Իշխանությունների և հակառակորդի համաձայնությամբ կարող է ինչ-որ լարվածություն մեծացվի, ինչ-որ խնդիրներ առաջանան սահմանին, բայց լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չկա. Տիրան Խաչատրյան

Հանրապետության հրապարակում «Հանուն Հայրենիքի» շարժման  կամ  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դրականի սպասումով է  մասնակցում:

«Իրավիճակը գոնե ճիշտ գնահատելուց հետո, ժողովուրդը, ինչքան էլ հիասթափված, հուսախաբված  լինի, պետք է դուրս գա, այսպես ասած, վերջին մարտին, որպեսզի խաբված վիճակը կարողանա գոնե հաղթահարել, և այնպիսի մարդկանց վստահի իր ապագան, որոնց հետ  հեշտ ու անվտանգ կլինի՝ և՛ երկրի զարգացման առումով, և՛ անվտանգային տեսակետից»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա:

Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում հյուսիսարևելյան պաշտպանական գծի քանդվելու, ճեղքվելու  կամ Տավուշում առաջնագծի վերացման հետևանքներին անդրադառնալով, ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է.

«Ամրաշինական կառույց կամ  հագեցված,  նախապատրաստված պաշտպանությունը ճեղքելու համար ռազմական օպերացիա է մշակվում,  լուրջ ուժեր են կենտրոնացվում և լուրջ ծախսերի, ապահովման ու   ժամանակի հետ կապված բավական խնդիրներ պետք է լուծի։ Դրա արդյունավետությունը նույնիսկ շատ լավ պլանավորելու դեպքում ինչպիսին կլինի, խիստ կասկածելի է։ Այս պարագայում, առանց այդ ամեն ինչի,  մեր պաշտպանությունն ուղղակի քանդում են, ճեղքվածք է առաջանում: Եվ այն, ինչ 10, 15, 20, 30 տարվա ընթացքում իրականացվել է տեղանքին, իրավիճակին, ունեցած միջոցներին համապատասխան, և հիմա պետք է շատ կարճ ժամանակամիջոցում արվի, այդպես չէ: Այսինքն՝ այն ճեղքվածքը, որն առաջանում է, շատ տարիներ է պահանջելու, որ դա փակվի: Արդյո՞ք դա կուզենան փակել, կկարողանան փակել, իսկ մինչև այդ փակելն ինչ զարգացումներ կլինեն, հետագա ինչ խնդիրներ կառաջանան, դա է ամենավտանգավորը»:

Կարդացեք նաև

Այս համատեքստում գեներալը նշել է, որ ոչ թե միայն Տավուշի  գյուղերն են խոցելի դառնում նկարագրված հետևանքով, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության լինելիությունն է դրվում նժարին:

«Դրանից հետո մենք պաշտպանական, ամրաշինական, նախապատրաստվածության առումով ոչինչ չունենք այսինքն՝ դա դառնում է մի գոտի, որտեղից հակառակորդն իր ուժերն ու միջոցներն անարգել կարող է տեղաշարժել ներս ու ծավալել: Այդ ճեղքը բերելու է ամբողջական փլուզման»,- ընդգծել է Տիրան Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարություններին, որ իրենք առաջնագիծը կահավորում են, Տիրան Խաչատրյանն արձագանքել է․ «Այն տեղերում, որտեղ որ նոր բնագծեր են զբաղեցրել և դրա հետ կապված աշխատանքներ են իրականացնում, տարվում են աշխատանքներ, բայց այն, ինչ պետք է արվի, կամ, ինչ արվել է, դրա մասին եկեք չխոսենք, չի կարելի»։

Հարցին՝ արդյո՞ք պատերազմի հավանականություն տեսնում է, Տիրան Խաչատրյանը պատաասխանել է.

«Ես այսօր  լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չեմ տեսնում, չկա, որովհետև անկախ ամեն ինչից՝ պատերազմ սկսելու համար պետք է լինի ինչ-որ հիմնավորում, ի վերջո, պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանպաարհով: Իսկ  ինչ քաղաքականություն է տարվում, որ դրա լուծումը չկա և դա անպայման պետք է պատերազմով լուծվի։ Կարող են լինել լոկալ բախումներ, ինչ-որ սադրանքներ լինել, որոնց արդյունքում լարվածություն առաջանա,   բայց լայնամասշտաբ պատերազմ չի կարող լինել։ Այսօր կարող է այս իշխանությունների և հակառակորդի համաձայնությամբ ինչ-որ լարվածություն մեծացվի, ինչ-որ խնդիրներ առաջացնեն ցույց տալու համար, բայց այնպիսի բան, որ գերտերությունների կողմից կարդարացվի, այդպիսի գործողության հնարավորություն չեմ տեսնում»,- եզրափակել է գեներալը:

Տեսանյութեր

Լրահոս