Հայաստանը տեղեկություններ կփոխանակի նաև կրիպտոակտիվներով իրականացված գործարքների մասին. ՊԵԿ պաշտոնյա

Հայաստանը 2027 թվականից կկարողանա փոխանցել և այլ երկրներից ստանալ նաև կրիպտոակտիվներով իրականացված գործարքների մասին տեղեկություններ:

Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանը Երևանում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Դեռևս 2015 թվականից ՀՀ-ն սկսել է ինտեգրվել հարկային թափանցիկության միջազգային ստանդարտներին, բայց, թերևս, մեծ թափ է առել ավելի շատ վերջին տարիներին: Անցյալ տարի մենք արդեն պարտավորություն վերցրինք նաև ավտոմատ եղանակով տեղեկություններ փոխանակել»,-ասաց Նաիրուհի Ավետիսյանը՝ դա համարելով առանցքային քայլ՝ ավելի լուրջ հարկային թափանցիկության ուղղությամբ քաղաքականություն որդեգրելու առումով:

Ասիայի նախաձեռնության անդամ դառնալը նա ևս մեկ քայլ առաջ համարեց՝ տարածաշրջանում ևս ցույց տալու, որ Հայաստանը՝ ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, կարևորում է հարկային ստանդարտների ներդրումը հարկային համակարգում:

Հարկային թափանցիկությունը տեղեկությունների փոխանակման մասին է: Տեղեկությունները կարող են փոխանակվել ըստ հարցման: ՀՀ-ն արդեն անցել է իր փորձագիտական գնահատման գործընթացները:

«Այս ամսվա սկզբին մենք արդեն դա վերջացրինք: Եվ արդեն մեր վարկանիշը՝ նախնական գնահատականը, թե ինչպես ենք մենք տեղեկությունները փոխանակում, պատրաստ կլինի մյուս ամիս: Փետրվարին արդեն կհրապարակվի վերջնական գնահատականը: Մյուս տարվա սեպտեմբեր ամսվանից մենք արդեն ավտոմատ կերպով տեղեկությունների փոխանակում կիրականացնենք աշխարհի շուրջ 137 երկրի հետ: Սա արդեն ֆինանսական հաշիվների մասին է: ՀՀ-ն պարտավորվում է տեղեկություններ փոխանակել այլ երկրների ոչ ռեզիդենտ անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ: Հաշվի առնելով, որ տեղեկությունների փոխանակումը միշտ լինում է փոխադարձության սկզբունքով՝ այդ տեղեկությունները Հայաստանը կստանա նաև իր ռեզիդենտների մասին աշխարհի տարբեր երկրներից»,-ասաց նա՝ դա տեղեկությունների փոխանակման բնագավառում գնահատելով շատ լուրջ առաջընթաց:

Հայաստանը միացել է նաև «Կրիպտոակտիվների հաշվետվողականության շրջանակին»: «Դա ենթադրում է, որ 2027 թվականից տեղեկություններ ենք փոխանակելու նաև կրիպտոակտիվներով իրականացված գործարքների մասին»,-ասաց Ավետիսյանը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի անդամ է 171 երկիր: Գլոբլ ֆորումն ունի նախաձեռնություններ՝ Ասիայի, Լատինական Ամերիկայի և աֆրիկյան երկրների համար: Ասիայի նախաձեռնությունը մեկնարկել է 2021-ին, դրան միացել է նաև Հայաստանը:

2024-2025թթ Հայաստանը համանախագահելու է Ասիայի նախաձեռնությունը: «Սա նշանակում է, որ ՀՀ-ն խիստ կարևորում է այս թափանցիկության ստանդարտները: Դա նշանակում է համապատասխան օրենսդրություն, ինֆորմացիան փոխանակելու կարողություն: Եվ բնականաբար փոխանակման ողջ գործընթացը պետք է լինի անվտանգ, գաղտնիության, անվտանգության բոլոր կանոնները պետք է պահպանվեն»,-նշեց Ավետիսյանը:

Հայաստանն այդ գաղտնիության և անվտանգության կանոնների հետ կապված փորձագիտական գնահատում է անցել, ստացել շատ բարձր գնահատական:

Երևանում 6-րդ բարձրաստիճան հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջև ստորագրվել է «Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՉԺՀ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների գործակալության նախագահ Թամ Թամ Փանը։

Տեսանյութեր

Լրահոս