտահանվող ապրանքների ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվություն, ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրերը, ներմուծվող կամ արտահանվող ապրանքների տրանսպորտային փաստաթղթերը (ավիաբեռնագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր) և այլն։

Ի պատասխան մեր հարցերի, որոնցով փորձել էինք պարզել՝ արդյո՞ք հայաստանյան բանկերը միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Կենտրոնական բանկից պատասխանել են շատ կարճ՝ միաժամանակ վերահաստատելով կասկածներն առ այն, որ հայաստանյան բանկերը միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Եվ այսպես, ըստ Կենտրոական բանկի, մեր հարցադրումը վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների միջև գործարար հարաբերություններին, որոնց Կենտրոնական բանկն իրավասու չէ միջամտել:

Ուշադրության է արժանի Կենտրոնական բանկից ստացված պատասխանի հաջորդ հատվածը, որով էլ հաստատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու հանգամանքը։

«Բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը` ներառյալ այն ռիսկերը, որոնք առաջանում են միջազգային պատժամիջոցների արդյունքում։ Սրա շրջանակներում բանկերը կարող են իրականացնել նշված ռիսկերի կառավարմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ` հաշվի առնելով ոչ միայն ներպետական օրենսդրության պահանջները, այլ նաև` միջազգային գործընկերների նկատմամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև իրենց բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը»,- նշված է մեզ տրված ինքնախոստովանության նմանվող ԿԲ պատասխանում։

Ստացվում է՝ Կենտրոնական բանկն ուղղակի ասում է՝ քանի որ առևտրային բանկերն ունեն գործարար հարաբերություններ միջազգային տարբեր գործընկերների հետ, հետևաբար հաշվարկում են այն ռիսկերը, որոնք առաջանում են միջազգային պատժամիջոցների արդյունքում և որոշում՝ դրանց տակ մտնե՞լ, թե ոչ, ինչը առևտրային բանկի և ոչ Կենտրոնական բանկի որոշելիք հարցն է։

Տեսանյութեր

Լրահոս