Բաժիններ՝

Այրում գյուղ մուտք ու ելք անում են երկաթուղու կամրջով. Հաղպատում բացել են ճանապարհը. տեղի է ունենում վնասի գնահատում. Վարչական ղեկավարներ

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձրևի հետևանքով վարարել է Դեբեդ գետը և Լոռվա մարզի մի շարք բնակավայրերում ստեղծվել է աղետալի իրավիճակ։ ՆԳՆ-ն արդեն հայտնել է, որ աղետի հետևանքով կա 4 զոհ։ Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:

Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Տավուշի մարզի մի շարք համայնքներում ևս ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Այս ամենի հետևանքով որոշ գյուղեր պարզապես մնացել են արգելափակված՝ մուտքը և ելքը գյուղեր դարձել է անհնարին։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ, դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ բավականին խոշոր են:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Այրում գյուղի վարչական ղեկավար Արթուր Այվազյանն ասաց, որ այս պահին գյուղ ելք ու մուտք անում են երկաթուղային կամրջով։

«Այս պահին երկաթուղային կամուրջն աշխատում է՝ գյուղից մի 2 կմ հեռավորության վրա է։ Հաջողվում է օգնություն մտցնել գյուղ այդ կամրջով, որը մյուս մոստերի հետ կապ չունի։

Աստիճանաբար սկսում են վնասի գնահատում իրականացնել գյուղում»,- նշեց Արթուր Այվազյանը։
Վարչական ղեկավարի խոսքով՝ հեղեղումների հետևանքով գյուղում գրեթե ամեն ինչ վնասվել է՝ տներ, կամուրջներ, օբյեկտներ։

«Կոնկրետ ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է նման աղետալի վիճակ եղել գյուղում՝ հորդառատ անձրևների հետևանքով»,- նշեց Արթուր Այվազյանը։

168.am-ի հետ զրույցում Հաղպատի վարչական ղեկավար Վարոս Վարոսյանն ասաց, որ այս պահին գյուղում ընթանում են վնասների չափի գնահատման աշխատանքներ։

«Խնդիր ունեինք գյուղ մուտքի հետ՝ Մ6-ից մեր գյուղի մուտքը փակ էր։ Սակայն այս պահին ճանապարհը բացել են, կապը կա։ Մեքենաները կարող են գյուղ մտնել, քաղաքի հետ կապը կա։

Չեմ կարող մոտավորապես ասել կրած վնասի չափը, վնասները շատ-շատ են։ Հիմնականում Մ6-ի հարակից տարածքում եղած օբյեկտներն են տուժել։ Հետագայում պարզ կլինի, թե վնասի չափը որքան է։

Որքան որ վերջին օրերին լսել եմ, մեզ մոտ նման աղետալի վիճակ եղել է 50-60 տարի առաջ։ Գյուղում մարդիկ ֆիզիկապես չեն տուժել, այս պահի դրությամբ նման դեպք չենք գրանցել»,- եզրափակեց Վարոս Վարոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս