
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում․ նախարար Ավանեսյանն ասում է՝ «տեղյակ չեմ»

Այսօր առավոտից Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում ու մի քանի բժշկական հաստատություններում, սակայն, պարզվում է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղյակ չէ։
Մամուլն այսօր գրել էր, որ խուզարկություն է կատարվում նաև «Ուիգմոր» հիվանդանոցի տնօրենի աշխատասենյակում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն «Ազատության»-ը վստահեցրեց՝ տեղյակ չէ, որ իր գլխավորած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։
Թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է խուզարկություն ընթանում և արդյո՞ք իրավապահները նախարությունից համակարգիչներ են առգրավվել, նա հորդորեց հարցն ուղղել հենց Քննչական կոմիտեին։
«Ես տեղյակ չեմ, ես գտնվում էի կառավարությունում՝ նիստի էի։ Ինքս ծանոթացել եմ լրատվությունից»,- ասաց նախարարը։
Ավանեսյանը նաև հերքեց, թե որևէ գործի շրջանակում վերջերս հարցաքննվել է։
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք ենթականները հարցաքննվել են, Ավանեսյանը պատասխանեց․
«Այլ տեղեկություն չունեմ»։
Ի դեպ, «Հրապարակի» տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանին։ Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները առգրավել են նրա համակարգիչն ու հեռախոսը։