«Ինչ պետք է և որտեղ պետք է՝ ասել ենք». Այրումի վարչական ղեկավար
Արդեն 6-րդ օրն է, ինչ Տավուշի մարզում չեն դադարում բողոքի ակցիաներն ընդդեմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիմքով կայացրած որոշման՝ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները։
Բնակիչները պնդում են՝ ՀՀ իշխանությունը հայկական հողեր է հանձնում Ադրբեջանին՝ խաթարելով առանց այն էլ փխրուն անվտանգությունը։
Չնայած դրան, աշխատանքները շարունակվեցին: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովին կից ստեղծվեց երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկում ընդգրկված էին նաև Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղի ղեկավարներ և նշված գյուղերից մեկի բնակիչ։
Ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո Տավուշի գյուղերի որոշ ղեկավարներ հայտարարեցին, որ դուրս են գալիս աշխատանքային խմբից, քանի որ չեն ուզում մաս կազմել այն քաղաքականությանը, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը սահմանազատման գործընթացքում։
168.am–ը Տավուշի մարզի Այրում գյուղի վարչական ղեկավար Արթուր Այվազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի սահմանազատման գործընթացի վերաբերյալ, արդյո՞ք այն նվազեցնելու է էսկալացիայի ռիսկերը, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ կարող այդ հարցերին պատասխանել, ինչ պետք է և որտեղ պետք է՝ մենք ասել ենք»,- նշեց Արթուր Այվազյանը։
Վարչական ղեկավարից նաև հետաքրքրվեցինք՝ բողոքի ակցիաներին մասնակցո՞ւմ է, բնակիչների կողքի՞ն է: Ա. Այվազյանը հրաժարվեց պատասխանել հարցին.
«Կներեք, բայց հարցերի չեմ պատասխանում»։