Որ նայում էիր, ոնց որ թագավոր գնար․ Երևանյան երևույթ էր․ Արա Զարյանը՝ պապիկի՝ Կոստան Զարյանի մասին
Որմնանկարչությունը հայ արվեստի հնագույն բնագավառներից է, որը կապված է ճարտարապետության հետ։ Այն, ցավոք, վատ է պահպանված ու քիչ է ուսումնասիրված։ Մի մասի վերականգնման գործը կատարում է վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը։
– Պարո՛ն Զարյան, Դուք հանձն եք առել վերականգնել եկեղեցիների որմնանկարները։ Ի՞նչը նպաստեց, որ սկսեք այդ աշխատանքները։
– Պատմությունը շատ գեղեցիկ է։ Մասնագիտությամբ վերականգնող ճարտարապետ եմ, և երբ Հայաստանում էի ապրում՝ 1980-90-ական թվականներին, զբաղվել եմ միայն եկեղեցիներով, վանքերով, հուշարձաններով։ Ճարտարապետ ընկերների հետ ամռան ամիսներին գնում էինք տարբեր մարզեր, մասնակցում հնագիտական պեղումների, չափագրումներ կատարում, իսկ ձմռանը մեր գրասենյակում, որը կոչվում էր «Հայ վերանորոգ նախագիծ», ամբողջ նյութը հավաքում էինք, ապա սկսում առաջարկներ անել։
Հետո, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մեր հիմնարկը լուծարեցին, ու մոտ 30 աշխատող հայտնվեց փողոցում։ Մեկը սկսեց նկարչությամբ զբաղվել, մյուսը մեկնեց․․․ Իտալիայում կար «Հայ մշակույթի ուսումնասիրման և վավերագրման» կենտրոն, որը ստեղծվել էր իմ հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի մասնակցությամբ։ Ես համագործակցում էի։
Շատերը կհիշեն՝ մի ժամանակ Վերնիսաժում, այսպես կոչված, ալբոմներ էին վաճառում, և ամեն համար նվիրված էր մի հուշարձանի։ Այդ ժամանակ գրասենյակը, որը հրատարակում էր այդ վավերագրերը, ամբողջ վավերագրերը որոշեց Միլանից տեղափոխել Վենետիկ։ Իմանալով տեղափոխության մասին՝ գրեցի, որ գործի մասնակից եմ, աշխատանքս կորցրել եմ, եթե հնարավոր է՝ զբաղեցնեմ թափուր հաստիքը, քանի որ Միլանից չէին կարողացել որոշները տեղափոխվել։ Ընդունեցին աշխատանքի, մեկնեցի ու սկսեցի աշխատել։ Եվ որպեսզի Հայաստանի հետ կապը չկորեր, քանի որ նպատակ ունեի քայլել ՀՀ սարերով ու հուշարձանների հետ իմ հարաբերությունը շարունակել՝ իմ սերը դա էր, որոշեցի դասընթացներ կազմակերպել։
Իտալիայում, Վենետիկում, Շվեյցարիայում դասընթացների ժամանակ տեսա, որ հայոց պատմության, ճարտարապետության նկատմամբ հետաքրքրվածություն կա։ Առաջարկեցի ուղևորվել Հայաստան։ Դրանից հետո ամեն տարի 2-3 ճամփորդություն էի կազմակերպում Իտալիայից Հայաստան։
– Մինչ օրս շարունակվո՞ւմ է այդ ուղևորությունը։
– Այո։ Այդ ճանապարհորդություններից մեկի ժամանակ, 2012թ. մի խմբի բերեցի Հայաստան, ապա՝ Արցախ, Վրաստան, Իրան։ Երբ վերադառնում էինք Իրանից, անցանք Որոտնավանքի մոտով, որն իմ սիրելի վայրն է, քանի որ 4-5 տարի խմբով աշխատել ենք։ Խմբում կար մի մասնագետ, ում չէի ճանաչում։ Անցնում է որոշ ժամանակ, զանգ եմ ստանում։ Կինն ասում է, որ երբ գնացինք Որոտնավանք, այնտեղ Սուրբ Կարապետ եկեղեցու պատին մի փոքրիկ որմնանկար կար, այնքա՜ն սիրուն էր, կուզեի գնալ Հայաստան ու այն վերականգնել։ Եկանք Հայաստան, վերականգնեցինք այդ որմնանկարը ու այդպես վերջացավ։
Հաջորդ տարի, երբ Հայաստան եկա, ճանապարհին հանդիպեցի իմ լավ ընկերոջը՝ Ալեքսանդր Չալաբյանին, ով ասաց, որ Արթիկի Լմբատավանքի եկեղեցին վերականգնել են, արի գնանք, նայենք։ Տեսա այնտեղի որմնանկարները, սկսեցի գրքեր կարդալ, ուսումնասիրել ու պարզեցի, որ 7-րդ դարի որմնանկարներ են, Եզեկիել մարգարեի առաջին տեսիլքն է։ Զանգահարեցի որմնանկարներ վերականգնող կնոջը՝ Քրիստին Լամուրեին, ուղարկեցի նկարները։ Եկանք ՀՀ ու 2014 թվականից ամռանը գալիս, վերականգնում էինք։ Հետո նաև գիրք լույս տեսավ այդ մասին։
– Նաև Արցախում եք որմնանկարներ վերականգնել։
– Շատ երջանիկ օրեր էին… Լմբատավանքի մի որմնանկար որոշեցինք ներկայացնել գիտաժողովներից մեկում՝ Երևանում, 2015թ․։ Սուրբ Թեոդորոսի պատկերը որոշեցինք ներկայացնել՝ որպես կատարված աշխատանք։ Այդ ժամանակ ծանոթացա Արցախի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի հետ, ով ասաց, որ Արցախում՝ Դադիվանքում էլ կա որմնանկար։ Քրիստինի հետ գնացինք, համաձայնեց վերականգնել։
– Վերականգնման աշխատանքների համար ֆինանսական օգնություն ո՞վ էր ցուցաբերում, ինչպե՞ս էիք նյութեր գնում։
– Արցախում առաջին և վերջին անգամ ստացանք պետական պատվեր։ Մնացած դեպքերում մենք էինք ընտրել եկեղեցիներն ու որմնանկարները։
– Ընդհանրապես, երբ մի գործ են կատարում, ասում են՝ հաստատ մի շահ ունի։ Ո՞րն է ձեր «շահը»։
– Մեր շահը շատ պարզ է՝ հասկանալ, բացահայտել մշակութային հսկայական մի անհայտ արժեք, հաղորդել ուրիշներին։
– Տարբեր երկրներում եք լինում, ապրում եք Իտալիայում, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում ո՞վ է գերազանցիկ, ո՞ր երկրում են լավ պահպանում։
– Հայաստանում օրենսդրական համակարգը բարձր մակարդակի վրա է․ հուշարձանների պահպանում, վերականգնում, կոնսերվացում, հաշվառում․․․ Հուշարձանների պահպանման վարչությունում ունենք այնպիսի մի արխիվ, որը լիակատար է։
– Դե, օրինակ, մինչև մի բանը փուլ չի գալիս՝ չենք սարքում։
– Միայն այստեղ չէ, Իտալիայում էլ է այդպես։ Մեր զենքը մեր գրիչն է, մշակույթը, պատմությունը, և մենք պետք է հասկանանք, ճանաչենք այդ ամեն ինչը և կարողանանք միջազգային բոլոր կարևոր ատյաններում ավելի լավ մակարդակով ներկայացնել։ Եթե այդ ուղիով իմանան, թե ո՞րն է Հայաստանը, դա ամենաուժեղ պայքարի միջոցն է, զենքը։
– Դուք ապրել եք հին Երևանում, հիմա ամեն տարի գալիս եք՝ լրիվ նոր Երևանն է։ Ո՞րն է ավելի հոգեհարազատ, և այն ճարտարապետական լուծումները, որ հիմա տրվում են, Ձեզ դուր գալի՞ս են։
– Շատ բարդ հարց է։ Պատանեկությունս անցել է Երևանում․ դպրոց եմ գնացել, համալսարան, ընտանիք եմ կազմել։ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում էր մեր տունը, իսկ բակում Կաթողիկե եկեղեցին էր, որը փոքր գոհար էր։ Այնտեղ կառուցվել էր Լեզվի ինստիտուտի շենքն ու եկեղեցին թաքցրել էին, որ պահեին պատմությունը։
Առաջ մարդու բարձրության հորիզոնով էինք կշռում քաղաքաշինական և ճարտարապետական արժեքները, իսկ հիմա վերև պետք է նայես։ Մի հին շենք թողնում են, իսկ հետևից գնում են երկնաքերները, որոնք այստեղ են նորություն, իսկ ուրիշ տեղերում արդեն չեն անում, էլ տեղ չկա։ Այսինքն, այնպիսի կառուցապատում է գնում, որ նայում եմ, չեմ հասկանում․ քաղաքի դեմքը աղավաղված է, փոխված։ Քաոսային է, սա ապրելու տեղ չէ։
Իտալիայի ոչ մի քաղաքի հետ չեմ կարող համեմատել։ Հռոմի կենտրոնում երկնաքեր չկա։ Վատիկանը չեն քանդել, որ բիզնես ծրագիր անեն։ Այնպիսի խցանումներ, որ Երևանում են, Իտալիայում չեմ տեսել։ Դա քաղաքաշինական անգրագետ լուծումների հետևանք է։
– Դուք գրող Կոստան Զարյանի թոռն եք, գիտեմ, որ շատ փոքր եք եղել, երբ նա կյանքից հեռացել է, բայց ինչ-որ բաներ հիշո՞ւմ եք։
– Պապիկը, իհարկե, ոչ թե՝ որպես թոռ, այլ՝ որպես հայ՝ կարող եմ ասել, որ հսկա է։ Հսկա գրականություն է ստեղծել և թողել է գրական մեծ ժառանգություն։ 3-րդ անգամ գալով Հայաստան՝ ասաց՝ գիտեմ, որ պետք է հանգչեմ այնտեղ։ Չտեսավ իր գրքերը հրատարակված, կամ տեսավ աղավաղված։ Գրողը ոչ թե տեսնում էր իր վեպն ու ուրախանում, այլ հակառակը՝ վեպը տեսնում էր հրատարակված և հուսահատվում էր։ Ինչքան ահավոր երևույթ է։ Հիշում եմ, որ ապրում էինք նույն շենքի տարբեր հարկերում։ Իմ պարտականություններից էր պապիկին ճաշ տանելը, կեղտոտ հագուստը բերելը, որ մայրիկը լվա։ Մեծ հեղինակություն վայելող մարդ էր։ Որ նայում էիր իրեն, ոնց որ մի թագավոր գնար, ում հետ պետք է զգույշ լինես, հարգես, սիրալիր լինես…
Աբովյան փողոցում որ գլխարկով, փայտով գնում էր, բոլորը շրջվում էին… Երևանյան երևույթ էր։
– Իր «Նավը լեռան վրա» վեպում, երբ Առաջին Հանրապետության իրադարձություններն է ներկայացնում, գլխավոր հերոսը վերադառնում է Հայրենիք։ Մեր օրերում արտերկրում ապրող երիտասարդների մտածելակերպն ինչպիսի՞ն է։
– Կան մի շարք կենտրոններ, որոնք հայոց պատմության կրողն ու փոխանցողն են, բայց դժվարությամբ են հայերին հավաքում այդ կենտրոնների շուրջ։ Եթե տարեվերջին լինում է ընթրիք, բավականին շատ գալիս են, սակայն, եթե մշակութային ծրագիր է, գիրք պետք է ներկայացնենք կամ ճարտարապետության պատմության մասին խոսենք, ավելի շատ իտալացիներ են գալիս, քան հայեր․ իրականությունը սա է։
Երբ 7 տարեկան էի, հայրս որոշեց հետևել պապիս՝ Կոստան Զարյանին, ու գալ Երևան։ 4 զավակներին վերցրեց ու եկավ։ Մենք հայերեն ոչ մի տառ չգիտեինք։ Ես հակառակն արեցի՝ ընտանիքիս տարա Իտալիա։ Արտասահմանում հայությունը պահելը բարդ է, բայց իմ պարագայում առանց Հայաստանի չեմ կարող ապրել, չի ստացվում։ Այստեղ իմ հողն է, պատմությունը, ուստի ամեն տարի գալիս եմ։ Ես ունեմ մայրենիք ու հայրենիք։ Մայրենիքն այն հողն է, որը ինձ կյանք է տվել, որտեղ ծնվել եմ, արել առաջին քայլերը, իսկ Հայրենիքն այն տեղն է, որտեղ իմ հոգին ու սիրտն է։
– Հայաստանի ո՞ր անկյունում եք նախընտրում հանգստանալ։ Կարծես՝ ոչ Երևանում։
– Չէ, Երևանում ստիպված եմ լինել, որովհետև օդանավակայանն այստեղ է, հանդիպումները՝ ևս, բայց դրանք հենց վերջացնում եմ՝ ամենալավ պահն է, գնում եմ իմ դաշտ․․․ նկատի ունեմ մարզերը։
– Ո՞ր եկեղեցին է ճարտարապետական լուծումներով և որմնանկարներով գերել Ձեզ։
– Դադիվանքը։ Վանքային համալիրն ու ամբողջ միջավայրը՝ բնապատկերը, անտառները, ձորը, Թարթառ գետը։ Այնտեղ օդում կուտակված հոգեկան էներգիա կա։ Եկեղեցու որմնանկարներից մեկը պատկերում է Նիկողայոս հրաշագործի հայրապետական ընծայման տեսարանը։ Նիկողայոս սքանչելագործը միջազգային ճանաչում ունեցող սուրբ է եղել, ձգում էր ժամանակին շատ մարդկանց, ովքեր առողջական խնդիրներ ունեին։ Գալիս էին եկեղեցի, նայում որմնանկարին։ Շատ գեղեցիկ է։
Մանրամասները՝ տեսանյութում։