Գիտնականները պարզել են՝ երբ է երկրի վրա քաղցրահամ ջուր հայտնվել
Ավստրալիայի և ԱՄԷ-ի գիտնականները ապացույցներ են գտել, որ քաղցրահամ ջուրը Երկրի վրա հայտնվել է մոտ չորս միլիարդ տարի առաջ՝ 500 միլիոն տարի ավելի վաղ, քան նախկինում ենթադրվում էր: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Geoscience ամսագրում։
Փորձագետները վերլուծել են Արևմտյան Ավստրալիայի Ջեք Հիլզ շրջանի հնագույն ցիրկոնի բյուրեղները՝ հայտնաբերելով թթվածնի թեթև իզոտոպների հետքեր, որոնք թվագրվում են չորս միլիարդ տարի առաջ: Սա հնարավորություն տվեց բացահայտել Երկրի վրա առաջին քաղցրահամ ջրի հայտնվելու ժամանակը` մոլորակի ձևավորումից մի քանի հարյուր միլիոն տարի անց:
Թթվածնի թեթև իզոտոպները սովորաբար ձևավորվում են, երբ Երկրի մակերևույթից մի քանի կիլոմետր ցած գտնվող լեռնազանգվածները ենթարկվում են տաք քաղցրահամ ջրի ազդեցությանը: Այս գտածոն մարտահրավեր է նետում գոյություն ունեցող տեսությանը, որ չորս միլիարդ տարի առաջ Երկիրն ամբողջությամբ ծածկված էր աղի օվկիանոսով: Երկրի ներսում քաղցրահամ ջրի առկայությունը վկայում է ցամաքի ավելի վաղ առաջացման և հիդրոլոգիական ցիկլի մասին:
Բացահայտումը ենթադրում է, որ ցամաքային զանգվածներն ու քաղցրահամ ջուրը ստեղծել են պայմաններ կյանքի առաջացման համար մոլորակի ձևավորումից 600 միլիոն տարի անց: