
«Թե՛ Բաքվի, թե՛ Երևանի բանտերում հայերը զրկված են իրավունքներից». վաղը կհրապարակվի Նարեկ Մալյանի վերաբերյալ վերդիկտը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, ընթացավ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով վերջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ու անհնազանդության խաղաղ ակցիաների օրերին՝ սեպտեմբերի 20-ին: Նարեկ Մալյանն անազատության մեջ է հենց այդ օրվանից: Նրա հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ փակ է:
Նարեկ Մալյանը դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից կալանավորվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ ՔՊ-ականների նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու և քարոզելու հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդված՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի)։ Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ նրա ֆեյսբուքյան «լայվն» է։
Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել է. «Ինչ արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։
Ավելին, ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ՝ ձերբակալման առաջին օրը, Նարեկ Մալյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ես, օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընձեռված հնարավորությունից, հրաժարվում եմ ցուցմունք տալ այս գործի շրջանակներում և նաև ունեմ փոքրիկ հայտարարություն, որն անպայման կցանկանամ, որ արձանագրվի, նաև թղթային տեքստով արձանագրվի. Քրեական հետապնդումներն իմ նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդում ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցի կողմից, ովքեր 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անելով ՀՀ-ում, զավթեցին իշխանությունը՝ նպատակ ունենալով հանձնել Արցախի Հանրապետությունը, կազմակերպել Արցախի Հանրապետությունում էթնիկ զտումներ՝ հայերի զտումներ, և սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին Արցախը, ինչպես նաև Հայաստանի՝ արդեն որպես փաստ, որոշ հատվածներ, և սա դեռ, արձանագրենք, որ դեռ վերջը չի, և հարցը դեռևս վերջացած չի համարվում: Այսպիսով՝ ես արձանագրում եմ, որ այս քրեական վարույթը նպատակ ունի վախեցնել քաղաքացիներին, ինձ չէ, որովհետև ինձ անհնար է վախեցնել, իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն ադրբեջանա-թուրքական ցանցի դեմ: Այսքանը, շնորհակալություն»:
Նախորդ դատական նիստում Նարեկ Մալյանը հանդես էր գալիս վերջին խոսքով: Վերջինս նախ ասաց՝ երբ իրականացնում էր իր տխչահռչակ ուղիղ եթերը, իր հայրենիքի մի կտորը ձեռքից գնում էր:
Նրա խոսքով՝ այս դահլիճում ի սկզբանե իրավաբանություն չի եղել, և յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ իրավաբանությունը դատական նիստերի այս դահլիճում բռնաբարվել է:
«Ես գիտեի, որ ինձ կալանավորելու են: Դեռևս հուլիս ամսին հորս, ընկերներիս, մտերմներիս ասել էի՝ ինձ կալանավորելու են: Արմեն Աշոտյանի կալանքից 10 օր առաջ գիտեի, որ նրան կալանավորելու են: Ինչևէ: Լայվը, որ ես արել էի, նպատակ ուներ իմ տեղորոշումը ցույց տալ մարդկանց»,- ասաց Նարեկ Մալյանը:
Նարեկ Մալյանը, սակայն, իր խոսքը չավարտեց: Երբ անդրադարձավ գլխավոր դատախազին, հանրային մեղադրողը միջամտեց, ապա վիճաբանություն սկսվեց, որին մասնակցեց նաև դատավորը, ինչից հետո վերջինս որոշեց՝ 5 րոպե ընդմիջումից հետո դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով. Դահլիճից բացականչություններ էր լսել:
Նկատենք, որ իր խոսքի սկզբում Նարեկ Մալյանն ասել էր՝ դատավորի համար անակնկալ ունի: Անակնկալը տեղի չունեցավ: Դատավորը կանխեց նրա հանրային խոսքի հնչեցումը: Արդեն դատական նիստի ավարտից հետո հայտնի դարձավ, որ Նարեկ Մալյանը հրաժարվել է միջադեպից հետո բարձրանալ նիստերի դահլիճ: Նիստը հետաձգվել էր, և այսօր արդեն Նարեկ Մալյանը կավարտի իր վերջին խոսքը:
Այսօրվա դատական նիստը սկսվեց Նարեկ Մալյանի՝ նախորդ նիստին ընդհատված եզրափակիչ ելույթով: Վերջինս ներկայացրեց այն արտառոց ապօրինությունները, որոնք տեղի էին ունեցել թե՛ նախաքննության փուլում, և թե՛ իր կալանքի նիստի ժամանակ, որոնք կատարվել էին դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից:
«Ես այդ օրը 3 լայվ եմ արել՝ 11, 24 վայրկյան և 15 րոպե 22 վայրկյան տևողությամբ: А теперь внимание, вопрос! Ի՞նչ դիսկ է գնացել փորձաքննության, եթե դիսկի մեջ 5 րոպե 10 վայրկյանանոց տեսանյութ է: Ո՞վ է էդ մարդը, ով որ իմ լայվը ներբեռնել է, ապօրինաբար մոնտաժել չգիտեմ ինչ նպատակներով: Ո՞վ է այդ անհայտ մարդը: Մենք այստեղ ենք, որ բոլոր հարցերի պատասխանները ստանանք: Մենք ունե՞նք այդ հարցի պատասխանը»,- ասաց Նարեկ Մալյանը:
Վերջինս նշեց՝ ինքն իր ինքնապահպանման բնազդն ամբողջովին անջատել է, որևէ մեկից ոչինչ չի խնդրելու:
«Ինչ ուզում եք, արեք: Մեր դատաիրավական համակարգն ունի 3 ռեժիմ՝ քրեական հանցագործ, քաղաքական բանտարկյալ և պատժված ուսապարկ»,- հայտարարեց Նարեկ Մալյանը:
Հաջորդիվ վերջինս ներկայացրեց քաղաքական ռեպրեսիաների երեք մակարդակները:
«Այն դատավորը, որն իր կնիքով վավերացնում է այս ապօրինությունները, դառնում է դրանց միակ պատասխանատուն»,- ասաց Մալյանը:
Հաջորդիվ հանդես եկավ հանրային մեղադրողը, ապա՝ Մալյանի պաշտպանները: Տիգրան Աթանեսյանը, մասնավորապես անդրադառնալով դատախազի խոսքին, ասաց. «Զգո՛ւյշ եղեք Ձեզ՝ իրավաբան, իսկ ինձ՝ պատմաբան համարելուց. Դուք Ձեր ճառում օգտագործել եք չհետազոտված փաստաթուղթ»:
Ռուբեն Մելիքյանն էլ նշեց՝ եթե հիմնավոր կասկածը 7 անգամ ավելի հիմնավոր չէ, մարդը պիտի արդարացվի:
Եզրափակիչ հայտարարության իր իրավունքից օգտվելով՝ Նարեկ Մալյանը բերեց ատելության խոսքի այն բազմաթիվ օրինակները, որոնք Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի կողմից հնչել են ընդդիմադիրների հասցեին:
««Ասֆալտին փռել, բորդյուր կերցնել, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». սրա համար մարդ չի դատվել»,- ասաց նա:
Նա կրկին հիշեցրեց՝ ինքը պախարակել է դավաճանությունը ու դա անելու է միշտ:
«Արդյո՞ք ՔՊ կուսակցության քաղաքական հայացքը դավաճանությունն է: Ես պատրաստ եմ այդ հարցի պատասխանը ստանալ անգամ մեղադրական վերդիկտի տեսքով: 6 տարի է՝ մարդիկ իշխում են մեզ, այդպես էլ չիմացանք՝ որն է այդ կուսակցության քաղաքական հայացքը: Եթե դատարանը կայացնի մեղադրական վերդիկտ, ապա մենք կունենանք պաշտոնական կնիքով հաստատված իրողություն առ այն, որ ՔՊ կուսակցության քաղաքական հայացքը դավաճանությունն է»,- ասաց Նարեկ Մալյանը:
Վերջինիս խոսքով՝ եթե իր փոխարեն այստեղ ադրբեջանցի դիվերսանտ լիներ, նա վաղուց ազատ արձակված կլիներ:
«Թե Բաքվի, թե Երևանի բանտերում հայերը զրկված են իրավունքներից: Եթե իմ փոխարեն ադրբեջանցի դիվերսանտ լիներ, ՄԻՊ-ը կայցելեր, կհետաքրքրվեր նրա առողջությամբ: Իմ պարագայում ես ՄԻՊ-ի համար չկամ»,- ասաց նա:
Նարեկ Մալյանի խոսքից հետո դատավորը հայտնեց, որ վերդիկտը կհնչեցվի վաղը՝ ժամը 14:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: