Մոռացել են իրենց անցյալը. Ո՞վ եք դուք, ի՞նչ արժանիք ունեք

Այսքան տարի ստերի վրա թագավորել են, այսօր եկել ուրիշներին են ստերի մեջ մեղադրում, կեղծիքի մեջ մեղադրում, վարկաբեկում են, վատաբանում։ Լեզվի տակ փուշ չկա, ինչ մտքներով անցնում է, դուրս են տալիս։

Կրկին ելել են թփերի տակից, ոստիկանական պատնեշի հետևից առյուծ են կտրել, հոխորտում են, պիտակներ կպցնում մարդկանց, վիրավորում։

Մեկ ամիս է, սսկվել էին՝ իշխանությունը կորցնելու վտանգ էին տեսել, իրար էին խառնվել։ Համարձակություն են ձեռք բերել, էլի դուրս են եկել, վրա են տվել։

Ո՞վ եք դուք, ի՞նչ եք ձեզանից ներկայացնում, ի՞նչ արժանիքներ ունեք, ի՞նչ եք արել այս երկրի համար, որ կարող եք ձեզ այդպիսի բան թույլ տալ։

Կարդացեք նաև

Մոռացել են իրենց անցյալը։

Մոռացել են, թե ո՞նց են հայտնվել իշխանության աթոռներին, ի՞նչ ճանապարհով։

Համատարած ստել են ու խաբել։ Երկիրը տակն ու վրա են արել, քայքայել, գցել թշնամու երախը։

Արել են իրենց ասածների ճիշտ հակառակը։

Այդքանից հետո դեռ հանգիստ ասում են՝ այդպես է պետք եղել, այդպես ենք արել։

Խաբել են՝ մի բան ասել, մեկ այլ բան են արել։ Արել են, ինչպես իրենց ձեռնտու է եղել։

Չկա մի բան, որ Հայաստանի, հայ ժողովրդի օգտին արած լինեն։ Արել են թշնամու օգտին։

Ինչ ասել են, սուսուփուս արել են։ Համարձակություն չեն ունեցել թշնամու վիրավորանքներին, նույնիսկ խիստ անձնական վիրավորանքներին մեկ անգամ գոնե տղամարդավարի պատասխանել, արձագանքել, բայց իրենց ընդդիմախոսների վրա շակալների նման հարձակվում են, պախարակում են, ոստիկանական շուրջկալներ են կազմակերպում, մահակ ցույց տալիս, մարդկանց գետնին են փռում, վախեցնում բանտերով։

Թշնամու հետ շփումներում իրենց նապաստակի պես են պահում, չեն կարողանում անգամ վախերը թաքցնել, ներսում առյուծ են կտրում։ Վերջին ստորի պես են իրենց պահում։ Մարդկանց պատիվն ու արժանապատվությունն են վիրավորում։

Իրենք ոչինչ չարժեն, իրենց ոչնչությունը փորձում են քողարկել՝ ուրիշների վաստակը գետնին տալով, տրորելով, մրոտելով ու սևացնելով։

Դարձել են պարտության սիմվոլ՝ քիչ է, նույնը փաթաթել են պետության ու ժողովրդի վզին։

Զոռբայությամբ պահում են իշխանությունը։ Չեն թողնում գոնե խելքը գլխին, բանիմաց, փորձ ու հմտություններ ունեցող մարդիկ գան, փորձեն այս վիճակից երկիրը հանել։

Իրենք ի վիճակի չեն, ուրիշներին էլ մոտ չեն թողնում։ Ոստիկանական մահակով պահում են իշխանությունը։ Պատրաստ են մինչև վերջ կործանել երկիրը, բայց ոչ մի պարագայում չզիջել իշխանությունը։

Իշխանությունը դարձրել են իրենց կյանքի իմաստը։ Բայց ոչ թե հայրենիքի սիրուց ու նվիրումից դրդված, այլ՝ անձնական շահերից ելնելով։

Սուրճի փող չունեին, հիմա միլիոններ են ստանում պետության հաշվին, բնակարաններ ու թանկարժեք մեքենաներ են գնում, ծառայողականներով են երթևեկում, այլևս հասարակ քաղաքացիներին ծառայողական մեքենաների պատուհաններից են նայում։ Չեն տեսնում մարդկանց ապրումները, վշտերը, նվաստացած վիճակը, թշվառությունը։

Հիմա իրենց համար ամեն ինչ լավ է, չեն ուզում զրկվել պետության փողերով վայելքների մեջ գտնվելու հաճույքներից։

Պետության հաշվին մարդ են դարձել, մարդամեջ են մտել, բնակարանի, ավտոմեքենաների տեր են դարձել, հարստացել են, սոսնձվել են իրենց աթոռներին։

Լավ գիտեն, որ վաղն իշխանության չեղան՝ արհամարհված ու անտեսված են լինելու։

Ստիպված են լինելու լուռ լսել ամբողջ ճշմարտությունն իրենց մասին, իրենց արածների ու չարածների մասին, բերած չարիքների ու արհավիրքների մասին։ Այլևս չի լինելու ոստիկանական այն պատնեշը, որի հետևը կկարողանան թաքնվել ու այնտեղից հոխորտալ մարդկանց վրա։

Շատերը նույնիսկ փողոց դուրս գալու համարձակություն չեն ունենալու։

Շատերն էլ գուցե ամոթից դուրս չգան, եթե մինչ այդ ամոթի մի փոքր զգացում մեջները մնացած լինի։

Քանի դեռ իշխանության են, բոլոր լծակներն իրենց ձեռքում է, իրավապահ համակարգին հրահանգ են տալիս ու բաց թողնում ընդդիմախոսների վրա։

Ի՞նչ են անելու վաղը, երբ այդ հնարավորությունն այլևս չլինի։

Սա ամենևին էլ սպառնալիք չէ։ Սա այն իրականությունն է, որին վաղ թե ուշ այս մարդիկ առերեսվելու են այն ամենից հետո, ինչ բերել են երկրի գլխին։

Բերել են՝ երբեմն գիտակցված, երբեմն՝ չգիտակցելով, երբեմն՝ չիմացությամբ ու փորձի պակասի պատճառով, երբեմն էլ՝ հայրենիքն անձնական շահերին ու բարեկեցությանը ստորադասելով։ Բոլոր դեպքերում՝ հետևանքները նույնն են։ Ու ինչքան էլ փորձեն դրանք բարդել ուրիշների վրա, չի ստացվելու։ Խաբկանք է այդպես կարծելը։ Այսօր պետության լծակներն են թույլ տալիս փակել ընդդմախոսների բերանները, վաղը դա չի լինելու։

Ճշմարտությունը ստերի տակ անհնարին է հավերժ թաքցնել՝ ճնշումներով ու վախի մթնոլորտ ստեղծելով։ Վեց տարի է՝ երկիրն այդ վիճակում է։ Սուտը դրել են պետության քաղաքականության հիմքում ու փորձում են առաջ տանել։

Ստերից մարդիկ են խոսում, ովքեր, վեց տարի է՝ ստերով են կառավարում երկիրը, ստերով կերակրում են մարդկանց, արդարացումներ փնտրում, իրենց մեղքերը դնում ուրիշների վրա, իրենց արածները վերագրում ուրիշներին, ոստիկանական շարասյուների ու պետական պահպանության հետևում թաքնվելով՝ հոխորտում, մատ թափ տալիս, սպառնում դատ ու դատաստաններով, մարդկանց պահում փակի տակ։

Մինչև ե՞րբ պիտի սա շարունակվի ու հանդուրժվի։ Մի օր ի վերջո մարդիկ զարթնելու ու բաց աչքերով նայելու են այն իրականությանը, ինչ վերջին տարիներին տեղի է ունեցել և ունենում է Հայաստանի հետ՝ այս իշխանությունների օրոք։ Ինչքան էլ այսօր գուցե հաջողվում է ստերով ու կեղծիքներով մոլորեցնել շատերին՝ իրականությունն անհնարին է լինելու անվերջ թաքցնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս