Ստորություն է այն, ինչ սրանք անում են Տավուշում. մեծ հույս ունեմ, որ համախմբում կլինի. Լևոն Քոչարյան
«Ցավոք, այս իշխանության օրոք մենք տեսնում ենք ՀՀ իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով հենց այն թեզը, որը տարիներ շարունակ տարածում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա շատ մտահոգիչ է, մենք փորձում ենք սրա մասին խոսել, բարձրաձայնել, որպեսզի բոլորը տեսնեն ու հասկանան և, ի վերջո, գիտակցեն, որ այս իշխանությունների մնալու պարագայում մենք պարզապես դառնալու ենք Թուրքիայի ինչ-որ կցորդ մի տարածք»,- Ջահերով ամենամյա երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա ցավով ընդգծեց, որ դեռ մարդիկ կան, որոնք այս ամենը չեն տեսնում։
Պատգամավորի խոսքով՝ քանի դեռ կա ներկայիս իշխանությունը, այս՝ թուրքական գիծը շարունակվելու է։
«Այս ամենի վերջնական նպատակը դառնալու է Թուրքիայի ինչ-որ կցորդ դառնալը։ Իրենց բոլոր գործողությունները դրան են նվիրված, և դա շատ ակնհայտ է։
Հարցն այլ է՝ մենք բոլորս, հայ ժողովուրդը սա հանդուրժելո՞ւ ենք, թե՞ չենք հանդուրժելու»,- շեշտեց Լ. Քոչարյանը։
Անդրադառնալով Տավուշում ընթացող զարգացումներին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ Բագրատ Սրբազանի շուրջ կա ձևավորված շարժում, ինչը շատ լավ է։
«Տավուշում կատարվողն անթույլատրելի է, սա ստորություն է, երբ դու վերցնում ես ամբողջ քո սահմանի երկայնքով մի կտոր ու որոշում ես, որ տալիս ես Ադրբեջանին, անընդունելի է։
Հույս ունեմ, որ այս ամենը կդառնա հանրային համախմբման սկիզբ»,- եզրափակեց Լևոն Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում