Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է
Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը հունիսի 8-ին, ժամը 21։34-ին մարվել է։
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում իրականացնում է հերթապահություն։
Փրկարար ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր. «Հունիսի 6-ին ժամը 23.14-ին ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչպես նաև «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան-Սևան մայրուղում գտնվող գազալցակայանում պայթյունի և բռնկված հրդեհի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Փրկարարական ուժերի և Բժշկական ապահովման վարչությունների մեկական օպերատիվ և հերթապահ խմբեր։
Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է հրդեհի «Թիվ 3» կանչ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 13 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ, 1 փրկարարական ջոկատ և համայնքային 12 ջրատար, որոնցից 5-ը՝ Երևանի քաղաքապետարանից, 3-ը՝ Աբովյան համայնքից, 1-ական՝ Նոր Հաճն և Ակունք համայնքներից, և Բալահովիտ համայնքի բնակչի 2 ջրատար։
Հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնել է Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Գևորգյանը»։
Ընդգծվել էր, որ ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում գտնվող «Գազ Օօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Պայթյունից տուժել է 7 քաղաքացի, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։