
Սահմանվել են մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները

Կառավարությունը սահմանել է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները:
Մասնավորապես` սահմանվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերի տարածքներում գտնվող մաքսային հսկողության գոտիներում, որտեղ սահմանված է և գործում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը հսկվում և կարգավորվում է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի համապատասխան որոշմամբ:
Վերոնշյալ մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության այլ գոտիներում ապրանքների, տրանսպորտային միջոցների, անձանց մուտքը, ելքը, տեղաշարժը իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ՝ դրա համար նախատեսված եղանակով, ընթացակարգերով և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում:
Գոտիներում երրորդ անձանց մուտքը, գտնվելը պետք է ունենա բացառապես հայտարարագրման, բացթողնման և (կամ) մաքսային հսկողության շրջանակներում մաքսային կամ այլ գործառնությունների իրականացմանը մասնակցության, կամ դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման նպատակ և պատճառաբանություն, և առանց այդ նպատակի երրորդ անձանց մուտքը, գտնվելը նշված գոտիներում արգելվում է: