Խաղաղության առաջին շահառուները Հայաստանն ու Ադրբեջանն են․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ի՞նչ լծակներ կարող են ունենալ որոշ երկրներ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համատեքստում՝ շեշտելով, որ խաղաղության առաջին շահառուները հենց Հայաստանն ու Ադրբեջանն են։

Փաշինյանն այդ մասին խոսել է բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Լրագրողը բերել է «British Petroleum»-ի օրինակը, որն Ադրբեջանից 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել վերջին չորս տարիներին և հարցրել է՝ արդյոք Հայաստանի իշխանությունը կցանկանա՞ր, որ Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր:

«Նախ ես չէի ցանկանա մեկնաբանել բիզնես գործունեությունը, ներդրումները, որոնք տեղի են ունենում հարևան երկրներում: Ես կարող եմ մի բան ասել, արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ցանկացած ներդրում պետք է ունենա շահագրգռություն, որպեսզի ներդրման միջավայրում և տարածաշրջանում լինի խաղաղություն և հաստատվի խաղաղություն:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են: Բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Եվ այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին 5 ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, որ ի վերջո հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառու»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, անհանգստացնում են Հայաստանի իշխանություններին: «Ինչու՞, որովհետև եթե մենք տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, և այո, այդ հարաբերակցությունը ձևավորում է նաև Ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ: Բայց մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը շեշտել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը: «Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար: Եվ նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես՝ մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որն Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ՝ և՛ ֆինանսական, և՛ ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ ու ունի պաշտպանական նշանակություն, բայց մենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չենք թողնում:

Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել: Այսինքն, որպեսզի կարողանանք փոխադարձ այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է և շարունակում է առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից: «Այդ արձանագրումը, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Մենք առաջարկել ենք չհարձակման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը, որովհետև շատ պարզ համաձայնագիր է, որ մենք, նամանավանդ հիմա, երբ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը դրել ենք մեր սահմանագծման, սահմանազատման պրոցեսի հիմքում, կարող ենք, դա շատ պարզ թուղթ է, ստորագրել, որ չենք հարձակվելու իրար վրա՝ ելնելով այն իրողությունից, որ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչել ենք և միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունենք: Հետևաբար, այս տրամաբանությամբ, կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք աշխատել, և այն համաձայնությունը, որ նախորդ ուրբաթ օրը երկու երկրների սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները ձեռք բերեցին, նաև նման համաձայնություններն իրենք կարող են կայունությանը նպաստել։ Մեծ հաշվով՝ գիտեք ի՞նչ, եկեք մի այսպիսի հարցադրում էլ անենք. տեսեք՝ մենք խոսում ենք ռազմական բյուջեների մասին, բայց, իհարկե, կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնացած միջոցները ներդնենք մեր երկրների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Ճիշտ է, այս տարի մենք մեկ անձին ընկնող համախառն ներքին արդյունքով բավական մեծ առաջընթաց ենք ունեցել, բայց մեր երկրում էլ, Ադրբեջանում էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան: Եվ երբ հնարավոր լինի և երբ լինի խաղաղություն, դա հնարավորություն կտա, որ առաջինը՝ երկու երկրների կառավարություններն այդ ներդրումներն անեն սոցիալ-տնտեսական զարգացումների վրա, և երկրորդը՝ որպեսզի նաև ինչ-որ պահի մենք մտածենք ռեգիոնալ տնտեսական զարգացումների մասին,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ նաև ռեգիոնալ տնտեսական զարգացումների համատեքստում է, որ Հայաստանը որդեգրել և ներդրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ «Մեր մտքերի ընթացքն այդ ուղղությամբ է գնում: Նկատի ունեմ՝ մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության, բայց մյուս կողմից էլ, քանի դեռ չունենք համոզմունք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ենթարկվի հարձակման, մենք, բնականաբար, պետք է զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները: Ընդ որում, ես ասել եմ, որ 29,743 քառ. կմ տարածքից անդին Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ՝ ոչ հարավային, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային, ոչ արևելյան: Եվ մենք կարծում ենք, որ այս հենքի վրա պետք է մեր ինքնիշխանությունը, անկախությունը կառուցենք և զարգացնենք:

Տեսանյութեր

Լրահոս