ՌԴ–ն ակնկալում է ՀՀ–ի արձագանքը ռուսական զորքերի դուրսբերման լուրերի մասին. Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքն այն տեղեկություններին, որ Երևանի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված են Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ավելի վաղ Երևանում հրապարակայնորեն հավաստիացնում էին, որ Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մենք, ակնկալելով այդ գործոնների ամբողջությունը, Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին։ Իհարկե իդեալական կլինի այդ ինֆորմացիայի հերքումը, բայց ամեն դեպքում, խոսքը պաշտոնական Երևանին է», – ասել Է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, որ Մոսկվայում չեն զարմանա, եթե Building Armenia’ s defense and Security resilience փաստաթուղթը, որը ենթադրում է ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների փոխարինում Ամերիկա-ՆԱՏՕ-ԵՄ մասնագետներով, ամերիկացիների և եվրոպացիների կողմից հայկական սահմանին Ադրբեջանի և Իրանի դեմ դիվերսիոն աշխատանքի ընդլայնում, Մեծամորի ԱԷԿ-ի ապամոնտաժում, իսկապես պարտադրված է Հայաստանին ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից։
Ըստ նրա, ակնհայտ է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում նպատակ են դրել կտրել Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր կապերը ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտում, խարխլել տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանային գործընկերության մեխանիզմները։
«Արևմտամետները, ինչպես հասկանում ենք, ինչ գեղեցիկ խոսքեր էլ ասեն Հարավային Կովկասում խաղաղության մասին, փորձում են հարևաններին գժտեցնել՝ ի դեմս Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի», – ասել Է Զախարովան։
Նրա խոսքով` Հայաստանին հատկացվում է միայն այն գործիքի դերը, որով ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են նոր «կրակ բորբոքել»:
Զախարովայի կարծիքով ՝ միամտություն է կարծել, որ Արևմուտքի գործողությունները ինչ-որ կերպ կուժեղացնեն Հայաստանի պաշտպանունակությունը, կբարձրացնեն նրա սահմանային անվտանգությունը, կապահովեն տնտեսական աճ։
«Հակառակը՝ Հայաստանին ուզում են զրկել ազգայինից ու փոխարենը տալ ակնհայտ անիրագործելի ճանապարհային քարտեզներ։ Հետո խաղալով և իրենց կոնյունկտուրային խնդիրները լուծելով ՝ արևմտականները, ինչպես շատ անգամ արել են այլ երկրների հետ … լքելու են Հայաստանը», – հայտարարել Է Զախարովան։