Տալլինում Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Տալլինում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում (ICDS)։
Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Նախարար Միրզոյանը ներածական խոսքում ներկայացրել է փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, վերջին շրջանի զարգացումներն ու միտումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը և դրա կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող ջանքերն ու շարունակական մարտահրավերները:
Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, մինչև օրս ծավալված երկխոսության միջոցով ձեռք բերված պայմանավորվածություններին, դրանց իրականացման կարևորությանը:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի կնքման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը շարունակելու կարևորությունը: