Թուրքիան ոչ թե նախապայմաններ, այլ պահանջներ է առաջ քաշում. Իսկ ովքե՞ր են երրորդ երկրի քաղաքացիները, սա շատ վտանգավոր է ՀՀ-ի համար. Մհեր Աբրահամյան

Տալինում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ժամանակն է կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և ՀՀ–ի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչել այդ համաձայնությունները»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նախորդ տարվա ապրիլին Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ Մարգարայի կամուրջը պատրաստ է շահագործման։ Սակայն այն մինչև հիմա չի գործում։ 30 տարուց ավելի փակ վիճակում գտնվող կամուրջը բացվել է մեկ անգամ՝ նախորդ տարի փետրվարին, երբ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանն այս կամրջով հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիա։

Ի վերջո, այսօր իրատեսակա՞ն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, հաշվի առնելով այն նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ է քաշում՝ ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելու համար։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Մհեր Աբրահամյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ արձանագրեց, որ դրանք այլևս նախապայմաններ չեն, այլ պահանջներ են։

«Այսինքն՝ «նախապայման» եզրույթը արդեն կարելի է համարել հայ-թուրքական հարաբերությունների այսպես հին պատմության վերապրուկ, որովհետև դա չի հանդիսանում այլևս նախապայման, այլ հստակ պահանջներ են։ Վերջին շրջանում Թուրքիայի հետ զրույցները, հատկապես դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ այսօր Հայաստանի հետ հարաբերություններում թելադրողը ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն են, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի կողմից առաջ բերված դիվանագիտական խնդիրները, որոնք պետք է լուծում ստանան, այլ Թուրքիայի կողմից առաջ բերված պահանջները։

Այսօր ասում են, որ սահմանը պետք է բացվի երրորդ երկրի քաղաքացիների ու դիվանագետների համար։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան հստակ պահանջ է դնում, որ իր համար ցանկալի է, որպեսզի ՀՀ սահմանով երրորդ երկրի քաղաքացիներ անցնեն։ Իսկ ովքե՞ր են այդ երրորդ երկրների քաղաքացիները, ադրբեջանցիները հանդիսանո՞ւմ են երրորդ երկրի քաղաքացի, Սիրիայում և Թուրքիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների անդամները, հանդիսանո՞ւմ են երրորդ երկրի քաղաքացիներ, այո, հանդիսանում են։ Կարծում եմ՝ սա Հայաստանի համար շատ ու շատ վտանգներ է պարունակում»,- նշեց Մհեր Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ օրվա իշխանությունը հստակ գործում է Թուրքիայի թելադրանքով։ Եվ սահմանների բացումը Հայաստանի համար բերելու է ոչ թե իշխանությունների պատկերացրածով «երազանքի երկիր» դառնալու իրականություն, այլ լինելու է այն, որ Թուրքիան իրականացնելու է իր ծրագիրը՝ Հայաստանի տարածքն օգտագործելու է՝ որպես տարանցիկ ճանապարհ սեփական հարցերը լուծելու համար։

Անդրադառնալով Պաղեստին պետությունը ճանաչելու մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությանը և պատասխանելով հարցին, թե եթե նկատի ունենանք, որ ՀՀ իշխանությունների այս քայլն առաջինը ողջունեց Թուրքիան, կարելի՞ է ենթադրել, որ սա նույնպես Թուրքիայի թելադրանքի արդյունք էր, Մհեր Աբրահամյանը նախ հղում կատարեց պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի խոսքին, որ Պաղեստինի խնդիրը հայկական տիրույթում բավականին ուսումնասիրված է, ապա շարունակեց.

«Սա կապվում է Թուրքիայի հետ, որովհետև Էրդողանի հետ հեռախոսազրույցից դեռևս 24 ժամ էլ չէր անցել, ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է անում, որ ճանաչում է Պաղեստին պետությունը։ Սա այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունն ամենակրիտիկական պահին չճանաչեց Արցախի անկախությունը, որի անվտանգության երաշխավորը հանդիսանում էր Հայաստանը։ Սա թույլ է տալիս ասելու, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը զուտ Թուրքիայի թելադրանքով։ Սա վկայում է նաև այն, որ առաջինը սա ողջունեց Թուրքիայի ԱԳՆ-ն, և երկրորդը՝ այդ հայտարարությունից հետո Էրդողանը Նիկոլ Փաշինյանին դիմում է «հարգելի» տերմինով, որն Էրդողանին բնորոշ քայլ չէ հայերի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա հայատյացությունը»,- շեշտեց թուրքագետը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու Թուրքիայի առաջ քաշած պահանջին՝ հրաժարվել հարցի առաջ մղումից, Մհեր Աբրահամյանն ասաց, որ Հայաստանը միշտ առաջամարտիկ է եղել ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում՝ ՀՀ անկախության հենց սկզբից։

«Բայց այսօր տեսնում ենք, որ առհասարակ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն է դուրս մղում ՀՀ իշխանությունների օրակարգից և դրա վառ ապացույցը, եթե կենղացային մակարդակով ասենք՝ Արարատի նկատմամբ անուշադրությունն է։ Այսօր իշխանություններն այդ ամենը թողնում են գիտական օրակարգում, որը թուրքական օրակարգ է, եթե հիշենք 2005 թվականին Թուրքիայի առաջարկը՝ որ հարցը թողնեն պատմաբաններին և ձևակերպեն երկու երկրների հարաբերություները։ Այսօր ՀՀ իշխանությունը գնում է պահանջով, որը դրել է Թուրքիան, սրանից հետևություն, որ հայկական կողմը դա ևս ուսումնասիրում է պատմական առանցքների շրջանակում՝ քաղաքական և դիվանագիտական առումով հրաժարվելով այդ հարցից»,- եզրափակեց Մհեր Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս