Բաժիններ՝

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, ռազմական գործողությունների ընթացքում առաջին այցն է կատարել Ուկրաինա

Էդինբուրգի դքսուհի Սոֆին այցելել է Ուկրաինա, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նրա կնոջ հետ։ Սա բրիտանական արքայական ընտանիքի անդամի առաջին այցն է Ուկրաինա 2022 թվականին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

59-ամյա Սոֆին, որը Չարլզ 3-րդ թագավորի կրտսեր եղբոր՝ արքայազն Էդվարդի կինն է, անակնկալ այց է կատարել Ուկրաինա Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության անունից։ Ըստ Բուքինգհեմյան պալատի տարածած հայտարարության՝ դքսուհին Ուկրաինայում է՝ համերաշխություն ցույց տալու պատերազմից տուժածներին, ինչպես նաև որպես հակամարտությունների ընթացքում սեռական բռնությունների ենթարկվածներին պաշտպանելու իր աշխատանքի մի մաս։

Դքսուհի Սոֆին հարգանքի տուրք է մատուցել Կիևից ոչ հեռու գտնվող Բուչա քաղաքում զոհվածների հիշատակին․ ռուսական ուժերին մեղադրում են այնտեղ ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մեջ։

Նա նաև հանդիպել է հակամարտության ընթացքում սեռական բռնությունների և կտտանքների ենթարկվածների հետ, ինչպես նաև երեխաների հետ, որոնք ռազմական գործողությունների ընթացքում բաժանվել էին իրենց ընտանիքներից։

Դքսուհի Սոֆին նախկինում այցելել է Կոսովո, Սիերա Լեոնե, Հարավային Սուդան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Կոլումբիա, որտեղ ևս հանդիպել է հակամարտությունների ընթացքում սեռական բռնություններից տուժածների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս