Ռուսաստանն արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը
՜,ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չեն ընդունել տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ բանաձևի նախագիծը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Քվեարկության ժամանակ նախագծին աջակցել է 13 երկիր, Չինաստանը ձեռնպահ է մնացել։ Ռուսաստանը կիրառել է վետոյի իրավունքը:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «առաջին հերթին դա կապված է եղել այն բանի հետ, որ մեր առաջարկած սկզբունքային փոփոխություններն անտեսվել են»։
«Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության խիստ հանձնառությունը տիեզերական իրավունքի ոլորտում միջազգային իրավական պարտավորություններին, ներառյալ 1967 թ. Տիեզերքի մասին պայմանագրին: Ընդգծում ենք մեր հաստատակամ պատրաստակամությունը՝ օպերատիվ կերպով համաձայնեցնելու և կնքելու Տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու (ՏՍՄԿ) վերաբերյալ համապարփակ միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր», – հայտնել է Զախարովան։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք տեղակայել տիեզերքում։
«Եթե դա այդպես է, ապա այսօրվա վետոն հարց է առաջացնում՝ ինչո՞ւ։ Եթե դուք հետևում եք կանոններին, ապա ինչո՞ւ չեք աջակցում բանաձևին, որը վերահաստատում է դրանք», – ասել է նա։
Բանաձևի նախագիծը մշակվել է ԱՄՆ-ի կողմից` Ճապոնիայի հետ համատեղ։ Դրանում ասվում է, որ «մեր ընդհանուր նպատակն է կանխել սպառազինությունների մրցավազքը տիեզերքում», ինչպես նաև պահանջվում է Տիեզերքի մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարում, մասնավորապես, «Երկրի շուրջ ուղեծրում միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ զենք չտեղադրելը»: